IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Օրվա լուսանկարը

Վրաստան. Սահակաշվիլուն մեղադրում են իշխանությունն իր ձեռքում պահելու փորձերում




Սահմանադրական փոփոխությունները Վրաստանում մտավախություններ են առաջացնում ընդդիմության շարքերում. նրանք կասկածում են, որ նախագահը ձգտում է ընդօրինակել Պուտինին:

Նաթիա Կուպրաշվիլի, Կովկաս
Կովկասյան լրատու # 544, 24-ը մայիսի, 2010թ.

SahakashviliԱնցյալ տարի ընդդիմադիր ցուցարարներին խաղաղեցնելու նպատակով ստեղծված հանձնաժողովն աջակցություն է ցուցաբերել սահմանադրական փոփոխություններին, որոնց շնորհիվ իշխանության մի մասը նախագահից կանցնի խորհրդարանին: Ընդդիմության առաջնորդները, սակայն, այս ամենի մեջ նախագահի`իշխանությունն իր ձեռքում պահելուն ուղղված քայլեր են տեսնում:

Նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ստեղծելով հանձնաժողովը, որը ներառում է մի շարք ընդդիմադիրների, փորձում էր մեղմել իր հակառակորդների դժգոհությունը իր կառավարման շրջանակների կապակցությամբ: Առաջարկված սահմանադրական բարեփոխումները պետք է որ բավարարեին ընդդիմության որոշ պահանջները, սակայն ներկայում լուրջ վերապահումներ են արտահայտվում այս կապակցությամբ:

Օրենքով`Սահակաշվիլին պարտավոր է թողնել նախագահի պաշտոնը 2013-ին, սակայն նրա քննադատներից ոմանք մտավախություններ ունեն, որ սահմանադրական փոփոխությունները թույլ կտան նրան հետեւել Ռուսաստանի նախկին նախագահ Վլադիմիր Պուտինի օրինակին. վերջինս իր նախագահության ավարտին կարողացավ պահել իր ձեռքում իշխանությունը`զբաղեցնելով վարչապետի պաշտոնը:

«Միխայիլ Սահակաշվիլին կմնա մեր տեսադաշտում վարչապետի կամ խորհրդարանի նախագահի պաշտոնում: Այսպես, թե այնպես, նա կփորձի մնալ իշխանության ակունքներում», – ասում է ընդդիմադիր «Քարթուլի դասի» միության առաջնորդ, խորհրդարանական Ջոնդի Բագատուրիան:

Սահմանադրական հանձնաժողովը քննարկել է եւս երկու հնարավոր բարեփոխումների նախագծերը. առաջինն առաջարկում էր փոխնախագահի պաշտոն ստեղծել, երկրորդը`երկիրը վերածել դաշնության`նախագահին ավելի լայն իշխանություն տրամադրելով: Այս երկու նախագծերն էլ հանձնաժողովը մերժել է:
Փոխարենը`այն հավանություն է տվել նախագահի իշխանության հաշվին խորհրդարանին եւ վարչապետին ավելի լայն լիազորություններ տրամադրելու ծրագրին:

Վրաստանի սահմանադրությունն ընդունվել է 1995թ. օգոստոսի 25-ին եւ արդեն մի քանի անգամ փոփոխությունների է ենթարկվել, որոնք բոլորն էլ ուղղված էին նախագահի իշխանության ամրապնդմանը: Ամենանշանակալի բարեփոխումները կատարվեցին 2003-ի Վարդերի հեղափոխությունից հետո, որի շնորհիվ Սահակաշվիլին իշխանության եկավ:

Հանրապետական կուսակցության ղեկավար Դավիթ Ուսուֆաշվիլին, ով Սահակաշվիլու դաշնակիցն էր Էդուարդ Շեւարնաձեին նախագահի պաշտոնից զրկած անարյուն հեղափոխության ժամանակ, անցավ ընդդիմության շարքերը հատկապես Սահակաշվիլու կատարած սահմանադրական փոփոխությունների պատճառով:
«Ի դեմս Շեւարնաձեի Վրաստանը հզոր եւ անպատասխանատու նախագահ ուներ: Սակայն այն ժամանակ երկրի ղեկավարը խորհրդարանի վրա ազդելու համար սահմանադրական լծակներ չուներ: Իսկ հեղափոխության մի քանի ամիսների ընթացքում`սահմանադրական լուրջ փոփոխություններից հետո, խորհրդարանը մասամբ կորցրեց իր գործառույթները`վերածվելով նախագահի հրահանգները հաստատող մարմնի: Այնուհետեւ այդ փոփոխությունների շնորհիվ Սահակաշվիլին ստեղծեց իր սահմանադրությունը, իսկ այժմ էլ կրկին փոփոխություններ է անում իր համար», – նշում է նա:

Սահակաշվիլու դաշնակիցներն իրենց հերթին վրդովմունքով հերքում այն ենթադրությունները, թե նախագահն իր հեռանալով ընդօրինակում է Պուտինին, ով վրաց իշխանությունների մոլի հակառակորդն է:
«Նման հայտարարությունները վիրավորում են վրաց հասարակությանը, որը երբեք թույլ չի, որպեսզի երկրում Պուտինի ստեղծած ռեժիմը հիշեցնող կառավարման համակարգ հիմնվի», – ասում է իրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Պավլե Կուբլաշվիլին:

«Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, ինձ համար առաջնայինն այն սահմանադրությունն է, որը հավասարակշռում է գործադիր եւ օրենսդիր իշխանության ճյուղերը եւ արդյունավետ մեխանիզմ տրամադրում հզոր եւ ժողովրդավարական պետության ստեղծման համար»:
Սահմանադրական հանձնաժողովում հերքում են, որ այն կազմվել է որեւէ մեկի անհատական շահերին ծառայելու նպատակով եւ նշում, որ իրենք հետեւում են Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի պես միջազգային կառույցների խորհրդին:

«Ինչո՞ւ են սահմանադրական բարեփոխումները օրակարգ մտցվել: Դա մասնավորապես արվել էր երկրի կառավարման մեջ հավասարակշռություն ստեղծելու նպատակով: Փաստորեն, սա այն էր, ինչ Վենետիկի հանձնաժողովն էր պահանջել`քննադատելով նախագահի իշխանության հզորացմանն ուղղված սահմանադրական փոփոխությունները», – հայտարարել է հանձնաժողովի մամլո խոսնակ Սուլխան Մելաձեն:
Մելաձեն, սակայն, չի հերքում, որ առաջարկված փոփոխությունները կարող են Սահակաշվիլու`իշխանությունն իր ձեռքում պահելուն ուղղված մեխանիզմ ստեղծել:

«Սակայն դա չպետք է խոչընդոտի բարեփոխումներին: Մենք չգիտենք`ինչ կլինի վաղը, սակայն հաստատապես գիտենք, թե ինչ է անհրաժեշտ երկրում ժողովրդավարության մակարդակը բարելավելու համար: Եւ հատկապես անհրաժեշտ է, որպեսզի խորհրդարանի եւ գործադիր իշխանության ճյուղերը հավասարակշռության գան»:
Թբիլիսիի համալսարանի դասախոս եւ «Ժողովրդավարական բարեփոխումների ինստիտուտ» հետազոտական կենտրոնի նախագահ Բաքար Բերեկաշվիլին նշում է, որ հանձնաժողովն ուսումնասիրել է բոլոր տարբերակները եւ եկել այն եզրակացության, որ հաստատապես սահմանադրական բարեփոխումների կարիք կա:
«Ժողովրդավարության բարձր մակարդակի կարելի է հասնել թե´ խորհրդարանական, թե´ նախագահական կառավարման մոդելների շնորհիվ: Սակայն կարծում եմ`Վրաստանի պես երկրում խառը մոդելն ավելի պրակտիկ եւ ընդունելի է. մի սահմանադրություն, որը հնարավորինս քիչ թույլ կտա որեւէ մեկին զավթել իշխանությունը», – ասում է նա:

«Կասկածները, որ գործող նախագահն օգտագործում է սահմանադրական փոփոխությունները իշխանությունն իր ձեռքում պահելու նպատակով, արդար են: Սակայն կարծում եմ`եթե բարեփոխումներն ընդունվեն այն ձեւաչափով, որով մշակվել են սահմանադրական հանձնաժողովի կողմից, ապա անհավանական է, որ երկրում ողջ իշխանությունը մեկ մարդու ձեռքում կենտրոնանա»:

Այժմ նախագահը պետք է փոփոխությունների օրինագիծը խորհրդարան ուղարկի, սակայն մինչ այդ ակնկալվում է, որ այն նախ կուսումնասիրվի Վենետիկի հանձնաժողովի կողմից, որը հետո կներկայացնի իր դիտողությունները:
«Գուցե որոշ կետեր փոփոխվեն, սակայն հիմնական սկզբունքները`ավելի լայն լիազորություններ տեղական իշխանությունների եւ դատարանների համար, նախագահի իշխանության կրճատում, խորհրդարանի եւ կառավարության լիազորությունների ընդլայնում, կմնան անփոփոխ: Մենք չենք կարող գրել սահմանադրության մեջ, որ Սահակաշվիլին չպետք է գա իշխանության», – հայտարարել է Մելաձեն:

Նաթիա Կուպրաշվիլին ազատ լրագրող է Թբիլիսիում:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 3,379

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>