Վրաստան. պետական ծախսերը կասկածներ են հարուցում
Վրաստան. ընտրություններից առաջ կատարվող պետական ծախսերը կասկածներ են հարուցում:
«Transparency International» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ հանրային ծախսերի նշանակալի աճ է արձանագրել:
Աննա Կանդելակի, Թբիլիսի (Կովկասյան լրատու # 538, 2-ը ապրիլի 2010թ.)
Հակակոռուպցիոն ակտիվիստները քննադատել են Վրաստանի իշխանություններին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախօրեին դրանց հատկացվող ծախսերն ավելացնելու մեջ դրանց:
Մարտի 29-ին, երբ մինչեւ նախատեսված ընտրությունները, որոնցից ամենակարեւորը Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններն են լինելու, դեռեւս երկու ամիս ժամանակ կար, «Transparency International» կազմակերպությունը հրապարակել է կառավարության ծախսերի վերաբերյալ կատարված հետազոտությունը:
«Տեղական ինքնակառավաման մարմիններին պետական բյուջեից հատկացվող ծախսերի աննախադեպ աճ է գրանցվել: Այս մարմինների համար նախատեսված փոխանցումների ընդհանուր ծավալը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 34 տոկոսով», – նշում է կազմակերպությունը:
Թբիլիսիի բյուջեն, ըստ կազմակերպության, 2010 թվականին կկազմի 570.8 միլիոն լարի (325 միլիոն դոլար)`84 միլիոնով գերազանցելով անցյալ տարվա բյուջեն:
Այս տարի առաջին անգամ Թբիլիսիի քաղաքապետը կընտրվի ուղղակի քվեարկության միջոցով: Իշխող «Ազգային շարժում» կուսակցությունը դեռեւս չի ներկայացրել քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվող իր թեկնածուին: Կուսակցության նախագահ Դավիդ Բաքրաձեի թափանցիկ ակնարկների համաձայն`դա ներկայիս քաղաքապետն է լինելու:
«Շատ զարմանալի կլինի, եթե դա Գիգի Ուգուլավան չլինի», – ասել էր նա:
Օրենքով`Ուգուլավան կարող է մնալ իր պաշտոնում մինչեւ ընտրությունները. սա նշանակում է, որ նա կարող է նախընտրական քարոզչություն իրականացնել անմիջապես քաղաքապետարանից. հենց այս պատճառով են ակտիվիստները մեղադրում նրան մեծաքանակ ծախսեր անելու մեջ:
Ամեն օր, իսկ երբեմն նույնիսկ ավելի հաճախ, քաղաքապետը հանդիպում է հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների`ուսուցիչների, փախստականների կամ թոշակառուների հետ: Ընտրությունները չեն քննարկվում, բայց քաղաքապետն անընդհատ նրանց հասկացնում է, որ կլուծի նրանց ունեցած խնդիրներ:
Քաղաքապետարանը նաեւ հրապարակում է ձեռնարկված գլխավոր նախագծերը`քաղաքի հնագույն հատվածների վերականգնում, նոր ճանապարհի կառուցում: 2010 թվականի բյուջեով 12 միլիոն լարի է նախատեսված վերելակների վերանորոգման համար, ավելի քան 20 միլիոն`թոշակների ավելացման եւ երաշխիքային ծրագրի համար, որը թույլ կտա թոշակառուներին 25 միլիոն լարի ընդհանուր արժողությամբ դեղորայքով ապահովել:
Այս բոլոր նախագծերը գովազդվում են լրատվամիջոցներով եւ քաղաքապետին պատկերող ազդատախտակներով, որոնք վկայում են, թե «նա սիրում է Թբիլիսին»:
Բացի այդ, քաղաքապետարանի աշխատողների թիվը հասել է 410-ի, եւ ավելի քան 5.5 միլիոն լարի է ծախսվում նրանց աշխատավարձերի վրա:
«Քաղաքապետարանի աշխատակիցների քանակը, ինչպես նաեւ նախագահական ներկայացուցչությունների թիվն այլ շրջաններում զգալիորեն աճել է: Ընդդիմության ներկայացուցիչների խոսքերով`այսպիսով պետական միջոցների հաշվին նոր աշխատակիցներ են ընդունում, որոնք կմասնակցեն իշխանությունների նախընտրական արշավին», – նշում է «Transparency International»-ը:
Կազմակերպությունը միակը չէ, որ այսպիսի քննադատական մոտեցում ունի: «Արդար ընտրություններ» կազմակերպության տնօրեն Էկա Սիրաձեն ասում է, որ քաղաքապետը պետք է աշխատանքային դադար վերցնի ընտրություններից առաջ:
«Մենք պլանավորում ենք դիմել Ուգուլավային, որպեսզի քաղաքապետի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելուց հետո նա արձակուրդ վերցնի եւ մասնակցի նախընտրական արշավին նույն պայմաններով, ինչպես բոլոր թեկնածուները», – ասում է Սիրաձեն:
Ինքը`քաղաքապետը եւ կառավարությունը հերքում են, որ վարչական միջոցների չարաշահվում են եւ ասում, որ իրենց սովորական աշխատանքն են անում: Փետրվարի 27-ին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կտրականապես հերքել էր նման կոռուպցիոն երեւույթների առկայությունը:
«Վարչական ռեսուրսները չպետք է չարաշահվեն, ընտրությունները պետք է ամենաազատ եւ ժողովրդավարական մթնոլորտում անցկացվեն», – հայտարարել էր նա:
Վրաստանի նախկին օմբուդսմեն, իսկ այժմ`անհամերաշխ ընդդիմության գլխավոր անդամներից մեկի`«Դաշինք հանուն Վրաստանի» շարժման ներկայացուցիչ Սոզար Սուբարին ասում է, որ, այնուամենայնիվ, շատ դժվար կլինի հետեւել, թե որքան գումար է ծախսում Ուգուլավան իր նախընտրական արշավի վրա:
«Գիգի Ուգուլավան քաղաքապետի իր դերի մեջ այս ու այն կողմ է վազվզում եւ նախընտրական արշավ իրականացնում, առանց դա որպես այդպիսին կոչելու: Արդյունքում`չափազանց դժվար կլինի վերահսկել քաղաքապետարանի միջոցների հաշվին կատարվող ծախսերը», – նշում է նա:
Միաժամանակ, «Ազգային շարժումը»-ը հայտարարել էր, որ կուսակցությունը չէր կարող իրեն թույլ տալ իր թեկնածուի համար պատշաճ նախընտրական արշավ կազմակերպել:
«Հավանաբար, որոշ մարդիկ կհայտնվեն, ովքեր կֆինանսավորեն արշավը. մենք աշխատում ենք այս ուղղությամբ: Մենք դիմում ենք տարբեր անհատների եւ կազմակերպությունների`խնդրելով օգնել «Ազգային շարժմանը»», – ասում է կուսակցության քաղաքական խորհրդի քարտուղար Միխեիլ Մաչավարիանին`հավելելով, որ նախընտրական արշավի ժամանակ կուսակցության կատարած ծախսերը ամբողջությամբ թափանցիկ են լինելու:
Մարտի առաջին կեսին անցկացված հարցումը ցույց է տվել, որ բնակչության 46 տոկոսի աջակցությունը վայելող Ուգուլավան հաջողության հասնելու ամենամեծ հնարավորություններն ունի: Ընդդիմության ներկայացուցիչ Իրակլի Ալասանիան երկրորդ տեղում է`ընդամենը 11 տոկոս ձայներով:
Փորձագետների խոսքերով`Ալասանիան ընտրություններում հաղթելու հնարավորություն կստանար միայն այն դեպքում, եթե ողջ ընդդիմությունը միավորվեր նրա շուրջը: Ընդդիմության միասնական թեկնածու գտնելու փորձն անհաջողության մատնվեց, եւ այժմ ընդդիմադիր ուժերն ավելի քան երբեւէ տարանջատված են:
«Ինչ վերաբերում է իշխանությունների հնարավորություններին, պետք է ասել, որ դրանք շատ բարձր են: Սա ոչ թե այն պատճառով է, որ նրանց շատ են վստահում, այլ պարզապես պատշաճ հակառակորդներ կամ միասնական խմբեր չկան, որոնք կկարողանային մրցակցել կառավարության կողմից իրենց դեմ մոբիլիզացված մեծածավալ ռեսուրսների հետ», – ասում է «Հասարակական նախագծերի կենտրոն» հետազոտական ինստիտուտի տնօրեն Գեորգի Խուխաշվիլին:
«Կառավարության ուժը վստահության մեջ չէ: Այդ ուժը վարչական եւ ֆինանսական մեծ ռեսուրսներն են, ինչպես նաեւ այլ գործիքները: Սրան հակադրվելու ընդունակ ուժը տեսանելի չէ, իսկ այն, ինչ գոյություն ունի, խիստ անհամերաշխ է»:
Աննա Կանդելակին ազատ լրագրող է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)
Թողեք Ձեր մեկնաբանությունը՝
Հոդվածի դիտումների քանակը` 4,400


