Վրաստան. աղմուկ կեղծ հեռուստառեպորտաժի շուրջ
Վրացական հեռուստաընկերության անհաջող կատակը`«Ռուսական ներխուժում» -ը պատկերող կեղծ հեռուստառեպորտաժը, բարկացրել է ընդդիմությանը եւ դիվանագետներին:
Լելա Իրեմաշվիլի, Թբիլիսի (Կովկասյան լրատու # 536, 18-ը մարտի, 2010թ.
Ռուսական ներխուժումը պատկերող կեղծ հեռուստառեպորտաժը ցուցադրած վրացական հեռուստաընկերությունը քննադատության է ենթարկվել իր կատակի համար, իսկ ընդդիմությունն այս քայլը դիտարկել է իբրեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ իրեն թուլացնելու փորձ:
Մասնավոր «Իմեդի» հեռուստաընկերությունը, որը պարզ չէ, թե ում է պատկանում, ցուցադրեց այդ հեռուստառեպորտաժը մարտի 14-ին: 2008-ի ռուս-վրացական պատերազմից պահպանված տեսանյութերից կազմված հեռուստառեպորտաժում նշվում էր, որ տանկերն արդեն Թբիլիսիի ճանապարհին էին, նախագահ Միխայիլ Սահակաշվիլին սպանված էր, եւ իշխանության ղեկը ստանձնել էր խորհրդարանի նախկին խոսնակ, իսկ ներկայում ընդդիմության առաջնորդ Նինո Բուրջանաձեի մասնակցությամբ կազմված կառավարությունը:
Չնայած հեռուստառեպորտաժն ուղեկցված էր հստակ նախազգուշացումներով, որ այն իրական չէր, հասարակության շրջանում խուճապ էր սկսվել: Բջջային կապը ծանրաբեռնված էր. բնակչությունը զբաղված էր լուրի հաստատման ապացույցներ փնտրելով:
Նույն օրը`երեկոյան, հեռուստաընկերության շենքի մոտ հսկայական ամբոխ կուտակվեց, իսկ Սահակաշվիլու խոսնակ Մանանա Մանջգալաձեն խիստ քննադատության ենթարկեց հեռուստաշոուն եւ հերքեց կառավարության որեւէ ներգրավվածաթյունն այս ամենի մեջ:
««Իմեդին» պետք է հետեւեր օրենքով հաստատված չափանիշներին, իսկ ողջ «լրատվական ծրագրի» ժամանակ էկրանին պետք է դրա մտացածին լինելը հաստատող հստակ հաղորդագրություն լիներ», – հայտարարել էր նա:
Սակայն նախագահի խոսնակի բառերը չհանդարտեցրեցին ընդդիմության ակտիվիստներին. այսպես, Բուրջանաձեն այս ռեպորտաժը դիտարկում է որպես կառավարության`մայիսին նախատեսված քաղաքապետի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ ընդդիմությանը վարկաբեկելու փորձ: Ակնկալվում է, որ այդ ընտրությունները կդառնան կառավարության ժողովրդականության կարեւոր չափորոշիչը:
«Այս կեղծ հատուկ ռեպորտաժի սցենարի հեղինակը Միխայիլ Սահակաշվիլին է, քանի որ ոչ ոք այս հեռուստաալիքում նման սադրանքի չէր դիմի առանց նրա հավանության», – ասում է Բուրջանաձեն:
«Իշխանություններն ուզում են վախեցնել մարդկանց ռուսական սպառնալիքով`իրենց քաղաքականության բացարձակ ձախողումը կոծկելու նպատակով»:
Ընդդիմության երկրորդ առաջնորդ եւ նախկին վարչապետ Զուրաբ Նոգայդելիին, ով, ըստ կեղծ ռեպորտաժի`կապված էր կառավարության ստեղծման հետ, բնավ չի զարմացրել այս քայլի լկտիությունը:
««Իմեդի»-ի եթերում հեռարձակված այս ռեպորտաժը երկու ամիս տեւած քաղաքական-հոգեբանական ահաբեկչության շարունակությունն է, որի նպատակն էր`ընդդիմությանը թշնամու կերպար վերագրել», – համոզված է նա:
Սակայն, եթե ռեպորտաժն իսկապես նախատեսված էր նախքան ընտրություններն ընդդիմությանը պրո-ռուսական կողմնորոշում վերագրելու համար, ապա դրան չհաջողվեց վնասել ընդդիմության նկատմամբ քվեարկողների բարեհաճությանը:
«Սա գործեց ի վնաս իշխանությունների: Եւ արդյունքում, թուլացավ նաեւ պրո-արեւմտյան եւ հակառուսական կողմնորոշումը: Սակայն սա չի նշանակում, թե ժողովուրդը պրո-ռուսական կողմնորոշում ունի», – նշում է «Հասարակական նախագծերի կենտրոն» հետազոտական ինստիտուտի ղեկավար Գեորգի Խուխաշվիլին:
Նրա խոսքերով`պարզ չէ, թե արդյոք այս չար կատակի առաջ բերած զայրույթը երկար կտեւի:
«Սակայն, ամեն դեպքում, այն չի վնասել ընդդիմությանը», – նշում է նա:
Եվրոպական Միությունը եւ Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դենիս Քիիֆը, ում արխիվի տեսանյութերը եւս օգտագործվել են հեռուստառեպորտաժում, խիստ քննադատության են ենթարկել «Իմեդի» հեռուստաընկերությանը:
«Ոչ ես, ոչ բրիտանական կառավարությունը չենք կանխատեսել եւ ներգրավված չենք եղել նման անպատասխանատու մի ծրագրի մեջ, որն անհարկի խորը հուզմունք է առաջացրել վրաց հասարակության շրջանում: «Իմեդի» հեռուստաընկերության`այս տեսանյութը չարաշահելը դիտում եմ որպես անքաղաքավարություն իմ`որպես Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի նկատմամբ, ինչը վատ է անդրադառնում Վրաստանի վստահելի եւ անկախ լրատվամիջոցների հեղինակության վրա», – նշվում է Քիիֆի հայտարարության մեջ:
«Ես երախտապարտ կլինեի, եթե «Իմեդին» նույն նշանակալիությամբ, ինչպես առաջին ռեպորտաժի դեպքում, հնարավորինս շուտ եթերում հայտարարեր, որ այս տեսանյութն իրական չէր, եւ որ այն օգտագործվել էր առանց իմ համաձայնության եւ գիտության»:
2008թ. պատերազմից հետո Ռուսաստանի եւ Վրաստանի ստորագրած զինադադարի վերահսկողությունն իրականացնող ԵՄ հայտարարության մեջ նշվում է. «Մեր հսկորդները ականատես են եղել, թե ինչպիսի հուզմունք եւ մտահոգություն է առաջացրել այս միջադեպը տեղական բնակչության շրջանում իր անվտանգության եւ ապահովության վերաբերյալ:
Նման անպատասխանատու ծրագրերը կարող են լրջորեն ապակայունացնել վիճակը ճակատային հատվածներին մոտ տարածքներում: Վտանգավոր, նշանակալի միջադեպեր կարող էին տեղի ունենալ: Մենք կոչ ենք անում բոլոր պատասխանատու անձանց լիովին հաշվի առնել իրենց հետագա արարքների հետեւանքները: Անվտանգության եւ կայունության պահպանման ապահովումը պետք է բոլորի շահերից բխի»:
«Իմեդի» հեռուստաընկերության տնօրեն եւ Սահակաշվիլու աշխատակազմի նախկին ղեկավար Գեորգի Արվելաձեն շտապեց ներողություն խնդրել հեռարձակված ռեպորտաժից հետո:
«Կեղծված նորությունը ցնցել էր բնակչությանը: Մենք հասկանում եք դա եւ հայցում նրանց ներողամտությունը», – հայտարարել է նա:
Լելա Իրեմաշվիլին ազատ լրագրող է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)
Հոդվածի գրանշումներ (tags)` Georgia, Georgian opposition, TV, կեղծ հարձակում, հեռուստառեպորտաժ, ռեպորտաժ, Վրաստան, Վրաստան-Ռուսաստան, վրացական ընդդիմություն







Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!