Վրաստան. կաշառակերության դեմ պայքարը վստահություն չի ներշնչում
Չնայած ձեռք բերված առաջընթացին`Վրաստանում չեն հավատում իշխանությունների`կաշառակերության դեմ պայքարի վերաբերյալ պարծենկոտ հայտարարություններին:
Անա Կանդելակի, Թբիլիսի (Կովկասյան լրատու # 535, 12-ը մարտի, 2010թ.)
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները վերջին տարիների ընթացքում հակակոռուպցիոն սանդղակում պարբերաբար Վրաստանի վարկանիշի բարձրացում են արձանագրել, սակայն տեղացիները չեն շտապում հավատ ընծայել սրան:
Քաղաքացիները խոստովանում են, որ ոստիկանության, տեղական իշխանությունների ներկայացուցիչների կամ այլ պետական մարմինների հետ այժմ կարող են անմիջականորեն գործ ունենալ, ինչը մի քանի տարի առաջ անհնար էր առանց կաշառք տալու:
«Transparency International» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության 2009թ. ցուցակում Վրաստանը զբաղեցրեց 66-րդ տեղը 180 երկիր ընդգրկող ցուցակում: Մոնիթորինգով զբաղվող մեկ այլ համաշխարհային կազմակերպությունը`«Global Integrity»-ին, փետրվարի 13-ին հայտարարեց, որ Վրասատնում այլեւս զանգվածային կաշառակերություն չկա, եւ որ այն լավագույն ցուցանիշներն է ցույց տալիս նախկին խորհրդային հանրապետությունների շրջանում`չհաշված Բալթյան երկները:
2003-ին իշխանության գալով`նախագահ Միխայիլ Սահակաշվիլին զանգվածային պայքար սկսեց կաշառակեր պաշտոնյաների դեմ: Վերլուծաբանների խոսքերով`առաջընթաց է գրանցվել հատկապես քաղաքացիական ծառայության, ոստիկանության համակարգում, ինչպես նաեւ կրթության ոլորտում, որը նույնիսկ Խորհրդային ժամանակներում աչքի էր ընկնում կաշառակերության ցուցանիշներով:
«Վրաստանի կառավարությունն ամենաանկաշառն է: Եւ սա Սահակաշվիլու գովազդը չէ, ինչպես որոշ մարդիկ են կարծում: Սա իրականությունն է», – հայտարարել էր նախագահը դեկտեմբերի 8-ին`ճանապարհաշինության ոլորտում աչքի ընկածների պարգեւատրման արարողության ժամանակ:
Չնայած նրա խանդավառությանը`շատերը չեն հավատում, թե բարձր մակարդակում կաշառակերությունը վերացել է, նույնիսկ այն դեպքում, եթե նրանցից շատերը տարիներ շարունակ ստիպված չեն եղել կաշառք տալ:
«Այն, որ առավել ցածր մակարդակում կաշառակերությունը կրճատվել է, բոլորին է հայտնի, բայց նույնը չի կարելի ասել ավելի բարձրաստիճան պաշտոնյաների մասին», – ասում է «Transparency International»-ի ներկայացուցիչ Թամար Կարոսանիձեն:
Վրաստանի վարչապետի գլխավոր խորհրդական Վախթանգ Լեժավան ասում է, որ հոգնել է բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կաշառակերության վերաբերյալ հնչող անհիմն հայտարարություններից:
«Ինչ վերաբերում է վերնախավի կաշառակերությանը, ապա հիմք չկա նման կասկածների համար, եւ ոչ ոք դրանք չի էլ կարող հիմնավորել: Շատերի համար պարզապես դժվար է գիտակցել, որ Վրաստանը մեծամասամբ ազատվել է կաշառակերությունից», – ասում է նա:
«Ոչ մի ուսումնասիրություն չկա, որտեղ կոռուպցիան հաստատող փաստեր լինեն: Դա հաստատված չէ: Բայց շատերի համար դժվար է ընդունել սա, եւ նրանք վերնախավի շրջանում տարածված կաշառակերության մասին ինչ-որ առասպելներ են հորինում`չնայած այն փաստին, որ բոլոր հասարակական հարցումների ժամանակ մարդկիկ ասում են, որ կաշառակերության ոչ մի փաստ չգիտեն»:
Չնայած այս հավաստիացումներին`ընտրողները կասկածում են կառավարության այն հայտարարությունների վրա, թե կաշառակերության դեմ պայքարը ավելին է, քան քարոզչական կամպանիա`հաշվի առնելով այն, թե ինչպես է կառավարությունն օգտագործում լրատվամիջոցները: Հեռուստաշոուների ժամանակ պարբերաբար ցույց են տալիս, թե ինչպես են սահմանադրական անվտանգության վարչության աշխատակիցները ձերբակալում կաշառակեր պաշտոնյաներին. այդ միջոցառումները տեսախցիկների ուղեկցությամբ են իրականացվում:
Հեռուստաշոուները հաճախ ցույց են տալիս պաշտոնյաների`կաշառք վերցնելը պատկերող գաղտնի տեսանյութերը եւ հաջողության են հասել այն առումով, որ բյուրոկրատները զգուշանում են այլեւս նույնիսկ փոքր կաշառք վերցնելուց:
«Ամեն անգամ այդ պատկերները տեսնելիս`ինձ հարց եմ տալիս. «Այս մարդիկ իսկապե՞ս որոշել են վերցնել փողը»: Այդ տասը լարին (6 դոլար) կարող է նրանց տասը տարվա ազատազրկման պատճառը դառնալ», – ասում է մի վրացուհի, ով խնդրեց չհրապարակել իր ազգանունը:
Նա անձնագրային վարչությունում է աշխատում, որտեղ կաշառակերությունը սովորական երեւույթ էր. նա ասում է, որ շատ ավելի լավ էր ապրում, նախքան Սահակաշվիլու իշխանության գալը, քանի որ ժամանակին նա օրական 50 լարի էր վաստակում կաշառքների հաշվին:
«Ցանկացած լրացրած անկետայի համար ինձ 5-10 լարի էին վճարում: Ես նրանց չէի խնդրում դա անել, սակայն բոլորն էլ գիտեին այդ մասին: Իսկ հիմա այն օրերին աշխատած գումարի կեսն եմ միայն ստանում: Բայց ես չպետք է նույնիսկ մեկ տետրի վերցնեմ (լարիի մեկ հարյուրերորդական մասը) ոչ ոքից: Աշխատանքս կկորցնեմ: Այնուամենայնիվ, ոչ ոք փող չի էլ առաջարկում: Բոլորը վախենում են», – ասում է նա:
Փորձագետների խոսքերով`հեռուստատեսությամբ ցուցադրված ձերբակալություններն օգտակար են եղել այս արմատավորված կաշառակերության դեմ պայքարում, չնայած շատերը կասկածում են, որ դրա վերացման մեթոդները խիստ օրինական են, քանի որ դրանք ենթադրում են կասկածյալի մեղավորությունը նախքան դատավարությունը:
IWPR-ի հետ զրուցածներից համարյա բոլոր համոզված են, որ կաշառակերությունը ներկայում սահմանափակված է վարչակարգին մոտ գտնվող փոքր շրջանակի մեջ:
«Ես չեմ խառնվում այդ շրջանակների մեջ, որտեղ ամեն ինչ կաշառքի միջոցով է որոշվում: Սա միայն ամենաբարձր մակարդակում է հնարավոր», – ասում է Թբիլիսիի 47-ամյա բնակիչ Թոռնիկե Գամցեմլիձեն:
Ընդդիմադիր քաղաքական գործիչներն էլ, իրենց հերթին, մտահոգություն են հայտնել իրենց խոսքերով`բիզնեսի հետ կառավարության գործարքների թափանցիկության պակասի վերաբերյալ:
«Պաշտպանության եւ ներքին գործերի նախարարություններում պետական գնումներով զբաղվող հսկայական մարմիններ կան, որոնց մասին այս ոլորտից դուրս գտնվողները ոչինչ չեն կարող իմանալ», – ասում է Միավորված ընդդիմությունը ներկայացնող, խորհրդարանի պատգամավոր Գեորգի Ցագարեիշվիլին:
Ճանապարհաշինության հետ կապված աճուրդների կազմակերպումը հատկապես մանրամասն ուսումնասիրության է ենթարկվում: Վրաստանի Երիտասարդ իրավաբանների միությունը ուսումնասիրել է գործընթացը, եւ դրա նախագահ Թամար Խիդաշելին ասում է, որ արդյունքներն անհանգստացնող են:
«Մենք մեկ որոշակի աճուրդ ընտրեցինք, եւ ուսումնասիրեցինք, թե այն ինչպես էր կազմակերպվել: Արդյունքում`մի շարք ընթացակարգային խախտումներ բացահայտվեցին: Այստեղ խոսվում է միլիոնավոր դոլարների արժողությամբ հսկայական աշխատանքի ապահովման մասին, սակայն դրա մասին տեղեկատվությունը միայն տեղական լրատվամիջոցներում է հրապարակվել եւ միջազգային մակարդակով չի հայտարարվել, չնայած դա պարտադիր է», – ասում է նա:
«Շատ ընկերություններ առանց որեւէ պատճառի են որակազրկվել: Սակայն ամենահետաքրքիր բացահայտումը հետազոտության ավարտին եղավ, երբ պարզվեց, որ հաղթող ընկերությունը ֆինանսավորել էր պրո-նախագահական «Ազգային Շարժում» կուսակցությանն ընտրությունների ժամանակ: Սա շատ բան է ասում»:
Իշխող «Ազգային Շարժում»-ը կտրականապես հերքում է կատարված նվիրատվությունների եւ պետական աճուրդների հաղթողների միջեւ որեւէ կապի առկայությունը:
««Ազգային Շարժում»-ը չի մասնակցում բիզնես գործարքների եւ չի միջամտում աճուրդներին: Ամենակարեւորն այն է, որ աշխատանքը լավ կատարվի: Հետեւաբար, աճուրդում հաղթող ընկերությունն այն է, որն ամենալավ կկատարի աշխատանքը», – ասում է խորհրդարանում իշխող կուսակցության անդամ եւ Քութայիսիում դրա ստորոբաժանման ղեկավար Գոչա Թեվդորաձեն:
«Պետական պատվերների եւ աճուրդների կազմակերպման մեջ կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքները պարզապես մտացածին բնույթ են կրում»:
Իսկ կառավարությանը քննադատողների համար շատ դժվար է քաղաքական վերնախավի շրջանակներում կաշառակերության ապացույցներ գտնել:
«Քանի որ քաղաքական վերնախավում կաշառակերությունը միայն այդ շրջանակներում է, այն բացահայտելը շատ ավելի բարդ է, քան ավելի ցածր մակարդակով դա անելը, ինչը հաջողությամբ իրականացնում են իշխանությունները: Վերնախավի կոռուպցիան ավելի ցածր մակարդակում տեղ գտած կաշառակերությունից տարբերվում է նրանով, որ այն թաքցվում է, իսկ քաղաքացիական կազմակերպություններին հասանելի չէ տեղեկատվությունը, որը կարող է օգնել բացահայտել այս մակարդակի կաշառակերության գործարքները», – ասում է քաղաքական մեկնաբան Զաալ Անջափարիձեն:
Անա Կանդելակին ազատ լրագրող է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)
| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,649









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.