Ուղղափառները կաղոթեն Սուրբ Սոֆիայում (?)
Սեպտեմբերի 17-ին հունական ծագումով ամերիկացի ազդեցիկ գործարար և քաղաքական գործիչ Քրիս Սփիրուի գլխավորությամբ մի խումբ ուղղափառներ պատրաստվում են այցելել Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճար` այնտեղ աղոթելու և պատարագ մատուցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Haberturk-ը:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ակտիվ գործիչ, Նյու Հեմփշիրի նախկին նահանգապետ և մեծահարուստ Քրիս Սփիրուն, որը, միևնույն ժամանակ, «Ազատ Սուրբ Սոֆիա» միջազգային կազմակերպության նախագահն է, Սուրբ Սոֆիայում պատարագ մատուցելու առնչությամբ ոչ մի թույլտվություն չի վերցրել թուրքական իշխանություններից: Փոխարենը, Սփիրուն նամակ է գրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Թուրքիայի կրոնական հարցերով վարչության ղեկավար Ալի Բարդաքօղլուին և նրանց, ինչպես նաև մի շարք այլ բարձրաստիճան թուրք պաշտոնյաների հրավիրել պատարագի արարողությանը:
Քրիս Սփիրուն 2005թ. ստեղծել է «Ազատ Սուրբ Սոֆիա» միջազգային կազմակերպությունը, որի նպատակն է իր նախկին կարգավիճակին վերադարձնել նախ մզկիթի, իսկ այնուհետև թանգարանի վերածված Սուրբ Սոֆիան:
Պաշտոնական Անկարան առայժմ որևէ կերպ չի մեկնաբանել Քրիս Սփիրուի նախաձեռնությունը: Սակայն, մտաբերելով 2006թ. Սուրբ Սոֆիայի տաճարում տեղի ունեցած միջադեպը, դժվար չէ կանխատեսել, թե ինչպիսի հետևանքեր կարող է ունենալ Սփիրուի նման համարձակ քայլը:
2006թ. նոյեմբերին թուրքական «Մեծ միասնություն» ազգայնական կուսակցության 39 անդամներ Ստամբուլում գրավել էին Սուրբ Սոֆիայի տաճարը` ի նշան բողոքի ընդդեմ Հռոմի Բենեդիկտոս 16-րդ Պապի Թուրքիա կատարելիք այցի: Տաճար ներխուժելուց հետո ազգայնականները նախ նամազ էին արել, ապա սկսել էին վանկարկել կարգախոսներ՝ Պապի առաջիկա այցի դեմ:
Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ թուրք իրավապահներն արգելել էին «Հայ ասպետ» հեռուստամրցույթի հաղթող թիմի անդամներին մոմ վառել, խունկ ծխել և աղոթք անել Աղթամարի սուրբ խաչ եկեղեցում։
Աղբյուրը` ԹԵՐԹ.am
Հոդվածի գրանշումներ (tags)` Aya Sofya, Greek prayers, Konstantinoupolis, pray in Saint Sofia, returning Saint Sophia, Saint Sofia, St Sophia, Ազատ Սուրբ Սոֆիա, հույն ուղղափառներ, Սուրբ Սոֆիա, Ստամբուլ, Քրիս Սփիրու
Թողեք Ձեր մեկնաբանությունը՝
Հոդվածի դիտումների քանակը` 5,562



