IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Օրվա լուսանկարը

Ադրբեջան. նոր օրենք`ընտանեկան բռնության դեմ պայքարում



Կանայք ընտանեկան բռնությունից ազատվելու ուղիներ են փնտրում:

Լեյլա Լեյսան, Բաքու (Կովկասյան լրատու # 537, 26-ը մարտի, 2010թ.)

no domestic violence !!!27-ամյա Նարմինան ամուսնացել է 6 տարի առաջ եւ այդ ժամանակվանից ի վեր, պարբերաբար ծեծի է ենթարկվում ամուսնու կողմից: Նա թույլ չի տալիս կնոջն աշխատել, տանից դուրս գալ եւ նույնիսկ արգելում է խոսել մոր հետ:
Ակտիվիստների խոսքերով`Նարմինայի դեպքը խիստ սովորական է Ադրբեջանում, որտեղ, ըստ նրանց`կյանքի որեւէ փուլում կանանց մեծ մասն իրենց ամուսինների կամ նրանց ծնողների բռնության զոհ է դառնում:

Խորհրդարանը նախատեսում է նոր օրենք ընդունել եւ ապաստարաններ ստեղծել` խնդիրը լուծելու նպատակով, սակայն դրա արդյունքների մասին դեռ վաղ է խոսել:

«Ամուսինս ցանկացած մանրուք վեճի շարժառիթ է դարձնում: Ամեն երեկո, երբ նա աշխատանքից տուն է վերադառնում, ես ու որդիս`Մուրադը, աշխատում ենք հնարավորինս լուռ մնալ, որպեսզի նրան չբարկացնենք: Նա կարող է խփել ինձ, եթե ասածս որեւէ բան իրեն դուր չգա: Նա ծեծում է երեխային չնչին իսկ անհնազանդության համար: Մեր կյանքը պարզապես մղձավանջ է», – ասում է Նարմինան:

Նարմինան, ում անունն անվտանգության նկատառումներով փոխված է, երազում է թողնել ամուսնուն, սակայն նա չգիտի`ինչպես անել այդ:

«Երբեք չեմ աշխատել, եւ ֆինանսապես ամբողջությամբ կախված եմ իմ ամուսնուց: Իսկ մենք ընդամենը ամսական 89 մանաթով (111 դոլար) ենք ապրում»:
Կանանց ճգնաժամային կենտրոնի տնօրեն Մաթանեթ Ազիզովան ասում է, որ իրենց դիմող կանանցից շատերն այնքան ճնշված են լինում, որ ամբողջական խորհրդատվության կարիք են ունենում: Սովորական խոսակցություն վարելը հաճախ նրանց ուժերից վեր է:

«Ադրբեջանում միջազգային կազմակերպությունների անցկացրած մոնիթորինգի տվյալներով`մեր երկրում կանանց մոտ 80 տոկոսը որոշակի բռնության է ենթարկվել: Խնդիրն այն է, որ տղամարդկանցից շատերը չեն կարծում, որ դա սխալ է: Երբ մեր աշխատակիցները զրուցեցին այս մարդկանց հետ, նրանք իսկական անակնկալի եկան», – ասում է նա:

«Նրանք համոզված են, որ կինը պետք է տանը նստի եւ երեխաներին դաստիարակի: Նույնը կարելի է ասել սեռական հարաբերությունների մեջ մտնելու հարկադրման մասին: Տղամարդիկ համոզված են, որ եթե կնոջ հետ ամուսնացել են, ապա վերջինս պետք է իրենց ուզած պահին պատրաստ լինի սեռական հարաբերություններին»:
Հոգեբան Ազադ Իսազադեն, սակայն, ասում է, որ խնդիրը հաճախ շատ բարդ է լինում: Նրա խոսքերով`կանայք բացարձակապես անօգնական չեն, եւ երբեմն տղամարդիկ են հայտնվում զոհի դերում:

«Մի անգամ ինձ մի տղամարդ դիմեց, ում պարզապես հուսահատության եզրին էր հասցրել կինը: Նա գոռում էր ամուսնու վրա ամեն օր, ձեռքի տակ եղած իրերը նետում վրան եւ ամենաչնչին մանրուքից բարկանում: Կանանց գործադրած բռնությունը հաճախ ավելի հոգեբանական բնույթ է կրում, քան ֆիզիկական: Նրանք վեճ են սկսում եւ մեղադրում իրենց ամուսիններին ոչ բավականաչափ գումար վաստակելու եւ պատշաճ կյանքով իրենց ապահովելու անկարողության մեջ», – ասում է հոգեբանը:

Այնուամենայնիվ, Իսազադեն նշում է, որ կանայք այս առումով ավելի շատ են խնդիրներ ունենում: Միայն անցյալ ամսին հոգեբանին 2 հղի կին է դիմել օգնության ակնկալիքով:
«Այլեւս անկարող լինելով տանել ծեծը`նրանք լքել էին իրենց ամուսիններին», – ասում է նա:
Ներկայում ադրբեջանական օրենսդրությամբ ֆիզիկական ոտնձգությունը հանցագործություն է համարվում, սակայն ընտանեկան բռնության առավել մանրամասն տեսակների մասին այստեղ ոչինչ չի ասվում: Փորձագետների խոսքերով`ներկայիս օրենսդրությունը չի կարող բավականաչափ կերպով պաշտպանել բռնության զոհերին:

Ադրբեջանական խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ռաբիյաթ Ասլանովան ասում է, որ ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագիծը պատրաստ է քննարկման համար:
«Հույս ունեմ, որ այս օրինագիծը շատ խնդիրներ կլուծի», – նշում է Ասլանովան` միեւնույն ժամանակ ավելացնելով, որ ընտանեկան բռնության դեմ պայքարելու միակ ճանապարհը հասարակության զարգացումն է:
«Հասարակությունը չպետք է անտարբեր լինի նման դեպքերի նկատմամբ: Այս խնդիրների լուծման համար պետք է համակարգված միջոցներ ձեռք առնել», – համոզված է նա:

Երկրում ընտանեկան բռնության մասին հստակ պաշտոնական տվյալներ չկան: Ընտանեկան խնդիրների, կանանց եւ երեխաների հարցերով պետական հանձնաժողովի իրավական բաժնի փոխտնօրեն Էլգյուն Սաֆարովի խոսքերով`սրա պատճառն այն է, որ խնդրի վերաբերյալ վիճակագրական ուսումնասիրությունները սկսվել են միայն 2006-ին, եւ այս ցուցանիշները չեն վերաբերում ընտանեկան բռնության բոլոր տեսակներին:
Սակայն, ըստ Սաֆարովի`կառավարական հանձնաժողովը տարիներ շարունակ աշխատում է բռնությունը կանխելու ուղղությամբ:

«Դրա գլխավոր պատճառը շրջաններում կրթության պակասն է: Հասարակությունը կրթելու նպատակով`մենք այս հարցի վերաբերյալ տեղեկատվություն պարունակող թերթիկներ եւ բրոշյուրներ ենք բաժանել», – ասում է նա`ավելացնելով, որ նոր օրենքը թույլ կտա բռնության զոհերի համար ապաստարաններ հիմնել:
«Մենք ծրագրում ենք վերականգնողական կենտրոններ հիմնել բռնության զոհերի համար. այստեղ նրանց հետ կաշխատեն լավագույն մասնագետները, հոգեբանները եւ իրավաբանները», – նշում է Սաֆարովը:

Լեյլա Լեյսանը IWPR-ի կողմից վերապատրաստված լրագրող է Ադրբեջանում:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի www.iwpr.net «Կովկասյան լրատու» պարբերականից:

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 4,896

Advertisement & web design solutions in Armenia