Կոսովոյի վերաբերյալ դատական որոշումը բացում է «Պանդորայի արկղը» Կովկասում
Կոսովոյի վերաբերյալ դատական որոշումը բացում է «Պանդորայի արկղը» Կովկասում
Պետությունների եւ ինքնահռչակ հանրապետությունների կարծիքները ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի`Կոսովոյի անկախության հռչակման օրինականության որոշման վերաբերյալ բաժանվում են:
Կարինե Օհանյան, Շահին Ռզաեւ, Անահիտ Գոգորյան, Նինո Խարաձե, Կովկաս. Կովկասյան լրատու # 552, 30-ը հուլիսի, 2010թ.
Հարավային Կովկասի քաղաքական շրջանակներին ապշեցրել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ)`Կոսովոյի անկախության հռչակման օրինականության վերաբերյալ ընդունած որոշումը, իսկ վերլուծաբաններից մեկի խոսքերով` այս որոշմամբ անհանգիստ տարածաշրջանում բացվել է «Պանդորայի արկղը»:
Քարտեզների մեծամասնության համաձայն`Հարավային Կովկասում ընդամենը երեք պետություն կա: Սակայն դրանց գումարվում են եւս 3 ինքնահռչակ պետություններ, որոնք բոլորը մեծամասամբ կամ ընդհանրապես չեն ճանաչվել արտաքին ուժերի կողմից:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի`Սերբիայի դիմումի վրա հիմնավորված պահանջով` Հաագայի միջազգային դատարանը պետք է որոշում կայացներ`արդյո՞ք «2008թ.-ին Կոսովոյի ժամանակավոր կառավարության`անկախության վերաբերյալ հայտարարությունը համապատասխանում էր միջազգային իրավունքին: Հուլիսի 22-ին դատարանը որոշում ընդունեց, որի համաձայն`անկախության հռչակմամբ «միջազգային իրավունքի խախտում չի արձանագրվել»»:
Դատարանի այս որոշումը մեծ գոհունակություն է պատճառել Վրաստանից անկախություն պահանջող Աբխազիայի եւ Հարավային Օսիայի իշխանություններին, ինչպես նաեւ հայկական կառավարություն ունեցող, սակայն միջազգայնորեն Ադրբեջանի մասը համարվող Լեռնային Ղարաբաղին:
Սերբիայի նման, որը պնդում է, թե Կոսովոն շարունակում է օրինականորեն իր տարածքի մի մասը համարվել, Վրաստանը եւ Ադրբեջանն ամենեւին էլ երջանիկ չեն այս որոշման կապակցությամբ:
«Չէի ասի, թե Հաագայի դատարանի որոշման պատճառով տարածքային ամբողջականության սկզբունքը երկրորդ պլան է մղվել, սակայն փաստ է, որ այս որոշման շնորհիվ «Պանդորայի արկղը» բացվել է: Այժմ բոլոր տեսակի անջատականները կկառչեն այս որոշումից», – նշում է ադրբեջանցի ազդեցիկ քաղաքական վերլուծաբան եւ լրագրող Ռասիմ Մուսաբեկովը:
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հատկապես շեշտել էր, որ այս որոշումը վերաբերվում է միայն Կոսովոյի անկախության հռչակմանը եւ ոչ անկախության խնդրին որպես այդպիսին: Բացի այդ, դատարանի որոշումը կիրառվում էր ոչ թե աշխարհի այլ տարածաշրջանների նկատմամբ, այլ միայն Սերբիայի նախկին շրջանի:
Այնուամենայնիվ, այս որոշման նկատմամբ արձագանքը Ղարաբաղում, որը դուրս էր եկել Բաքվի վերահսկողությունից հետխորհրդային արյունալի պատերազմի ժամանակ, գերազանցեց Մուսաբեկովի կանխատեսումները:
«Այս որոշումը խիստ կարեւոր է իրավական, քաղաքական եւ բարոյական տեսանկյունից. այն նախադեպի նշանակություն ունի եւ չի կարող սահմանափակվել միայն Կոսովոյի օրինակով», – նշվում է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւս այն համոզմունքին է, որ այս նախադեպը պետք է կիրառվի նաեւ Ղարաբաղի նկատմամբ. «Մենք շարունակում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված մեր գործունեությունը, սակայն արդեն նոր քաղաքական իրադրության շրջանակներում, եւ մեր կյանքում նոր զարգացումներ կլինեն»:
Իրադրությունն Աբխազիայում եւ Հարավային Օսիայում:
Երկու երկրամասերի անջատական ուժերը հաղթանակ են տարել վրացական զինված ուժերի նկատմամբ վաղ հետխորհրդային տարիներին եւ իրենց անկախ հայտարարել: Նրանց ինքնիշխանության հավակնությունները հիմնականում անտեսվում էին մինչեւ 2008 թվականը, երբ Ռուսաստանը խափանեց Հարավային Օսիայի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու Վրաստանի փորձերը, իսկ այնուհետեւ անակնկալ մատուցեց աշխարհին`ճանաչելով երկու տարածքների անկախությունը:
Մոսկվայի օրինակին առ այսօր ընդամենը երեք երկիր է հետեւել: Անցյալ ամսին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտպանել է վրացական կողմի դիրքորոշումը`Աբխազիան եւ Հարավային Օսիան «բռնազավթված» անվանելով:
Այժմ երկու հանրապետությունների կառավարությունները հույս ունեն, որ ԱՄԴ-ի որոշումը կդրդի այլ երկներին եւս ճանաչել իրենց անկախությունը:
Աբխազիայի վարչապետ Սերգեյ Շամբան, սակայն, ընդունում է, որ այս նախադեպը կարող է միջազգայնորեն չընդունվել:
«Հաշվի առնելով Արեւմուտքի վարած երկակի ստանդարտների քաղաքականությունը` համոզված չեմ, որ եթե Աբխազիան դիմեր Հաագայի դատարան, ապա նույնպիսի որոշում կընդունվեր: Եւ սա չնայած այն փաստին, որ մեր ճանաչման օգտին ոչ պակաս [եթե ոչ ավելի] պատմական, իրավական եւ բարոյական հիմքեր եւ փաստարկներ կան», – նշում է Շամբան:
Այժմ ԱՄԴ-ի որոշումը պետք է քննարկվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, եւ Հարավային Օսիայի քաղաքական շրջանակները հույս ունեն, որ անկախության իրենց հավակնությունները եւս կբարձրացվեն այստեղ:
«Չնայած Միջազգային դատարանի որոշումը միայն խորհրդակցական բնույթ ունի, այն համապատասխան նախադեպ է ստեղծել միջազգային իրավունքում», – մեջբերում է հարավօսական պետական լրատվական «Res» գործակալությունը փոխարտգործնախարար Կազբուլաթ Ցխովրեբովի խոսքերը:
«Իմ կարծիքով`այս որոշումը կարող է դիտվել որպես Կոսովոյի անկախության անուղղակի ճանաչում եւ կստիպի այլ երկներին ճանաչել այն: Կուզենայի հուսալ, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության հռչակումները նույնպես կքննարկվեն Միացյալ Ազգերի Կազմակերպության շրջանակներում, եւ մեզ նույնպես հնարավորություն կտրվի ապացուցել, որ Հարավային Օսիայի անկախության հռչակումը չի խախտում միջազգային իրավունքի չափանիշները»:
Թբիլիսիի քաղաքական շրջանակները, սակայն, ընդհանրապես բացառում են սա`նշելով, որ Կոսովոյի իրադրության եւ իրենց սեփական անջատական տարածքների միջեւ ընդհանուր եզրեր չկան: Նրանք պնդում են, որ Աբխազիայից եւ Հարավային Օսիայից տեղահանված հարյուր հազարավոր վրացիները պետք է իրավունք ունենան վերադառնալ իրենց տները նախքան հակամարտությունների լուծումը:
Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ակակի Մինաշվիլին ասում է. «Սրանք միանգամայն իրար հակասող իրադրություններ են: Կոսովոյում միջազգային հանրությունը միջամտեց, որպեսզի դադարեցնի Միլոշեւիչի ռեժիմի էթնիկական մաքրումներն ալբանացիների նկատմամբ: Մեր դեպքում, Ռուսաստանի Դաշնությունը եւ բռնազավթող զինված ուժերն էթնիկական մաքրումներ իրականացրին վրացիների նկատմամբ»:
Ըստ Մինաշվիլու`ԱՄԴ-ի որոշման մեջ նշվում է, որ անցյալում Անվտանգության խորհուրդը դատապարտում էր անկախության այլ հռչակումներն այն պատճառով, որ դրանք զինված ուժերի ապօրինի կիրառման կամ միջազգային իրավունքի այլ կոպիտ խախտումների արդյունք էին:
«Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը`էթնիկական մաքրումները եւ սահմանների փոփոխությունն օրինականացնելու համար», – համոզված է նա:
Եթե Կովկասում կողմերը հստակ դիրքորոշում ունեին ԱՄԴ-ի որոշման վերաբերյալ`համապատասխանաբար այն որպես նախադեպ ողջունելով կամ հերքելով դրա կիրառումն իրենց դեպքում, ապա Մոսկվան, կարծես, բարդ իրավիճակում էր հայտնվել:
Մի կողմից, Ռուսաստանն ընդհանուր առմամբ պահպանել է տարածքային ամբողջականության սկզբունքը`այսպիսով արդարացնելով իր վարած պատերազմները Չեչնիայում եւ պաշտպանելով դաշնակից Սերբիայի հավակնությունները Կոսովոյի նկատմամբ: Մյուս կողմից, այն ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի`Վրաստանի տարածքից դուրս գալու իրավունքը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության զգուշավոր հայտարարության մեջ, Աբխազիան եւ Հարավային Օսիան շրջանցելով, միայն նշվում էր. «Մեր դիրքորոշումը Կոսովոյի վերաբերյալ մնում է անփոփոխ»:
Հայտարարությունը պնդում է, որ ԱՄԴ-ի որոշումը վերաբերվում է միայն Կոսովոյի անկախության հռչակման օրինականությանը, եւ որ այնտեղ «հատկապես շեշտվել է, որ Կոսովոյի`Սերբիայից միակողմանիորեն անջատվելու իրավունքի վերաբերյալ առավել գլոբալ խնդիրը չի դիտարկվել»:
Նման հանգամանքներում, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման հավանաբար ամենաիրատեսական գնահատականը տվել է Ստեփանակերտի 68-ամյա բնակիչ Ալֆրեդ Գրիգորյանը, ով մասնագիտությամբ տաքսու վարորդ է: Նա հստակ գիտակցում է Հարավային Կովկասի եւ Բալկանների միջեւ եղած տարբերությունը.
«Եթե մենք էլ Եվրոպայի տարածքում լինեինք, մեզ էլ կճանաչեին: Իսկ այս դեպքում, մեր հակամարտությամբ միայն մենք ենք հետաքրքրված եւ պետք է պայքարենք մեր անկախության միջազգային ճանաչման համար, ինչպես պայքարել ենք հենց անկախության համար»:
Կարինե Օհանյանն ազատ լրագրող է Ստեփանակերտում, Շահին Ռզաեւը IWPR-ի Ադրբեջանի գրասենյակի տնօրենն է, Անահիտ Գոգորյանը «Չեգեմսկայա պրավդա» թերթի թղթակիցն է Սուխումում, Նինո Խարաձեն «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցն է Թբիլիսիում:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)
| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 3,069









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.