Վրաստան. իշխող կուսակցությունը բացարձակ հաղթանակ է տանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում
Պարտված, սակայն անհաջողությունից չհուսահատված ընդդիմությունը ծրագրում է oգտագործել Թբիլիսիի սաքրեբուլոի (մունիցիպալիտետի) ժողովը որպես Վրաստանի նախագահին պաշտոնից զրկելուն ուղղված քարոզարշավի կիզակետ:
Աննա Կանդելակի, Կովկաս. Կովկասյան լրատու # 545, 3-ը հունիսի 2010թ.
Վրաստանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում, որոնք, ըստ դիտորդների գնահատականների`հիմնականում ազատ եւ արդար են անցել, մայրաքաղաքում իշխանությունն անցավ իշխող կուսակցությանը, որը հաղթեց նաեւ շրջաններում:
Մայիսի 30-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքները ցույց տվեցին, որ նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն աջակցող «Ազգային շարժում» կուսակցությունը ստացել քվեարկողների ձայների առնվազն կեսը բոլոր ընտրակարգերում եւ հավաքել քվեների 60-70 տոկոսը:
Գիգի Ուգուլավան, հաղթելով Թբիլիսիի քաղաքապետի առաջին անգամ անցկացված ուղղակի ընտրություններում, պահպանեց իր պաշտոնը քաղաքապետարանում, ինչն, ըստ դիտորդների`քվեարկողների ցանկության արդար արտացոլումն է:
«Ընտրությունների համար պատասխանատու մարմինները եւ կառավարությունն արդար ընտրություններ անցկացնելու կամք ցուցաբերեցին ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ ընտրությունների օրը: Այս դրական միտումն արժանի է ուշադրության», – հայտարարել էր «Արդար ընտրությունների եւ ժողովրդավարության միջազգային միություն» (ԱԸԺՄՄ) վրացական ոչ-կառավարական կազմակերպությունը, որը զբաղվել էր 1000-ից ավելի ընտրատեղամասերի մոնիթորինգով:
«Այնուամենայնիվ, ընտրությունների օրը հայտնաբերված որոշ միտումներ ստվեր են գցում դրական գնահատականի վրա»:
Կազմակերպության նշած խնդիրներից էր այն, որ մարդիկ չէին կարողանում քվեարկել, որոշ տեղերում ընտրացուցակները լի էին գոյություն չունեցող մարդկանց անուններով, իսկ ընտրությունների համար պատասխանատու մի շարք պաշտոնյաներ վատ էին կատարում իրենց աշխատանքը:
«Սակայն պետք է նշել, որ ըստ ԱԸԺՄՄ դիտորդական առաքելության`նման փաստերը լայն տարածում չեն ունեցել», – նշվել է կազմակերպության հայտարարության մեջ:
Ընտրություններում ձայների 55%-ը ստացած Ուգուլավան մայրաքաղաքում համոզիչ հաղթանակ տարավ «Դաշինք հանուն Վրաստանի» ընդդիմադիր շարժումը ներկայացնող Իրակլի Ալասանիայի նկատմամբ, ով ստացավ քվեների ընդամենը 19-ը տոկոսը:
Քաղաքական վերլուծաբանների խոսքերով`չնայած կրած պարտությանը, ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Ալասանիան լավատես լինելու պատճառներ ունի:
«Ալասանիան առանձնանում է ընդդիմության շարքերում, եւ այս ամենին նա հասել է աննախադեպ կարճ ժամանակահատվածում, – ասում է Թբիլիսիի Պետական համալսարանի քաղաքական փորձագետ Ռամազ Սակվարելիձեն, – Նա 2 տարի առաջ Ամերիկայից վերադարձած մի երիտասարդ է, ով հանկարծ առաջնորդ է դարձել: Սակայն ամենակարեւոր հարցն այն է`արդյոք նա կկարողանա պահպանել քաղաքական առաջխաղացման այս արագությունը»:
Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունները, որոնց եւս 7 թեկնածու էր մասնակցում, ուշադրության կենտրոնում էին հայտնվել, քանի որ այստեղ է բնակվում վրացիների մեկ-երրորդը:
Ընտրությունների նախնական արդյունքների համաձայն` Թբիլիսիի Սակրեբուլոյում կամ մունիցիպալիտետի ժողովում եղած 50 տեղերից ընդդիմությունը 11 տեղ է ստացել, որոնք բաժանվեցին «Քրիստոնեադեմոկրատական միությունն», «Դաշինք հանուն Վրաստանի», «Ազգային Խորհուրդ» եւ «Թոփաձե-արդյունաբերողներ» կուսակցությունների միջեւ:
Նրանք հայտարարեցին, որ պատրաստվում են միասնական ճակատ ձեւավորել տեղական մունիցիպալետում, չնայած այն հանգամանքին, որ իշխող «Ազգային շարժում» կուսակցությունը ստացել է տեղերի բացարձակ մեծամասնությունը:
«Մենք պատրաստվում ենք պայքարել մեր ընտրողներին տրված խոստումների իրականացման համար: Գիգի Ուգուլավան հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել ընդդիմության հետ: Հետեւաբար, մենք պատրաստվում ենք պայքարել առաջին իսկ օրվանից, որպեսզի ստիպենք կառավարությանը կրճատել հարկերն այս երկրում», – ասում է հայտնի լրագրող Ինգա Գրիգոլիան`Քրիստոնեադեմոկրատական կուսակցության թեկնածուն, ով հավաքել էր ձայների 12%-ը:
Ձայների 18 տոկոսը ստացած «Դաշինք հանուն Վրաստանի» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Զուրաբիշվիլին ասաց. «Եթե մենք խելացի կերպով աշխատենք, ապա տեղական մունիցիպալիտետում մեր 5 ներկայացուցիչները կբավականացնեն, որպեսզի քաղաքական պայքարի կենտրոնը տեղափոխվի Սակրեբուլո: Սակրեբուլոն քաղաքական պայքարի իրական կենտրոնը կդառնա, եւ այստեղից էլ կսկսվի իշխանափոխության գործընթացը»:
Ընտրություններում քվեարկողների ձայների 8%-ը հավաքած «Ազգային խորհրդի» ներկայացուցիչ Կախա Կուկավայի խոսքերով`ընդդիմության արդյունավետությունը կախված կլինի դրա անդամների`միմյանց հետ համագործակցության պատրաստ լինելու աստիճանից:
«Մեր պարտության հիմնական պատճառը միասնության պակասն էր ընդդիմության շարքերում: Առանց միասնության ընդդիմության պայքարն անարդյունավետ կլինի», – համոզված է նա:
Դժվար է ասել`արդյոք ընդդիմությունը կկարողանա քաղաքի մունիցիպալետի ժողովը վերածել Սահակաշվիլուն նախագահի աթոռից զրկելուն ուղղված ճակատի, սակայն տեղական բնակչությունը կարող է հետաքրքիր տեսարաններ ակնկալել, քանի որ մինչ այդ տարիներ շարունակ այստեղ ամեն ինչ հանդարտ է եղել. աշխատանքը փակ դռների հետեւում էր տեղի ունենում:
Ընդդիմությունը կարող է որոշ հույսեր ունենալ`հաշվի առնելով այն, որ ինքը`Սահակաշվիլին իշխանության եկավ 2003-ին Թբիլիսիի մունիցիպալիտետի ժողովի խոսնակի պաշտոնով:
Հիմնական քաղաքական պայքարը կծավալվի 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ 2013-ին, երբ իշխող կուսակցությունը Սահակաշվիլուն փոխարինող թեկնածուի պետք է ներկայացնի:
Սահակաշվիլին արդեն իսկ հայտարարել է, որ մայիսի 30-ի ընտրություններին «խաղաղության, կայունության եւ զարգացման շրջան կհաջորդի»:
«Առնվազն 2 տարի, եթե ոչ ավելին, ընտրություններ չեն լինի, չնայած ես չգիտեմ, թե հատկապես ինչ է ասվում սահմանադրության մեջ», – հայտարարեց նա հունիսի 2-ին կայացած կառավարական նիստի ժամանակ, – «Նշանակում է` դեռ շատ ամիսներ կան, առնվազն մեկ տարի, որպեսզի կարեւոր բարեփոխումներ իրականացնենք եւ շարունակենք այն, ինչ մինչ այժմ անում էինք»:
Ալասանիան, սակայն, պարզաբանեց, որ ընդդիմությունը չի պատրաստվում պահպանել Սահակաշվիլու «խաղաղության շրջանը» քաղաքական կյանքում:
«Ազգն ընտրել է մեզ որպես ամենակարեւոր եւ վճռորոշ քաղաքական ուժերից մեկը: Այս աջակցության արդյունքում`մենք կշարունակենք մեր պայքարը հանուն նոր հաղթանակների», – ընտրությունների հաջորդ օրն ասաց նա «Դաշինք հանուն Վրաստանի» շարժման ակտիվիստներին:
Ընտրատեղամասերի փակվելուց մի քանի ժամ հետո Ուգուլավան հայտարարեց, որ պատրաստ է համագործակցել իր պարտված մրցակիցների հետ, ինչը թույլ տվեց վերլուծաբաններին ենթադրել, թե այս քայլով նա ձգտում է անկախ քաղաքական գործիչ մնալ:
«Վրաց քաղաքական գործիչները հազվադեպ են համագործակցում: Մասնավորապես իշխող կուսակցությունը հաճախ է մեղադրվում իր հակառակորդների հետ համագործակցելու անկարողության մեջ: Եթե Ուգուլավան իսկապես պատրաստվում է համագործակցել ընդդիմության հետ, նշանակում է`նա կառանձնանա իշխող կուսակցությունից եւ կփորձի ավելի մեծ ժողովրդականություն վայելող եւ անհատական քայլերի դիմել», – ասում է քաղաքկան փորձագետ Սակվարելիձեն:
Մայրաքաղաքից դուրս իշխող կուսակցությունը ստացավ ձայների մեծամասնությունը բոլոր տեղական մունիցիպալիտետներում: «Քրիստոնեադեմոկրատական Միություն»-ը, զգալիորեն հետ մնալով, երկրորդ տեղը գրավեց`հավաքելով բնակչության ձայների 12 տոկոսը, մինչդեռ «Դաշինք հանուն Վրաստանի» կուսակցությունը ընդամենը 9 տոկոսից մի փոքր ավելի ձայն ստացավ:
Աննա Կանդելակին ազատ լրագրող է Թբիլիսիում:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)
Հոդվածի գրանշումներ (tags)` Caucasus, elections, Georgia, Georgia elections, բացարձակ հաղթանակ, Թբիլիսի, ինքնակառավարման ընտրություններ, Վրաստան| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,192









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.