IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Օրվա լուսանկարը

Ադրբեջանը հրաժարվում է ՆԱՏՕ-ական նկրտումներից




Պաշտպանական դոկտրինը բացառում է հարձակումն այլ պետությունների վրա, սակայն թույլատրում է հարձակողական գործողությունների դիմել`բռնազավթված տարածքները վերագրավելու նպատակով:

Շահին Ռզաեւ, Կովկաս. Կովկասյան լրատու # 546. 11-ը հունիսի, 2010թ.

Aze-NATOԱդրբեջանի նոր ռազմական դոկտրինը հրաժարվում է ՆԱՏՕ-ին ավելի սերտորեն ինտեգրվելու նախկին նպատակաուղղված քաղաքականությունից եւ հարեւան Հայաստանը դիտում է որպես թշնամի երկիր:
Ադրբեջանը նախկին ԽՍՀՄ միակ պետություն էր, որը պաշտպանական քաղաքականության պաշտոնական փաստաթուղթ չի ունեցել: 15 տարի սպասելուց հետո, Ադրբեջանի խորհրդարանն անսպասելիորեն հաստատեց այն հունիսի 8-ի`կես օր տեւած արտահերթ նիստի ժամանակ:

Ադրբեջանի պաշտպանական մարտահրավերների հեռանկարը բարդանում է միակողմանիորեն իրեն անկախ հայտարարած Լեռնային Ղարաբաղում եւ մի շարք հարակից տարածքներում հայկական զինված ուժերի առկայությամբ:

Դոկտրինում թշնամական համարվող միակ երկիրը Հայաստանն է, մինչդեռ ոչ մի երկիր, նույնիսկ դաշնակից Թուրքիան, ռազմավարական գործընկեր չի համարվում:

Փաստաթղթի համաձայն`ցանկացած պետության դեմ ռազմական գործողությունները անթույլատրելի են, բացառությամբ ինքնապաշտանության դեպքերի, սակայն Լեռնային Ղարաբաղին հստակ անդրադառնալով, փաստաթուղթն ամրագրում է «բռնազավթված տարածքների ազատագրման եւ տարածքային ամբողջականության վերականգնման նպատակով բոլոր անհրաժեշտ միջոցների, ներառյալ ռազմական ուժի օգտագործման» իրավունքը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր գոհունակությունն է հայտնել նոր դոկտրինի կապակցությամբ:
«Այս փաստաթղթի վրա մի քանի տարի են աշխատել: Հիմնական նպատակը կատարյալ, կոնցեպտուալ փաստաթուղթ մշակելն էր, որն ընդունակ կլիներ ապահովել Ադրբեջանի ռազմական եւ քաղաքական անվտանգությունը: Կարծում եմ`մենք հասել ենք այս նպատակին», – մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարարության խոսնակ Էլդար Սաբիրօղլուն:

Սակայն վերլուծաբանները չեն կիսում այս կարծիքը եւ նշում, որ փաստաթուղթը հապշտապ է մշակվել եւ դեռեւս անավարտ է:

«Ռազմական դոկտրինը ցածրորակ է եւ չի համապատասխանում այսօրվա իրականությանը», – ասում է Ռազմական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ուզեյր Ջաֆարովը:
Նրա խոսքերով`այլ երկներում պաշտպանական փաստաթղթերը լրացուցիչ, գաղտնի բաժին են պարունակում, սակայն Ադրբեջանի կառավարության փաստաթղթում նման բաժին չի ներառվել:

«Ուշադրություն դարձրեք, որ «ՆԱՏՕ» բառն ընդամենը երկու անգամ է օգտագործվել ողջ փաստաթղթում: Եթե մենք մշտապես պնդում ենք, որ մեր բանակը կազմավորվում է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, ապա Ադրբեջանը պետք է շատ ավելի մեծ ուշադրություն դարձնի ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը, եւ այս մասին պետք է նշվի դոկտրինի տեքստում: Ես խիստ մտահոգված եմ, որ նման փաստաթուղթն ընդամենը կես օրվա ընթացքում է քննարկվել եւ ընդունվել»:
Ընդդիմության ներկայացուցիչները եւս անհանգստացած են ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հստակ նպատակի բացակայությամբ:

«Դժբախտաբար, փաստաթղթում ոչինչ չի ասվում Ադրբեջանի եվրատլանտյան այլընտրանքի մասին: 2007-ի Ազգային անվտանգության հասկացությունը եվրատլանտյան ինտեգրումն արտաքին քաղաքականության առաջնային նպատակ էր համարում: Այս ռազմական դոկտրինով մեկ քայլ հետ կատարվեց», – ասում է Ադրբեջանի Ազգային անվտանգության նախկին փոխնախարար, ներկայում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Սուլհադդին Աքպերը:

«Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Էլհան Շահինօղլուի կարծիքով`նոր փաստաթուղթը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ին ինտեգրվելն այլեւս կառավարության համար առաջնային նպատակ չի հանդիսանում: Շահինօղլուն նաեւ ընդգծեց, որ փաստաթղթում Թուրքիայի հետ ռազմական համագործակցության մասին ոչ միայն չի նշվել, այլեւ ոչ մի հստակ հղում չի արվել կարեւոր հարեւանների`Ռուսաստանի եւ Իրանի վերաբերյալ:

«Փաստաթուղթը կարդալու ընթացքում նկատեցի այս թաքնված, աննկատ տարրերը: Չնայած Ռուսաստանը եւ Իրանը նշված չեն ռազմական դոկտրինում, թաքնված հղումներ կան Ադրբեջանի նկատմամբ այդ երկների վարած քաղաքականության վերաբերյալ: Այսպես, երկրորդ բաժնի 11-րդ կետում ասվում է. «Այլ պետությունների կամ ոչ պետական սուբյեկտների կողմից զանգվածային ոչնչացման զենքերի ձեռքբերման եւ դրանց տեղափոխման միջոցների վերաբերյալ փորձերի դեպքում ատոմային զենքի չտարածման ռեժիմ կսահմանվի վտանգի տակ գտնվող զենքերի նկատմամբ»: Արդյո՞ք սա իրականում չի վերաբերում մեր հարավային հարեւան Իրանին», – հարցադրում է անում նա:

Դոկտրինի հաստատումը տեղի ունեցավ անմիջապես ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսի`Ադրբեջան կատարած այցից հետո, որի նպատակն էր պաշտոնապես քննարկել համագործակցությունը ռազմական ոլորտում, օրինակ`թույլ տալ ՆԱՏՕ-ի զինված ուժերին Ադրբեջանի տարածքով տեղափոխվել Աֆղանստան:

Բաքվի «Հարավային Կովկասում հետազոտությունների կենտրոն»-ի ղեկավար Բոյուկագա Ագաեւը նշում է, որ Գեյթսն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին նամակ է փոխանցել Բարաք Օբամայի անունից, որտեղ ասվում է. «Ես տեղյակ եմ, որ մեր հարաբերություններում լուրջ հարցեր կան, բայց վստահ եմ, որ մենք կարող ենք զբաղվել դրանց լուծմամբ»:
Ագաեւի խոսքերով`Գեյթսի այցի ժամանակ քննարկված հիմնական հարցերից մեկը վերաբերում էր Գաբալա քաղաքից դուրս տեղակայված ռադիոտեղորոշիչ կայանին: Ռուսաստանը վարձակալել է կայանը մինչեւ 2012թ., եւ չնայած կայանը վերահսկելու ԱՄՆ-ի ցանկությանը, ներկայում բանակցություններ են վարվում վարձակալության ժամկետի երկարաձգման մասին:

«Հավանաբար, Գեյթսի այցից հետո իշխանությունները խոստացել են վերանայել երկրում օտարերկրյա զինված ուժերի տեղակայման հնարավորությունը: Այս հարցը կարող է վերջնականապես լուծվել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինտոնի`Բաքու կատարվելիք այցի ժամանակ», – ասում է նա:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Ադրբեջանի ընդունած դոկտրինը հակասում է երկրի սահմանադրությանը:

Հայաստանյան այլ պաշտոնյաների խոսքերով`դոկտրինն ապացուցում է, որ Ադրբեջանը դեռեւս ծրագրում է ուժի օգնությամբ վերագրավել Ղարաբաղը:

«Ես չեմ հիշում որեւէ երկիր, որտեղ ռազմական դոկտրինի մեջ պատերազմի սպառնալիքի կոչեր ամրագրվեն: Սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը հին քարոզչական մեթոդներ է կիրառում`փորձելով տարածել նույն միլիտարիստական տրամադրությունները երկրում եւ մեկ անգամ եւս ցույց տալով միջազգային հանրությանը, որ չի աջակցի ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը», – հայտարարել է ԱԺ ներքին գործերի, պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:
Շահին Ռզաեւը IWPR-ի Ադրբեջանի գրասենյակի ղեկավարն է:

Ազատ լրագրող Նաիրա Մելքումյանը Երեւանից մասնակցել է հոդվածի ստեղծմանը

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 1,842

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>