Հարավային Օսիա. էթնիկ վրացիները մտահոգված են նոր անձնագրերի կապակցությամբ
2008-ի պատերազմի ժամանակ Հարավային Օսիայի կողմից բռնազավթված տարածքների բնակիչներից պահանջել են հրաժարվել վրացական անձնագրերից եւ նորերը ստանալ:
Աննա Կանդելակի, Կովկաս. Կովկասյան լրատու # 546, 11-ը հունիսի, 2010թ.
2008-ի հակամարտության ժամանակ Հարավային Օսիայի վերահսկողության տակ անցած Ախալգորի շրջանի էթնիկական վրացիները վախենում են, որ նոր օրենքները, որոնց համաձայն` իրենք պետք է տեղական անձնագրեր ստանան, կարող են բարդացնել Վրաստան գնալը:
Տեղական իշխանությունները պնդում են, որ բոլոր բնակիչները պետք է հարավօսական անձնագրեր ստանալու համար դիմեն: Նրանք նաեւ քննարկում են Վրաստան կատարվող բոլոր տեսակի ճանապարհորդությունների վրա հարկերի սահմանումը:
2008-ի օգոստոսին ռուսական զինված ուժերը կանգնեցրին Վրաստանի`Հարավային Օսիայի նկատմամբ վերահսկողության վերականգնման փորձը, որից հետո Մոսկվան երկրամասը որպես անկախ պետություն ճանաչեց:
Նախքան Հարավային Օսիայի զինված ուժերի կողմից բռնազավթելը, Ախալգորիի բնակչությունը կազմում էր 5500 մարդ, որոնց ջախջախիչ մեծամասնությունը էթնիկական վրացիներ էին: Այժմ այստեղ միայն 1000 մարդ է մնացել, իսկ մնացածները ներկայում փախստականի կարգավիճակով ապրում են Թբիլիսիի մոտ գտնվող Ցերովանի գյուղում:
Միայն Ախալգորիում գրանցված բնակիչներին է թույլատրվում անցնել իրենց շրջանի սահմանագիծը: Նոր կանոնները նշանակալիորեն կբարդացնեն այս գործընթացը:
«Հարավային Օսիայի իշխանություններն արգելում են երկքաղաքացիությունը, իսկ նրանք, ովքեր ուզում են ապրել Ախալգորիում, պետք է հանձնեն իրենց վրացական անձնագրերը եւ նորերը ստանան», – նշել է շրջանում հարավօսական իշխանությունների ղեկավար Ալան Յուսոեւը «Լիբերալ» ամսագրին տրված հարցազրույցում:
Ի սկզբանե, անձնագրերը փոխելու համար սահմանված վերջնաժամկետը մայիսի 10-ն էր, որը, սակայն, երկարաձգվեց մինչեւ հունիսի 1-ը, իսկ այժմ հետաձգվել է անորոշ ժամկետով:
Շրջանի բնակիչներին մտահոգում է նաեւ գործընթացի ծախսատարությունը: Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալի անձնագրային ծառայության ղեկավար Սերգեյ Մարգիեւի խոսքերով`նոր փաստաթղթերը կարժենան 620 ռուբլի կամ մոտավորապես 20 դոլար:
Ախալգորիի բնակիչներին անհանգստացնող մյուս փոփոխությունը կապված է Հարավային Օսիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներ մուտք ու ելքի վրա հարկեր սահմանելու առաջարկությանը: Այս կանոնի ուժի մեջ մտնելու վերաբերյալ ժամկետ դեռ չի սահմանել, սակայն տեղացիներն ասում են, որ լսել են, թե Ախալգորիի սահմանի վրա եղած հարավօսական անցակետը հատելու համար 250 ռուբլի պետք է վճարեն:
«Ուտելիքի մեծ մասը Թբիլիսիում ենք գնում, այդ պատճառով ստիպված ենք անցնել վարչական սահմանն ամիսը մի քանի անգամ: Անցակետը վճարովի դարձնելը կբարդացնի տեղացիներից շատերի կյանքը», – ասում է Ախալգորիի երիտասարդական կենտրոնի ղեկավար Թամար Մեարակիշվիլին:
Մեարակիշվիլին հույս հայտնեց, որ նոր անձնագրերի վերաբերյալ եղած կանոնների պատճառով մարդիկ ստիպված չեն լինի լքել իրենց տները եւ նրանց թույլ կտրվի պահպանել իրենց վրացական փաստաթղթերը:
«Այստեղ մշտապես բնակվող մարդիկ այս անձնագրային համակարգից չեն վախենում: Մենք չափազանց շատ բաների միջով ենք անցել`այդ մասին անհանգստանալու համար: Ամենակարեւորն այն է, որ պատերազմ չկա: Բացի այդ, վերջնաժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է, եւ պարզ չէ, թե այն երբ կսկսվի: Մենք կզբաղվենք իրադրությամբ, երբ պահը գա, քանի որ միեւնույն է`չենք կարող ոչինչ փոխել»:
Միջազգային փորձագետները կոչ են արել Հարավային Օսիայի իշխանություններին թեթեւացնել տեղական վրացական բնակչության հոգսերը եւ երաշխավորել, որ նրանք ստիպված չեն լինի լքել իրենց տները:
Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ)`hունիսի 7-ին հրապարակած զեկույցում Ցխինվալին կոչ էր արվում «Ձեռնպահ մնալ Վրաստանի քաղաքացիների կամայական կալանքներից եւ նրանց տեղաշարժման ազատության իրավունքը խախտելուց, ազատել 2008-ի օգոստոսից ի վեր կալանքի տակ պահվողներին եւ համագործակցել միջազգային միջնորդների հետ անհայտ կորած եւ կալանավորված մարդկանց վերաբերյալ դեպքերի քննության ընթացքում»: Զեկույցում Հարավային Օսիային կոչ է արվում նաեւ «ճանաչել վրացի հարկադիր տեղահանվածների իրավունքները եւ աջակցել նրանց աստիճանական վերադարձին»:
Միեւնույն ժամանակ, վրացի վերլուծաբանները կոչ են անում սեփական կառավարությանը չխոչընդոտել հարավօսական անձնագրերի հանձնման գործընթացին, որպեսզի էթնիկական վրացական բնակչությունը մնա իր մշտական բնակության վայրում:
«Մենք պետք է թույլ տանք այս մարդկանց օգտագործել հարավօսական անձնագրերը վրացական տարածքում: Նրանք պետք է իրավունք ունենան օգտագործել այս փաստաթղթերը` Թբիլիսիում բժշկական օգնություն ստանալու եւ իրավական այլ խնդիրներ լուծելու համար: Նրանք գոնե պետք է իրավունք ունենան անցնել վարչական սահմանը: Մենք պետք է ընդունենք օսական համարանիշերով մեքենաները», – ասում է Թբիլիսիի Ազգայնականության եւ հակամարտությունների հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Պաատա Զախարեիշվիլին:
Այնուամենայնիվ, անհավանական է, որ Վրաստանի կառավարությունը նման լիբերալ մոտեցում կցուցաբերի:
Վրաստանի Վերաինտեգրման նախարար Թեմուր Յակոբաշվիլիի խոսքերով`կառավարությունը չի պատրաստվում օրինական ճանաչել հարավօսական անձնագրերը:
«Այդ անձնագրերն ավելի շուտ կատակ են հիշեցնում, քան իրական փաստաթղթեր, հատկապես եթե հաշվի առնենք, որ Հարավային Օսիայի բնակչության քանակը նշանակալիորեն նվազել է», – ասում է նա:
Հաշվի առնելով վրաց եւ հարավօսական իշխանությունների կեցվածքը`ՄՃԽ մյուս խորհուրդները, հավանաբար, անտեսված կմնան: ՄՃԽ-ը կոչ է արել բոլոր կողմերին`Վրաստանին, Հարավային Օսիային, Ռուսաստանին եւ միջազգային կառույցներին արագ միջոցներ ձեռնարկել «տեղական բնակչության, հումանիտար եւ զարգացման կազմակերպությունների`վարչական սահմանագիծը հատելն ապահովելու համար, ինչպես նաեւ սեփականության, վերադարձի եւ տնտեսական ազատության իրավունքները երաշխավորելու նպատակով»:
Սակայն հունիսի 8-ին Եվրոպական Միության, ԵԱՀԿ եւ ՄԱԿ-ի միջնորդությամբ Ժնեւում կայացած բանակցություններն անհաջողությամբ ավարտվեցին, երբ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ներկայացուցիչները դուրս եկան բանակցային գործընթացից`մեղադրելով վրացական կողմին իրենց մոտեցումն անտեսելու մեջ: Վրացիներն իրենց հերթին մեղադրում էին իրենց խոսքով`«Ռուսաստանի Դաշնության եւ նրա խամաճիկ ռեժիմների ապակառուցողական մոտեցումը»:
Յակոբաշվիլու խոսքերով`Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիի հետ համագործակցելու բոլոր փորձերը ոչինչ չեն տվել:
«Այս համատեքստում հումանիտար խնդիրների մասին խոսելն անիմաստ է, քանի որ դրանք քաղաքականացվում են: Գուցե Ճգնաժամային խումբը կսովորեցնի մեզ ընդհանուր լեզու գտնել Կոկոյտիի հետ: Նրա հետ նույնիսկ ռուսները չեն կարողանում լեզու գտնել», – դժգոհում է նա:
Աննա Կանդելակին ազատ լրագրող է Թբիլիսիում: Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)
Հոդվածի գրանշումներ (tags)` Caucasus, Georgia, Georgians in Ossetia, Ossetian problem, South Ossetia, Կովկաս, Հարավային Օսեթիա, Վրաստան, վրացիները Օսիայում, Օսական հիմնախնդիր| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 1,865








Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.