Վրաստան. ամերիկացի բանտարկյալների գործը մտահոգությունների տեղիք է տալիս
15-ը ապրիլի, 2010թ. («Կովկասյան լրատու» թիվ 540)
Թբիլիսիի կողմից Գուանտանամո բանտի կալանավորներին ընունելու փաստն անհանգստացնում է ընդդիմությանը. Դմիտրի Ավալիանի, Թբիլիսի
Աֆղանստանում վրացական հավելյալ զորքերի տեղակայումը լայն աջակցություն է ստացել Վրաստանում, սակայն երկրորդ ամերիկամետ քայլը`Գուանտանամոյի երեք նախկին կալանավորների ընդունումը, շատ ավելի հակասական ընդունվեց:
2003-ին իշխանության գալուց ի վեր, նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ձգտել է ԱՄՆ-ի հետ սերտ կապեր հաստատել. այս քաղաքականությունը զայրացրել է Մոսկվային, սակայն մեծ աջակցություն է վայելում երկրի ներսում:
750 հոգուց բաղկացած գումարտակն Աֆղանստան մեկնեց ապրիլի 7-ին . նրանք կծառայեն ամերիկյան հրամանատարության ներքո` անհանգիստ Հելմենդ շրջանում: Երկրում եղած վրացական զինված ուժերի մյուս մասն արդեն իսկ տեղավորվել են ֆրանսիական զորքերի հետ:
Ընդդիմադիր կուսակցությունները, որոնք, որպես կանոն, չեն զլանում քննադատել Սահակաշվիլու վարած քաղաքականությունը, այս քայլը որեւէ կերպ չեն մեկնաբանել, սակայն նույնը չի կարելի ասել Գուանտանամոյի բանտի հետ ձեռք բերված համաձայնության մասին:
Վաշինգտոնում ցանկանում են փակել Գուանտանամոյի ծովախորշի բանտը, այդ պատճառով դրա կալանավորների համար ապաստան էին փնտրում աշխարհի տարբեր ծայրերում. Սահակաշվիլու կառավարությունը համաձայնվել է ընդունել երեք կալանավորների, որոնց Վրաստան տեղափոխեցին անցյալ ամսին. այս համաձայնությունը երկու երկների «ռազմավարական համագործակցության» մասը դարձնելով:
Բանտարկյալները, որոնք, ըստ լրատվամիջոցների`լիբիացիներ են, Վրաստանում ազատ են լինելու եւ կկարողան այստեղ իրենց ընտանիքներին տեղափոխել, սակայն երկրից հեռանալ նրանք չեն կարող: Ընդդիմության առաջնորդներից մեկը`Ժողովրդական կուսակցության ղեկավար Կոբա Դավիթաշվիլին, ասում է, որ սա վիրավորական է վրաց ազգի համար:
«Այն փաստը, որ Գուանտանամոյում ապրած մարդիկ այստեղ ազատ են լինելու, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն Վրաստանը մեկ մեծ բանտ է համարում», – համոզված է նա:
Կառավարության պնդմամբ`նախկին բանտարկյալները հնարավորություն կունեն ինքնուրույն ընտրել երկրում իրենց բնակության վայրը:
«Մենք համոզված ենք, որ նրանք ոչ մի վտանգ չեն ներկայացնում», – ասում է Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվա-վերլուծական բաժնի ղեկավար Շոթա Ութիաշվիլին`նշելով, որ ոստիկանությունն ուսումնասիրել է բանտարկյալների գործերը:
Սակայն Դավիթաշվիլին ընդդիմության առաջնորդների այն շարքում էր, ովքեր ասում են, թե բանտարկյալների ներկայության շնորհիվ Վրաստանի անվտանգության նկատմամբ ոտնձգությունների սպառնալիքը կմեծանա:
«Ամերիկյան եւ բրիտանական հետախուզական ծառայությունները չեն կարող երաշխավորել սեփական երկների անվտանգությունը Գուանտանամո բանտում նստած ահաբեկիչների պատճառով», – ասում է «Քարթուլի դասի» կուսակցության առաջնորդ, խորհրդարանական Ջոնդի Բագատուրիան:
Խորհրդարանականը հարց է տալիս`եթե Գուանտանամոյի մնացած 200 բանտարկյալները ոչ մի վտանգ չեն ներկայացնում, ինչո՞ւ նրանք ԱՄՆ-ում չեն հաստատվում:
ԱՄՆ-ի հետ ձեռք բերված այս համաձայնությունը արժանացավ նաեւ Վրաստանի լեյբորիստական կուսակցության քարտուղար Կախա Ձագանիայի խիստ քննադատությանը:
«Սահակաշվիլին Վրաստանը համակենտրոնացման ճամբար է դարձրել եւ սկսել է բանտարկյալների բերել», – հայտարարել է նա:
Այս քայլը, նրա խոսքերով, Վրաստանի դեմ կտրամադրի մուսուլմանական աշխարհը` Վաշինգտոնի հավանությունը ստանալու համար: <<Թող Գուանտանամոյի բանտարկյալներին ուղարկեն իրենց ծննդավայրերը: Կարիք չկա, որ նրանք այստեղ գան>>,- ասում է նա:
<<Ոչ մի իրեն հարգող նախագահ չպիտի թույլ տա, որ իր երկիրը վերածվի աքսորավայրի, սակայն Սահակաշվիլին դիմեց այս քայլին` փորձելով վերականգնել իր դիրքը ԱՄՆ նախագահի աչքում և հանդիպել նրա հետ>>:
Ներքին գործերի նախարարության տեղեկատվա-վերլուծական բաժնի ղեկավար Ութիաշվիլուն շփոթեցրել է այն միտքը, թե բանտարկյալները կարող են վնաս հասցնել երկրին: <<Այս մարդիկ ահաբեկչական գործունեություն չեն ծավալել: Նրանք Վրաստան չեն եկել ահաբեկչական ակտեր իրականացնելու համար: Նրանք նույնիսկ չեն դատվել և գիտեն, որ օրենքի ցանկացած խախտման դեպքում դատվելու են վրացական օրենքներով>>:
Սակայն նրա մոտեցումը չի ընդունվում Մոսկվայի կողմից. երկրի արտաքին գործերի նախարարությունը դատապարտեց Վրաստանի` բանտարկյալներին ընդունելու որոշումը` որպես անհամաձայնության նշան երկու երկրների միջև, որոնց թշնամությունը սկսվել է Խորհրդային միության փլուզումից հետո և որոնք նույնիսկ պատերազմել են 2008թ-ին:
<<Գուանտանամոյի բանտարկյալների տեղափոխումը Վրաստան հազիվ թե կարելի է <<լավ միտք>> կոչել: Ահաբեկչության հետ կապված մարդիկ ուղարկվել են մի անկայուն գոտի, ուր ահաբեկչության վտանգն ակնհայտ է, և հետո հանձնվել են մի երկրի <<խնամքին>>, որտեղ ղեկավարությունը հաճախ ցուցաբերել է անպատասխանատվություն և հանցավոր ձեռնարկում երկրի պաշտպանւթյան հարցում>>,-ասում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Անդրեյ Նեստերենկոն:
Նա ասում է, որ Ռուսաստանը վստահ չէ, որ Վրաստանը կկարողանա բանտարկյալներին հսկողության տակ պահել կամ, որ նրանք Հյուսիսային Կովկասում չեն միանա Չեչնյայում և դրանից դուրս ռուսական օրենքի դեմ պայքարող խմբերի:
Վրաստանի անկախ փորձագետները, որոնցից է կրթության նախկին նախարար Գիա Նոդիան` Խաղաղության, Ժողովրդավարության և Զարգացման Կովկասյան Ինստիտուտի այժմյան ղեկավարը, ասում են, որ երկու կողմերն էլ չափազանցնում են և որ Վրաստանի ազգային անվտանգությունը չի վտանգվում այս քայլով:
<<Վրաստանն արդեն զորքեր է ուղարկել Իրաք, սակայն ահաբեկիչների համար երկիրը առաջնահերթ երկրների ցուցակում չէ>>,- ասում է Նոդիան, եվ նրա հետ համաձայնվում է Հասարակական Հարցերի Ինստիտուտի փորձագետ Թորնիկե Շարաշենիդզեն:
<<Վրաստանը միջազգային ասպարեզում այնքան էլ կարևոր տեղ չի գրավում, որ ահաբեկիչների ուշադրությունը գրավի: Չարժե ռեսուրսներ ծախսել Վրաստանի վրա>>,- ասում է Շարաշենիդզեն:
<<Բացի այդ, բոլորը հասկանում են, որ մենք ոչ ոքի հետ թշնամություն չենք անում: Մենք պարզապես ցանկանում ենք զարգացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ>>:
Դմիտրի Ավալիանին <<24 ժամ>> թերթի լրագրող է: Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)
Հոդվածի գրանշումներ (tags)` Georgia, Guantanamo prisoners, Գուանտանամո, Վրաստան, վրացական ընդդիմություն| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 1,880









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.