IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Ազատ գրառումներ

Լեռնային Ղարաբաղ. կանայք հերքում են խտրականության դրսեւորումների առկայությունը



Լեռնային Ղարաբաղը տարածաշրջանի հազվադեպ բացառություններից է, որտեղ կանանց մեծ մասն այն կարծիքին է, որ իրենց իրավունքները հարգում են:

Անահիտ Դանիելյան, Ստեփանակերտ (Կովկասյան լրատու # 537, 26-ը մարտի 2010թ.)

լեռնային Ղարաբաղի Հանրապետություն / ԱրցախԼեռնային Ղարաբաղում ապրող կանայք Հարավային Կովկասում հազվադեպ բացառությունն են կազմում`ասելով, որ խտրականության դրսեւորումներ հաճախ չեն զգում եւ ընդհանրապես դժգոհ չեն Ղարաբաղի տղամարդկանց` կանանց նկատմամբ դրսեւորած վերաբերմունքից:

Ղարաբաղում այնպիսի օրենք չկա, որով կանոնակարգվում է կանանց ներգրավվածությունը խորհրդարանում, ինչպես նաեւ կառավարությունում, բայց դա չի խանգարում, որ կանայք պաշտոնավարեն նախարարի պաշտոններում:
Կանանց ներգրավվածությունը հասարակական կյանքում ժամանակի ընթացքում ավելանում է: Օրինակ` Ղարաբաղի դատական համակարգում կանանց ներգրավվածությունը 29 տոկոս է կազմում: Գործադիր իշխանությունում 12 նախարարներից 4-ը կանայք են, Ազգային ժողովի 33 պատգամավորներից 4-ը` նույնպես: Կանայք ավելի մեծ թիվ են կազմում հասարակական սեկտորում:

Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը սահմանափակումներ չի զգում կանանց` կառավարման ոլորտում ներգրավվածության առումով: Նա նշում է, որ Հայաստանի համեմատ Ղարաբաղում կանանց ներգրավվածության տոկոսն ավելի մեծ է:
«Իմ պրակտիկայում առիթ էլ չի եղել համոզվելու, որ միտումնավոր կերպով կանանց իրավունքներ են խախտվում: Մեր նախարարությունում օրինակ գերակշռում են կանայք, ինչը նույնպես լավ չի: Եւ երբ ուզում ես նաեւ տղամարդ վերցնել ինչ-որ պաշտոնում, դա չպիտի դիտվի որպես կանանց իրավունքների խախտում», – IWPR-ին ասել է Նարինե Աղաբալյանը:

Ազգային ժողովի պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանի կարծիքով`Ղարաբաղում կանանց իրավունքների հետ կապված խնդիրներ չեն լինում: «Հասարակության մեջ, որքան ես շփվել եմ, կա այն կարծիքը, որ մեզ մոտ կանայք ոչնչով չեն զիջում տղամարդկանց, որ ղեկավար կինը ոչ պակաս ուժեղ ղեկավար է, քան տղամարդը: Դրա մասին է խոսում նաեւ այն, որ գնալով մեզ մոտ շատանում են կին պատգամավորները, ովքեր ավելի շատ են մտածում Ղարաբաղի քաղաքացիների կյանքի բարելավման մասին», – գտնում է պատգամավորը:
Բարսեղյանի եւ Աղաբալյանի արտահայտած տեսակետները, կարծես, համոզում են կանանցից շատերին, որ իրենց առջեւ սահմանափակումներ չկան:

«Կարծում եմ`մեզ մոտ որեւէ սահմանափակում կանանց ներգրավվածության առումով չկա: Դրա վառ ապացույցն է այն, որ բավականին կարեւոր պաշտոններ են կառավարությունում զբաղեցնում կանայք: Ինքս պաշտոն չեմ զբաղեցնում, բայց պետք է խոստովանեմ, որ կանանց տեղ են տալիս կառավարման ոլորտում», – ասում է Անժելա Գեւորգյանը, ով աշխատում է մասնավոր սեկտորում:
Մասնագետներն ասում են, որ սրանք պարզապես դիտարկումներ են, քանի որ հարցի առնչությամբ ուսումնասիրություն չի կատարվել:

Նրանք նշում են, որ Ղարաբաղում բնակվող կանանցից շատերը չեն գիտակցում կամ գտնում, որ ընտանիքում նրանց նկատմամբ կատարված բռնությունները եւ տղամարդկանց կողմից նրանց ինչ-որ բան պարտադրելը կամ արգելելը իրավունքների խախտում է: Հենց դա էլ պատճառ է հանդիսանում, որ հարմարվեն այդ ամենի հետ եւ չբարձրաձայնեն:

Ստեփանակերտի բնակչուհի 38-ամյա Կարինե Գրիգորյանն էլ է այդ կարծիքին: Նա ամուսնացել է 20 տարեկանում: Ամուսինը նրանից 10 տարով մեծ է: Նրա խոսքերով`իր ընտանեկան կյանքում էլ են եղել այնպիսի պահեր, երբ ամուսինն իրեն արգելել է ինչ-որ տեղ գնալ, տնից ընդհանրապես դուրս գալ, ինչը պայմանավորված էր նրա հիվանդագին խանդով:

«Բայց ես երբեք չեմ մտածել, որ նա իմ իրավունքներն է խախտում: Երեւի իմ դաստիարակությունից է ամեն ինչ գալիս. ինձ մանկուց սովորեցրել են, որ կինը պետք է լսի տղամարդուն, որ ընտանիքում ամեն ինչ որոշում է տղամարդը», – ասում է Կարինեն:
Ղարաբաղում Կարինեի պես շատերն են. հատկապես` ավագ սերնդում, ովքեր նույնպես նման դաստիարակություն են ստացել:

Վիճակագրական ծառայության տվյալներով`կանայք Ղարաբաղում մեծամասնություն են կազմում. հունվարի 1-ի դրությամբ`բնակչության թվաքանակը կազմել է 141.4 հազար մարդ, որի 51.9 տոկոսը իգական սեռի ներկայացուցիչներ են:
Ղարաբաղի գլխավոր դատախազության տվյալներով` 2009-ին գրանցվել է սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված 9 հանցագործություն, որից 2-ը` բռնաբարություն եւ բռնաբարության փորձ, իսկ 7-ը`անառակաբարո գործողություններ:

Ըստ ԼՂ վերաքննիչ դատարանի դատավոր Հասմիկ Խաչատրյանի`դատական պրակտիկայում նման դեպքերի սակավաթիվ լինելը դեռ չի նշանակում, որ դրանք բացակայում են: Նրա խոսքերով` ընտանեկան բռնությունն ինչ-որ չափով տարածում ունի թե´ Հայաստանում, եւ թե´ Ղարաբաղում, սակայն կանայք նախընտրում են չբարձրաձայնել այդ մասին:

«Իմ պրակտիկայում նման գործ չի քննվել: Բայց որքանով տեղեկանում ենք լրատվամիջոցներից եւ ոստիկանության տարածած տեղեկատվությունից, կանանց իրավունքները շատ հաճախ խախտվում են ոչ միայն տղամարդկանց, այլ նաեւ կանանց կողմից», – IWPR-ին ասել է դատավորը:

Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մտած դիմում-բողոքներից շատ քչերն են կապված զուտ կնոջ իրավունքների հետ (նախածննդյան ու հետծննդյան, երեխային խնամելու արձակուրդի տրամադրում եւ այլն): Սակայն այս ամենից կարելի է եզրակացնել, որ կանայք պարզապես լռում են ընտանեկան բռնության մասին:
«Խախտվում են մեզ մոտ կանանց իրավունքները, թե ոչ, միանշանակ չեմ կարող ասել, բայց կարծում եմ`այո: Թե չէ, չեմ կարող պատասխանել օրինակ այն հարցին, թե ինչու դպրոցներում եւ բուհերում աղջիկներն են լավ սովորում, բայց պաշտոններ հիմնականում զբաղեցնում են տղամարդիկ: Ընդ որում`ինչքան բարձր է պաշտոնը, այնքան կանայք քիչ են», – այս կարծիքին է Ղարաբաղում գործող «Հարմոնիա» հասարակական կազմակերպության ղեկավար Ջուլիա Առստամյանը:

Ղարաբաղում գործող «Մայրություն» ՀԿ-ի ղեկավար Հասմիկ Միքայելյանի կարծիքով` Ղարաբաղում ավելի շատ խախտվում են 30-ից բարձր եւ կենսաթոշակային տարիքին չհասած կանանց իրավունքները: «Աշխատանքի են ընդունում 19-ից 30 տարեկան կանանց, իսկ 30-ից բարձր տարիք ունեցող կանայք մնում են առանց աշխատանքի», -այսպես է ներկայացնում իր ասածը Հասմիկ Միքայելյանը, ով պատահական չի համարում, որ գործազրկությունը տարածված է հենց այդ տարիքի կանանց շրջանում: «Շատ հաճախ աշխատանքի չեն վերցնում նաեւ հղի կամ նոր ամուսնացած կանանց նույնպես», – շարունակում է նա:

Անահիտ Դանիելյանը «Հետք» պարբերականի թղթակիցն է Ստեփանակերտում:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի www.iwpr.net «Կովկասյան լրատու» պարբերականից:

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , ,

Թողեք Ձեր մեկնաբանությունը՝



Հոդվածի դիտումների քանակը` 5,280

Advertisement & web design solutions in Armenia