Հայերեն բովանդակություն և վիքիփեդիա. սեմինար-քննարկում
Աբրակադաբրա կամ լատինատառ «հայերեն»
Եթե որեւէ տեղեկություն ես փորձում գտնել, առաջին հերթին մտքովդ Google-ն ու մյուս որոնողական կայքերն են անցնում: Փնտրում ես, ու բերված արդյունքների առաջին տեղում հայտնվում է «Վիքիփեդիան»: Կարելի է ասել, որ ամեն ինչի մասին էլ մի բան կգտնես այս ինտերնետային ամենահայտնի ու մեծ հանրագիտարանից: Սակայն թերեւս նորություն չէ, որ դրանց մեծ մասը մենք փնտրում ենք հիմնականում անգլերենով ու ռուսերենով, հետո արդեն անհրաժեշտաբար թարգմանում հայերեն:
Ինտերնետում հայերեն բովանդակությունն ընդալայնելուն ուղղված հանդիպում-քննարկում էր կազմակերպվել Ակադեմիական համագործակցության եւ օժանդակության հայկական ասոցիացիայի (ԱՐՄԱԿԱԴ) կողմից օրերս` հունիսի 8-ին:
Հայտնի է, որ «Վիքիփեդիայում» նյութերն ու հոդվածները տեղադրվում են կայքում այցելուների կողմից, ինչպես նաեւ նրանք կարող են խմբագրել: Եվ աչքաթող անել այս ռեսուրսը` նշանակում է թույլ տալ, որ մեզ վերաբերող հարցերի մասին որեւէ տեղեկատվություն տալը թողնվի օտարների կամքին:
«Այսօրվա միջոցառման նպատակը «Վիքիփեդիայի» համակարգին ծանոթացնելն է, տարբեր ոլորտների մարդկանց ներգրավելը, որպեսզի նրանք էլ հենց հոդվածներ տեղադրեն «Վիքիփեդիայում»,- ասաց ԱՐՄԱԿԱԴ-ի նախագահ Խաչիկ Գեւորգյանը:
ireport.am կայքի ադմինիստրատոր Վարդան Պապիկյանը նույնպես կարեւորում է ինտերնետում հայերեն բովանդակության ընդլայնումը: Նրա խոսքերով` «Վիքիփեդիան» ինֆորմացիայի տարածման առաջատար կայքերից մեկն է, եւ այս գործիքն օգտագործելու ժամանակն է: «Մեր ռեսուրսներին համարժեք` մասնակցում ենք նման միջոցառումներին ու աջակցում տարածել ինֆորմացիա այն մասին, որ անհրաժեշտ է «Վիքիփեդիայում» գրառումներ անել, եւ թե` ինչպես դա անել: ?Կարեւոր է ինտերնետում հայերեն բովանդակության ընդլայնումը, հայերենով մեծաթիվ նյութեր ունենալը, որ վաղվա սերունդը դրանցից օգտվել կարողանա»:
Բլոգեր Տիգրան Քոչարյանը փոքր-ինչ այլ տեսակետ ունի «Վիքիփեդիան» հայերեն նյութերով հարստացնելու մասին: Իհարկե, «Վիքիփեդիայում» բավականին քիչ են հայերեն նյութերը` ի տարբերություն հենց ադրբեջաներենի, վրացերենի, սակայն կարելի է հայկական ռեսուրսները ոչ թե ուղղել դեպի «Վիքիպեդիա», այլ կենտրոնացնել հայկական կայքերի վրա: Սա չի նշանակում, թե պետք է լքել «Վիքիփեդիան», այլ պետք է ստեղծել դրա նման հայկականը, եւ ավելի մեծ ուշադրություն դարձնել վերջինիս:
«Խնդիրն այն է, որ այնտեղ նույնիսկ չենք կարողանում ապահովել մեր հոդվածների կայունությունը, քանի որ որոշ թեմաների շուրջ խնդիրներ են առաջանում մեր հարեւանների հետ, սկսվում են վիքիպատերազմները. մեկ նախադասության համար օրական ժամեր են ծախսվում այն խմբագրելու, ուղղելու, հակադարձելու համար եւ այլն: Իսկ հետագայում էլ այդ նյութի վերաբերյալ վերջնական որոշում ընդունում է մեկը, ով ոչ մի կապ չունի մեզ հետ: Այսինքն` որոշ կարեւոր հոդվածների ճակատագիրը կախված է լինում արտասահմանցի մեկից, ով կարող է սուբյեկտիվ լինել: Իսկ նույն «Վիքիփեդիայի» սկզբունքներով, բայց մեզ մոտ ստեղծված կայքն ավելի պաշտպանված է լինելու, եւ ավելի հեշտ ենք աշխատելու այդ տարածքում»:
Այն հարցին, թե հայկական այդ կայքի եւ «Վիքիփեդիայի» ճանաչվածությունը արդյոք համեմատելի կլինի՞, Տ. Քոչարյանը պատասխանեց, որ դեռեւս տասը տարի առաջ նոր ձեւավորվող «Վիքիփեդիայի» հեղինակությունը զրո էր, եւ այն տարիների արդյունքում հզորացավ հոդվածներ եւ նյութեր տեղադրող հեղինակների ու կազմակերպությունների շնորհիվ:
Մյուս կարեւորագույն խնդիրը վերաբերում է ինտերնետում հայատառ հայերենով հաղորդակցվելու մշակույթի ձեւավորմանը: Խաչիկ Գեւորգյանը առաջինն էր եղել, ով արգելել է իր ֆեյսբուքյան էջում եւ բլոգներում մեկնաբանություններ թողնել հայերեն, բայց լատինատառ կամ կիրիլիկ տառերով: Սկզբնական շրջանում նույնիսկ ընդդիմացողներ են եղել, այս քայլը որպես նացիոնալիստական որակել: «Ես էլ ասում էի, որ ես կընդունեմ, եթե անգլերեն տառերով գրեք անգլերեն, կամ պարսկերեն տառերով` պարսկերեն: Բայց եթե հայերեն տառերով պարսկերեն գրեք, էլի կջնջեմ, որովհետեւ դա աբրակադաբրա, աբսուրդ երեւույթ է»,- ասաց նա:
Հայատառ չգրելու պատճառներից մեկն էլ այն է, որ բջջային հեռախոսներով ինտերնետից օգտվողները ոչ միայն շատ դեպքերում չեն կարողանում կարդալ հայերեն տառերը, այլեւ չեն կարողանում դրանցով գրել: Սակայն, Խ. Գեւորգյանի խոսքերով, այստեղ էլ պետք է պետական մոտեցում լինի, պետք է պահանջվի արտադրողից, որպեսզի մեր պետություն ներկրվող հեռախոսներն ունենան համապատասխան ֆունկցիան:
Հունիսի 6-ին ՀՀ վարչապետին 190 հոգու ստորագրությամբ դիմում-առաջարկ է ներկայացվել, որում ամփոփված են եղել վերոնշյալ խնդիրները` կապված համակարգչային գրագիտությունը բարձրացնելու, ոչ յունիքոդային համակարգից հրաժարվելու եւ անցնելու հայատառ եւ ինտերնետում կարդացվող հայերեն տառատեսակներին:
Նամակում նշված է եղել նաեւ այն հարցը, որ պետության կողմից պահանջվի, որ ՀՀ ներկրվող համակարգչային ստեղնաշարերի վրա նշագրված լինեն նաեւ հայերեն տառերը: Խ. Գեւորգյանը խնդրի մասին ասաց հետեւյալը. «Եթե այսօր չանենք` չգիտակցելով անհրաժեշտությունը, միեւենույն է` տասը տարի հետո անելու ենք` գիտակցելով թույլ տրված սխալը»:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ / Երկիր Մեդիա
| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,302









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.