IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Օրվա լուսանկարը

Վրաստան. պատմական աշտարակները փլուզվում են…




Ակտիվիստների խոսքերով`անհրաժեշտ է ավելի շատ ջանք գործադրել`հեռավոր դաշտավայրում տեղակայված պատմական կառույցները պահպանելու համար

Թեա Տոպուրիա, Սվանեթի (Կովկասյան լրատու # 534, 5-ը մարտի, 2010թ.)

Georgia, SwanetiՏեղացի ակտիվիստների խոսքերով`Կովկասյան լեռներում տեղակայված Վերին Սվանեթիի խորհրդանիշը հանդիսացող պատմական քարակերտ աշտարակներից շատերը փլուզման եզրին են:
Վերին Սվանեթին, որը Վրաստանի`Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված երեք պատմամշակութային վայրերից է, երկրի հյուսիս-արեւմուտքում տեղակայված մի գեղատեսիլ դաշտավայր է: Այստեղ տեղակայված աշտարակները եւ 5000 մետր բարձրություն ունեցող գագաթները գնալով ավելի մեծ թվով զբոսաշրջիկների են հրապուրում:

9-րդ դարում եւ ավելի ուշ կառուցված այս աշտարակները, որոնք ե´ւ որպես պաշտպանական պարիսպներ են ծառայել, ե´ւ ամրոցներ, այժմ փլուզում են: Քանի որ դրանք պետական մշակութային կոթողներ են, տեղացիներին թույլ չի տրվում դրանք ինքնուրույն վերանորոգել, իսկ մշակույթի նախարարությունում նշում են, որ վերանորոգման համար կարող են տարիներ պահանջվել:

ՄԱԿ-ի մշակութային հարցերով զբաղվող մարմնի`ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված պատմամշակութային հուշարձանի կարգավիճակը պարտավորեցնում է պետությանը պահպանել դրանք, եւ եթե դա նրան չի հաջողվում, ապա այս կոթողները կարող են զրկվել այդ կարգավիճակից:
Փետրվարի 18-ին Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցը (CENN) Մեսթիա գյուղում հանդիպում էր կազմակերպել տեղացիների հետ`աշտարակների վիճակը քննարկելու համար:
«Տեղացիներից մեկը սկսել էր ինքնուրույն վերանորոգել տանիքը, բայց ինչ-որ մարդիկ էին եկել ու կանգնեցրել նրան: Նա նույնիսկ չէր հասկացել, թե նրանք որ բաժինն էին ներկայացնում», – ասում է Բեչո գյուղի բնակիչ Լոնդա Խորգուանին:

Աշտարակները վեր են խոյանում զառիվեր լանջերով լեռների մեջ ծվարած Սվանեթիի գյուղերի վրա, որոնց բնակիչները Եվրոպայում գտնվող ամենաբարձրաբերձ վայրերից մեկում են ապրում:
Այս բարձրության վրա կլիման խիստ է, եւ գյուղացիներն ասում են, որ եթե աշտարակների տանիքները չվերանորոգեն, ձյունն ու անձրեւը կթափանցեն ներս`ավերելով աշտարակները: Ջուրը, ներս թափանցելով, սառչում է, որի հետեւանքով դրա ծավալը մեծանում է`թուլացնելով քարերը եւ սալիկները:

Տեղացիների խոսքերով`նախորդ դարում 200 աշտարակ է փլուզվել, իսկ մնացած 200 աշտարակների մեծ մասը որոշ վերանորոգման կարիք ունեն:

Հաճախ փլուզվող աշտարակները զգալիորեն փոխել են մի շարք գյուղերի ուրվապատկերը:
«Ես հիշում եմ, որ մեր գյուղում յոթ աշտարակ կար, իսկ հիմա միայն մեկն է մնացել: Այդ աշտարակներում սրբապատկերներ էին պահում, բայց հետո դրանք եկեղեցի տեղափոխեցին», – ասում է Կետո Կվիցիանին`Բեչո գյուղում բնակվող ծեր կինը:
«Աշտարակը սարսափելի վիճակում է, տանիքն էլ վերանորոգման կարիք ունի: Դրա նման շատ աշտարակներ կան, բայց կարեւորն այն է, որ մեր գյուղում ճանապարհներ չկան, այնպես որ, նույնիսկ եթե որոշեն վերանորոգել այն, մեքենաներով չեն կարող հասնել աշտարակ», – ասում է կինը:

Կիսավեր աշտարակները նաեւ վտանգ են ներկայացնում տեղական բնակչության համար: Աշտարակների բարձրությունը կազմում է 4-20 մետր. դրանք տեղակայված են գյուղերի մեջտեղում`հաճախ անմիջապես բնակելի տների մոտ, այդ պատճառով ընկնող քարերը կարող են հեշտությամբ վնասել մարդկանց: Տեղացիներն ասում են, որ մարդկանց ոչինչ չի պատահել, բայց աշտարակի պատերի մոտով անցնող անասունները սատկել էին ընկող քարերից:
«Այս աշտարակներից մեկը միանգամից 4 ընտանիքի է սպառնում, քանի որ այն 4 տների միջեւ է կանգնած», – ասում է տեղական իշխանությունների ղեկավարի օգնական Վախթանգ Փիլփանին:
Աշտարակների տերերը քննարկում են կառավարության առջեւ իրենց շահերը ներկայացնող միություն հիմնելու հնարավորությունը`վախենալով, որ եթե այժմ այդ աշտարակները չպահպանվեն, ապա հետո այլեւս պահպանելու ոչինչ չի մնա:

«Լեխթա գյուղում Խերգիանի ընտանիքին պատկանող ճարտարապետական շինությունը հողին է հավասարվել: Այնտեղ մեկ այլ տուն կա, որը օր օրի փլուզվում է», – ասում է Մեսիա գյուղի բնակիչ Խվիչա Չարթոլանին:
Մեկ այլ գյուղի`Չաժաշիի աշտարակները եւս ավերվում են, եւ տեղացիների խոսքերով`իշխանությունները միայն կոսմետիկ վերանորոգում են իրականացրել այստեղ:

«Նրանք այնտեղ եղած շենքերը բաց գույներով են ներկել, ինչն ընդհանրապես չի համապատասխանում այս լեռնային գյուղին», – ասում է Մեսթիայի Ուսուցման եւ խորհրդատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Սոֆիկո Լոբջանիձեն:
«Մեսթիայում եղած տները ներկելուց հետո, որոշ քանակությամբ ներկ էր մնացել: Նրանք էլ որոշել էին դրանով ներկել Չաժաշիում եղած շենքերը»:

Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը խոստացել է, որ պետությունը կլուծի աշտարակների խնդիրը, սակայն դրա համար ժամանակ կպահանջվի:
«Անցյալ տարի 11 աշտարակների տանիքներն են փոխվել: Այս տարի ծրագրում ենք փոխել եւս 15 աշտարակների տանիքները, եւ այդ նպատակով բյուջեից 100,000 լարի (5800 դոլար) է հատկացվել: Մեկ աշտարակի տանիքի վերանորոգումն արժե մոտ 12 հազար լարի», – ասում է գործակալության մամլո խոսնակ Դիանա Բոլոտաշվիլին:
«Բացի այդ, մենք ծրագրում ենք վերականգնել Մեսթիա գյուղի պատմական թաղամասերից մեկը, որտեղ եղած աշտարակները եւ հարակից շինությունները նույնպես կվերականգնվեն: Մենք հետեւողականորեն կվերականգնենք ամեն ինչ: Չենք կարող վերականգնել բոլոր աշտարակները երկու-երեք տարվա ընթացքում, դա աստիճանաբար կկատարվի»:

Գործակալությունը նաեւ վստահեցնում է, որ տեղացիները կարող են ինքնուրույն վերանորոգել աշտարակները, սակայն այն պետք է նախ հաստատի այս ծրագրերը:
Տեղացիները, սակայն, չգիտեն, թե ինչպես պետք է նման ծրագրեր նախագծեն եւ ինչ օրենքներով պետք է առաջնորդվեն աշտարակների հետ աշխատելիս: Փորձագետների համոզմամբ`անհրաժեշտ է հատուկ դասընթացներ կազմակերպել`բնակիչներին իրենց իրավունքների մասին տեղեկացնելու նպատակով:

Թեա Տոպուրիան ազատ լրագրող է:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 1,899

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>