IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Օրվա լուսանկարը

Ադրբեջանական ընդդիմությունը վերջապես միավորում է ուժերը




Ընդդիմության առաջնորդները հույս ունեն, որ միասին նրանք մրցելու ավելի մեծ հնարավորություններ կունենան իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության հետ:

Սամիրա Ահմեդբեյլի, Սաբուհի Մամեդլի, Կովկաս, Կովկասյան լրատու # 551 23-ը հուլիսի, 2010թ.

Ադրբեջանական ընդդիմադիր ուժերը միավորվում ենԱդրբեջանի երկու գլխավոր ընդդիմադիր ուժերը, որոնց այնքան հաճախ էին վիճում միմյանց հետ, որքան եւ պայքարում կառավարության դեմ, վերջապես համաձայնվել են միավորել ուժերը:

Քաղաքական ասպարեզի վետերան Իսա Ղամբարը`Խորհրդային Միությունից անկախացման շարժման գլխավոր դերակատարներից մեկը, առաջարկել է, որպեսզի նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո իր կուսակցությունը`«Մուսավաթ»-ը, միավորի ուժերը «Ազգային ճակատ»-ի հետ:

«Ազգային ճակատ»-ի`hուլիսի 15-ին կայացած հանդիպման ժամանակ խոսելով`Ղամբարը հայտարարել էր, որ կթողնի «Մուսավաթ»-ի առաջնորդի պաշտոնը, սակայն կցանկանար, որպեսզի նոր կուսակցությունն այդ անվան տակ հանդես գա:
Մրցակից կուսակցության ակտիվիստները հավանություն են տվել նրա ժեստին, սակայն անկախ վերլուծաբաններն այն կարծիքին են, որ կառավարության դիրքերը ներկայում այնքան ամուր են, որ նույնիսկ միավորված ընդդիմությունը հազիվ կարողանա դրանք սասանել:

«Ես խիստ դրական եմ վերաբերվում Իսա Ղամբարի`մեկ կուսակցության շարքերում միավորվելու առաջարկին: Այժմ սա ավելի իրատեսական է, քան անցյալում: Նախկինում կային հարցեր, որոնք մեզ ե´ւ միավորում էին, ե´ւ բաժանում: Դժբախտաբար, 2005-ի խորհրդարանական ընտրություններից հետո մեր դիրքորոշումները տարբեր էին, սակայն այսօր իրադրությունն այլ է: Կարեւորն այն է, որ մենք նույն արմատներն ունենք եւ կիսում ենք նույն գաղափարները», – նշում է «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին:
Ղամբարն իր հերթին նկատել է, որ ընդդիմության`միաբանված չլինելը չի նշանակում, որ այն թույլ է:
«Այլապես ինչո՞ւ պետք է կառավարությունը սահմանափակեր մեր ազատությունը եւ հնարավորությունները», – հարց է տալիս նա:

Երկու կուսակցություններն էլ ստեղծվել են ուշ 80-ականների ազգային շարժման ալիքի վրա, չնայած նրանք իրենց ակունքները կապում են 1917թ. ռուսական հեղափոխությունից հետո կարճ կյանք ունեցած անկախ Ադրբեջանի գոյության հետ:

Ադրբեջանի «Ազգային ճակատ» եւ «Մուսավաթ» կուսակցությունները օտարացան 1991 թվականից`երկրի անկախության ձեռքբերմանը հաջորդած տարիներին. այս օտարացումը պահպանվեց նույնիսկ ընտրությունների ժամանակ նրանց համագործակցության ընթացքում եւ չնայած այն հանգամանքին, որ երկուսն էլ ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւի հակառակորդներն են:

Նրանց միջեւ եղած տարբերությունները թուլացրել են Ալիեւի վարչակարգին դիմադրելու ներուժը: Վերլուծաբանների խոսքերով`առաջարկված միացյալ կուսակցությունը կարող է նշանակալիորեն ավելի հզոր լինել եւ միավորել հասարակության ավելի լայն շերտերի, որոնք դեմ են ներկայիս կառավարությանը:

«Հանուն Ադրբեջանի» հասարակական ֆորումի ղեկավար Էլդար Նամազովն ասում է. «Նրանք 2005-ի խորհրդարանական ընտրություններին միասնական բլոկով հանդես եկան եւ լավ արդյունքներ ցույց տվեցին, չնայած իշխանությունները կարողացան արդյունքներն իրենց օգտին գրանցել: Կարծում եմ`քաղաքականության եւ ընդհանուր սոցիալական հիմքերի վրա միավորվող կուսակցությունները միասին կկարողանան ավելի արդյունավետ պայքարել, քան առանձին»:

Ընդդիմության ակտիվիստները մշտապես բողոքում են, որ կառավարությունն օգտագործել է իշխանությունը`վերջին ընտրությունների ժամանակ իրենց խանգարելու նպատակով, եւ միջազգային դիտորդները հակված են համաձայնվելու նրանց հետ:

2003 թվականի նախագահական ընտրություններից հետո, որոնց ժամանակ «Մուսավաթ»-ը եւ «Ազգային ճակատ»-ը մրցող թեկնածուների առաջադրեցին, եւ Ալիեւը ջախջախիչ հաղթանակ տարավ`հավաքելով ձայների 76 տոկոսն ընդդեմ Ղամբարի 14%-ի, ընդդիմության կողմնակիցները լայնամասշտաբ փողոցային ցույցեր կազմակերպեցին:
«Իլհամ Ալիեւը տեսավ ընդդիմության ուժը 2003-ի ընտրությունների ժամանակ: Իսա Ղամբարը փաստացիորեն հաղթել էր… Ելքային հարցումների (exit polls) մեծ մասը ցույց է տվել, որ նա էր հավաքել ձայների մեծամասնությունը: Ընտրատեղամասերում կատարված մասսայական կեղծումների պատճառով, մարդիկ փողոց դուրս եկան, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեն: Իսկ իշխանությունները ցուցարարների նկատմամբ ուժ գործադրեցին», – վստահ է «Մուսավաթ»-ի ակտիվիստ Արիֆ Հաջիլին:

Նույնպիսի բողոքներ հնչեցին նաեւ դրանց հաջորդող ընտրությունների ժամանակ: Վերջին`2005թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցած մոտ 40 ընդդիմադիր թեկնածուներ կեղծումների վերաբերյալ իրենց բողոքները ներկայացրել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Առ այսօր դատարան դիմողներից վեցը շահել են իրենց գործերը եւ փոխհատուցում ստացել:

Այնուամենայնիվ, «Ադրբեջանի ընտրությունների մոնիթորինգի կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության գործադիր տնօրեն Անար Մամեդլին կասկածում է, թե նույնիսկ միավորված ընդդիմությունը կկարողանա նշանակալի առաջխաղացում ունենալ այս տարվա նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
«Վերջին հինգ տարիների ընթացքում շատ բան դեպի վատն է փոխվել: Մարդիկ ընդհանրապես կորցրել են հավատն արդար ընտրությունների նկատմամբ, իսկ խոսքի ազատության իրավիճակն ավելի վատ է, քան 2005-ին: Քաղաքական խմբերը չեն կարողանում կազմակերպել գործողությունները, իսկ մամուլը փակուղում է հայտնվել: Նման հանգամանքներում մեծ ընդդիմադիր բլոկների ձեւավորումը պետք է ողջունելի լինի, սակայն, դժբախտաբար, նրանք նշանակալիորեն չեն փոխի քաղաքական իրադրությունը», – նշում է նա:

Քաղաքական ասպարեզում իշխող դիրքեր ունեցող կառավարական «Նոր Ադրբեջան» կուսակցությունը հայտարարել է, որ չի անհանգստանում միավորված ընդդիմության հետ պայքարի հեռանկարից`ենթադրելով, որ նոր քաղաքական շարժման գաղափարն արտասահմանյան արմատներ ունի:

«Չի կարելի բացառել, որ միավորման գաղափարն արտասահմանում է առաջ եկել», – նշել է կուսակցության փոխնախագահ Ալի Ահմադովը:

«Ազային Ճակատ»-ի ակտիվիստ Ռահիմ Հաջիլին իր հերթին մեղադրում է «Նոր Ադրբեջան» կուսակցությանն ընդդիմությանը վատաբանելու փորձի մեջ. նրա կարծիքով` այսպես կուսակցությունը ցանկանում է թաքցնել իր անհանգստությունը իրադարձությունների զարգացման վերաբերյալ:
«Չպետք է զարմանալ Ահմադովի դիտողությունների վրա: Ադրբեջանի կառավարությանը վերջերս ավելի մեծ ճնշման է ենթարկվում Արեւմուտքի եւ Եվրոպայի կողմից: Այն արդեն իսկ գիտակցում է, որ միջազգային հանրության հետ հարաբերությունները չեն կարող հիմնվել միայն էներգետիկ շահերի վրա: Ժողովրդավարացման վերաբերյալ պահանջները ավելի քան երբեւէ կտրուկ կլինեն», – համոզված է նա:

Հաջիլին կանխագուշակում է, որ բարեփոխումների վերաբերյալ Արեւմուտքի գործադրած ճնշումը կարող է հանգեցնել Ալիեւի վարչակարգի եւ Մոսկվայի մերձեցմանը, մինչդեռ ժողովրդավարության վերաբերյալ ընդդիմության պահանջները կներկայացվեն այնպես, ասես դրանք արտասահմանյան արմատներ ունեն:
«Նրանք կպնդեն, որ ադրբեջանական ընդդիմությունը անկախ չէ եւ խաղալիք է արտաքին ուժերի ձեռքերում: Սակայն ընդդիմությունը սեփական գլուխ ունի ուսերին», – հայտարարել է նա:

Սամիրա Ահմեդբեյլին IWPR-ի թղթակիցն է: Սաբուհի Մամեդլին «Ազադլիգ» թերթի թղթակիցն է: Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 1,876

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>