IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Օրվա լուսանկարը

Ադրբեջան. լրագրողը վերհիշում է կոմունալ վճարումների հետ կապված մղձավանջը



Էլեկտրաէներգիայի վարձավճարը վիճարկելու փորձը հանգեցրեց բյուրոկրատական քաշքշուկների:

Լեյլա Լեյսան, Կովկաս
Կովկասյան լրատու # 546, 3-ը հունիսի, 2010թ.

electricityԵս աշխատանքի վայրում էի, երբ մայրս զանգահարեց եւ ասաց, որ տան էլեկտրականությունն անջատել են: Ես պատկերացում անգամ չունեի, որ այս զանգով էլ կսկսվի իմ կյանքում դեռեւս չտեսած մի ճանապարհորդություն Ադրբեջանի բյուրոկրատական համակարգով:

Բաքվի շատ ընտանիքների պես, մենք էլ քաղաքից դուրս գտնվող փոքրիկ տուն ունենք, որտեղ ամռան ամիսներին պատսպարվում ենք շոգից:

Մինչեւ անցյալ տարվա ձմեռը, ամեն տարի մեզ այցելող էլեկտրացանցի աշխատակցին 15-20 մանաթ էինք վճարում (20-25 դոլար)`12 ամսվա ընթացքում ծախսած չնչին էլեկտրաէներգիայի դիմաց:

Հարեւան ամառանոցի տերը զանգահարեց մեզ հունվարին եւ ասաց, որ էլեկտրական հաշվիչներ են տեղադրում: Եւս երկու ամիս հետո նա կրկին զանգահարեց եւ ասաց, որ մեր ամառանոցի էլեկտրականությունն անջատել են:
«Էլեկտրականությունը կրկին միացնելու համար պահանջում են, որ մարենք 1200 մանաթ (1500 դոլար) պարտքը», – պատմեց զարմանքից ապշած մայրս:

Ես ու մայրս պատկերացում անգամ չունեինք, թե ինչպես է գոյացել այդ պարտքը: Նույնիսկ քաղաքում եղած մեծ բնակարանի համար այդքան գումար վճարելը տարօրինակ կլիներ, մինչդեռ ամառանոցում մենք տարվա ընթացում 6 շաբաթ ենք անցկացնում:

Օգնության ակնկալիքով դիմեցի ծանոթներիցս մեկին`Թանրիվերդի Մուստաֆաեւին, ով Բաքվի էլեկտրական ցանցի մամլո ծառայության ղեկավարն է: Նա ասաց, որ մենք մեղադրվում ենք ամսական 22 մանաթ թերավճարելու մեջ, ինչը նախկինում ողջ տարվա համար վճարած գումարից էլ շատ է:

«Բայց ինչպե՞ս է դա պատահել: Մենք շատ քիչ ենք այդ տանն ապրում, իսկ գումարն ահռելի է», – վրդովվեցի ես:
«Մի´ անհանգստացիր», – ասաց նա, – «էլեկտրական հաշվիչը կանջատեն եւ գումարը կվերահաշվարկեն`հիմնվելով էլեկտրաէներգիայի միջին ծախսի վրա: Այցելիր մեր կենտրոնական գրասենյակ, եւ մենք այդ հարցը կկարգավորենք»:
Հետեւելով նրա խորհրդին, ես գնացի այնտեղ, բայց մուտքի մոտ եղած պահակներին անցնելը եւ հետագայում յուրաքանչյուր հարկ բարձրանալը շատ դժվար էր:

Այնուամենայնիվ, ես վերջապես մուտք գործեցի էլեկտրաէներգիայի վաճառքի բաժնի պետ Ալեքպեր Ալիեւի գրասենյակ. նրա մոտ ինձ Մուստաֆաեւն էր ուղարկել:
«Դուք մեծ պարտք ունեք: Ահա ձեր հաշիվը բոլոր մանրամասներով: Այստեղ ասվում է, որ դուք մի քանի տարի շարունակ չեք վճարել էլեկտրականության համար», – ասաց Ալիեւը`իմ հանձնած փաստաթղթերն ուսումնասիրելով:
Չկարողանալով զսպել զարմանքս`պատասխանեցի, որ մեր հարեւանների նման ամեն տարի վճարել ենք գումարը գանձելու նպատակով եկող էլեկտրացանցի աշխատակիցներին:

«Ի՞նչ է նշանակում «վճարել եք աշխատակիցներին»: Դուք ոչ ոքի չպետք է ոչինչ վճարեիք, վճարման անդորրագրերը Ձեզ մո՞տ են », – հարցրեց նա, իսկ այնուհետեւ ինձ առաջարկեց դիմել մեր ամառանոցից ոչ հեռու գտնվող փոքրիկ քաղաքի`Մաշթագիի գրասենյակ, որի աշխատակիցները հավանաբար կկարողանային գլուխ հանել փաստաթղթային աշխատանքից:

Այս հանդիպումից ուժասպառ լինելով`վերադարձա գրասենյակ եւ որոշեցի այլ մարտավարության դիմել: Ես զանգահարեցի Ազատ սպառողների միության ղեկավար Էյուբ Հուսեյնովին, ով ինձ ասաց, որ ամեն օր ինձ պես բողոքողներ են նրան դիմում:

Նրա խոսքերով`բնակիչներին պարբերաբար նամակներ են ուղարկում ոչ միայն էլեկտրականության չմարած կասկածելի վարձավճարները, այլեւ ջրի եւ գազի համար գումարները պահանջելով:
«Դա ծառայության մատուցման ապօրինի դադարեցում է: Եղել են դեպքեր, երբ տեսուչներն իրենք են պոկել հաշվիչի վրայի կնիքը`սպառողներից տուգանք պահանջելով: Կոմունալ ծառայությունների ղեկավարությունը պետք է ավելի ուշադիր լինի իր աշխատակիցների վարքագծի նկատմամբ եւ պատասխանատվություն կրի նրանց համար», – ասաց նա`անդրադառնալով իմ գործի նման դեպքերին:

Հուսեյնովի խոսքերով`մեր իրավունքները պաշտպանելու միակ ճանապարհը դատարան դիմելն է. «Կարող եմ ասել, որ մենք հաղթել ենք Բաքվի Էլեկտրական ցանցի դեմ հարուցած դատական գործերի 100 տոկոսը: Դժբախտաբար, մարդիկ տեղեկացված չեն իրենց իրավունքների մասին, հետեւաբար, չեն կարողանում պաշտպանվել: Այս պահին մենք գիրք ենք մշակում, որի օրինակներն անվճար կբաժանվեն սպառողներին`թույլ տալով նրանց իմանալ իրենց իրավունքները. հույս ունեմ, որ սա թեկուզ փոքր-ինչ կօգնի անարդարության դեմ պայքարում»:
Մուստաֆաեւի խոսքերով`ընկերության յուրաքանչյուր ապօրինի գործողությունը մանրամասն քննության է ենթարկվում: Նա ասում է, որ ընկերությունը կարող է անջատել էլեկտրականությունը միայն այն դեպքում, եթե սպառողը չի մարել պարտքերը, հետեւաբար, դա չի կարող համարվել «ծառայության մատուցման ապօրինի դադարեցում»:

«Հնարավոր է`որոշ եզակի դեպքեր են եղել, երբ անազնիվ տեսուչները փող են պահանջել սպառողներից: Նման դեպքերում պետք է քննել յուրաքանչյուր գործը եւ պատժել կաշառակերին դատարանի միջոցով», – ասում է նա:
Հուսեյնովն ասաց, որ մենք կարող ենք կազմակերպությանը դատական պատասխանատվության ենթարկել, սակայն խորհուրդ տվեց նախեւառաջ այլ մեթոդների դիմել, որովհետեւ դատարան դիմելը կպահանջի հավաքել բոլոր փաստաթղթերը, մինչեւ վերջին թղթի կտորը: Գործընթացը հավանաբար 3 ամիս կտեւի, որի ընթացքում մենք ստիպված կլինենք պարբերաբար դատարան ներկայանալ` բացակայելով աշխատանքից:
Հարեւան Սադիխ Հասանովը, ում ամառանոցի էլեկտրականությունը նույնպես անջատել էին, եւս ցածր կարծիքի է դատական գործընթացի մասին:

«Այո´, կարող եք դիմադրել նրանց, բայց ի՞նչ միջոցներով: Պարտքը վերահաշվարկելու համար ես ստիպված էի օր ու գիշեր անցկացնել Մաշթագիի գրասենյակում », – ասում է նա:

Հավանաբար, ինձ համար լավագույն տարբերակը Մաշթագի գնալն էր, չնայած գիտակցում էի, որ պարտքի վերահաշվարկը կարող է թանկ նստել: Շրջանային գրասենյակում հանդիպեցի Պարտքերի հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վուգար Ահմեդին: Նա ասաց, որ հաշվիչի վրա գրանցված 12 ամսվա գումարն արտարկվում է, այնուհետեւ բազմապատկվում այն տարիների քանակով, որոնց համար մենք իբրեւ թե չենք վճարել:

Ես պատրաստվում էի բացատրել նրան այդ թյուրիմացության պատճառը, երբ գրասենյակի Հաշվեկշռի եւ դեֆիցիտի բաժանմունքի պետ Հասան Իբրահիմովը մեզ ընդհատեց` տեղեկացնելով, որ պետք է 200 մանաթ ծախսեմ, որպեսզի հանձնաժողովը սկսի իմ գործի քննությունը: Ես ապշեցի:

«Որքան հասկացա, հանձնաժողովը գործում է, որպեսզի բացահայտի, թե որքան փող պետք է վճարենք վերջին մի քանի տարիների համար, այդ դեպքում ինչո՞ւ պետք է վճարենք, որպեսզի պարզվի, թե որքան է մեր պարտքը», – իմ այս հարցադրմանը, սակայն, ոչ մի բավարար պատասխան չստացա:

Վերադառնալով գրասենյակ`սկսեցի մտածել, թե որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի պարզվի, թե որքան է մեր պարտքը: Մեր հարեւան Հասանովը կարողացավ իր խնդիրները լուծել ընդամենը երեք ամսում, եւ ես զանգահարեցի Իբրահիմովին, որպեսզի ճշտեմ` արդյոք այս նույն ժամկետում մենք կկարողանայինք գործն ավարտին հասցնել:
«Ես ուզում էի օգնել Ձեզ`աշխատանքը 3 ամսվա ընթացքում անելով, բայց քանի որ Դուք որոշել եք դրա մասին հոդված գրել, հանձնաժողովի աշխատանքը մեկ տարի կձգձգվի», – ասաց նա:

Լեյլա Լեյսանը IWPR-ի թղթակիցն է եւ «Համակովկասյան լրագրության ցանց» նախագծի անդամ:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 4,729

Advertisement & web design solutions in Armenia