Արձանագրությունները` հարցականի տակ. Դավութողլու..
Խորհրդարանների միջոցով պատմությունը դատապարտելու փոխարեն եկեք դեմառդեմ խոսենք և բացենք արխիվները։ Այս մասին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևի ընդունման առնչությամբ կազմակերպված մամուլի ասուլիսում:
«Այս ամբիոնից ցանկանում եմ հետևյալ կոչն ուղղել հայերին և Հայաստանին` խորհրդարանի միջոցով պատմությունը դատապարտելու փոխարեն, եկեք խոսենք դեմառդեմ, եկեք բացենք մեր արխիվները»,- հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը` ավելացնելով, որ երրորդ կողմի միջամտությունը վնասելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
«Յուրաքանչյուր որոշում խոչընդոտելու է պատմական հաշտեցմանը: Երրորդ կողմի միջամտությունը վնասելու է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը: Անհրաժեշտ է, որ բոլորը ողջամիտ լինեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում»,- ասել է Դավութօղլուն` ընդգծելով, որ համակարծիք չէ բոլոր նրանց հետ, ովքեր պնդում են, թե Թուրքիան է դանդաղեցնում արձանագրային գործընթացը:
«Ճիշտ չէ այն տեսակետը, թե Թուրքիան է դանդաղեցնում արձանագրային գործընթացը: Մենք 10 օրվա ընթացքում Արձանագրությունները փոխանցեցինք խորհրդարան, իսկ Հայաստանը` չորս ամսվա ընթացքում: Իսկ թե խորհրդարանը երբ կվավերացնի Արձանագրությունները, դա նրա իրավասությունն է»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:
«Երեկվա որոշմամբ Արձանագրությունները ռիսկի տակ հայտնվեցին: Այդ որոշմամբ մենք չենք կարող ճանապարհ ընկնել: Մենք երբեք ճնշման ներքո որոշում չենք կայացրել և չենք էլ կայացնելու… Մենք չենք ցանկանում, որ ամեն գարուն ճգնաժամ առաջանա թուրք-ամերիկյան հարաբերություններում: Ակնկալում ենք, որ այնպիսի մի հայտարարություն չի լինի, որն ապրիլի 24-ին ավելի կխորացնի ճգնաժամը: Կարծում ենք, որ Օբաման կգործի հեռատեսորեն»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը` ընդգծելով, որ պաշտոնական Անկարան «այո» է ասում հայ-թուրքական հաշտեցմանը:
Աղբյուրրը` ԹԵՐԹ.am
Հոդվածի գրանշումներ (tags)` Armenia-Turkey, Armenian genocide, Davuoglu, Turkey, Turkey politics, USA resolution, ԱՄՆ կոնգրես, ԱՄՆ-Թուրքիա, արձանագրություններ, Հայաստան-Թուրքիա, հայոց ցեղասպանություն| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,408









lol, inch arxivner petk e bacven, ete vaxuc irenc arxivnere jnjvel en…
Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.