Ղարաբաղյան պատերազմը շարունակում է զոհեր տալ
15 տարի է անցել ղարաբաղյան պատերազմից, սակայն բժիշկների խոսքերով`պատերազմի ժամանակ տարած սթրեսի հետեւանքով առաջացած հիվանդությունները շարունակում են խլել մարդկանց կյանքերը:
Կարինե Օհանյան, Ստեփանակերտ (Կովկասյան լրատու # 535, 11-ը մարտի, 2010թ.)
Արդեն 15 տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն է հաստատվել, սակայն բժիշկները մտահոգվում են, որ պատերազմը շարունակում է խլել մարդկանց կյանքերը սթրեսի հետեւանքով առաջացած հիվանդությունների միջոցով. Հիվանդություններ, որոնց քանակն ավելանում է:
Ղարաբաղի առողջապահության ոլորտի ներկայացուցիչներն ասում են, որ այստեղ գործ ունեն «Ղարաբաղյան համախտանիշի» հետ, որն արտահայտվում է քաղցկեղի, սրտի կաթվածի եւ այլ հիվանդությունների տեսքով:
Երբ պատերազմը սկսվեց, 34-ամյա Սիլվա Գրիգորյանը 16 տարեկան էր: Մինչ այդ միակ հիավանդությունը, որը նա տարել էր, հասարակ գրիպն էր, սակայն զրկանքներն ու պատերազմական դրության լարվածությունը խարխլել էին նրա առողջությունը:
«Ո´չ էլեկտրականություն կար, ո´չ գազ, ո´չ հաց: Սարսափելի պաշարման պայմաններ էին: Բայց այն ժամանակ ես դա չէի նկատում: Կարեւորը մշտական ռմբակոծությունների ժամանակ ողջ մնալն էր: Մենք հաշվարկում էինք, թե որքան ժամանակ էր պահանջվում հրետանու վերալիցքավորման վրա`մոտավորապես 40 րոպե, եւ վազում էինք վերեւ`տուն, որ հասցնենք զուգարան մտնել, հաց ուտել, լողանալ», – վերհիշում է նա:
«Այդ տարիներին մենք չէինք էլ մտածում, թե մեզ ինչ է սպասում պատերազմից հետո: Միակ անհանգստությունն այն էր, որ մեր հարազատները ողջ մնան: Մենք նույնիսկ իրար անեկդոտներ էինք պատմում, գիրք էինք կարդում մոմի լույսի տակ: Պետք էր ինչ-որ զբաղմունք գտնել`նկուղում ժամանակն անցկացնելու համար»:
Պատերազմի ավարտից երեք տարի անց, սակայն, Սիլվայի մոտ ստամոքսի խոց եւ վահանաձեւ գեղձի խանգարում հայտնաբերեցին. նրան շտապ վիրահատություն էր անհրաժեշտ:
«Բժիշկն ասաց, որ այս ամենի պատճառը նյարդերս էին, որոնք չեմ դիմացել պատերազմի ժամանակ տարած սթրեսներին»:
Պատերազմը սկսվեց 1988-ին, երբ մեծամասամբ հայկական բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը որոշեց դուրս գալ Ադրբեջանական ԽՍՀ կազմից: Այն ժամանակ Ադրբեջանի իշխանությունների պարտադրած պատերազմն անցնում էր ոչ միայն մարտի դաշտում, այլեւ բնակավայրերում, որտեղ յուրաքանչյուր օրը մարդիկ մահվան վախով էին անցկացնում:
Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանի խոսքերով`հատուկ ուսումնասիրություններ չեն կատարվել, թե ինչպես է ազդել պատերազմը տարբեր հիվանդությունների քանակի աճի վրա: Նա նշում է, որ սրտային հիվանդությունների, կաթվածի, շաքարախտի եւ այլ հիվանդությունների աճը համաշխարհային միտման շարունակությունն է:
«Սակայն, իհարկե, այս հիվանդությունների խթանող մեխանիզմը սթրեսն է: Այո´, էկոլոգիական եւ ժառանգական գործոնները նույնպես շատ կարեւոր են, սակայն այդ հիվանդությունների առաջացման պատճառը սթրեսն է, իսկ պատերազմը, անկասկած, իր հետքն է թողել դրանց քանակի աճի վրա», – ասում է նա:
Վիճակագրական տվյալներով`եթե Ղարաբաղում 1985թ. կար 4447 քաղցկեղով հիվանդ, ապա 2005-ին նրանց թիվը համարյա կրկնապատկվել էր`հասնելով 8964-ի:
Շրջանի առաջատար ուռուցքաբան, ԼՂ վաստակավոր բժիշկ Փարավոն Ադամյանը, ով 45 տարի շարունակ ղեկավարել է ԼՂ Ուռուցքաբանական դիսպանսերը, եւս համոզված է, որ պատերազմը հիվանդությունների քանակի աճի խթան է հանդիսացել, հատկապես իր ոլորտում:
«Իմ գործընկերներից ոմանք Հայաստանում գիտական հոդվածներ են հրապարակել եւ ելույթներ ունեցել Ազգային ուռուցքաբանական կենտրոնում. կան ապացույցներ, որ պատերազմի տարիներին եւ դրանից հետո քաղցկեղի դեպքերի կտրուկ աճ է նկատվել», – նշում է մասնագետը:
Ադամյանի խոսքերով`ուռուցքային հիվանդությունների աճ հատկապես նկատվել է Ադրբեջանից գաղթած հայ փախստականների մոտ:
«Ուռուցքաբանությունն այն ոլորտն է, որտեղ սթրեսը կարող է հիվանդության զարգացման խթան հանդիսանալ, իսկ պատերազմի ժամանակ յուրաքանչյուր երկրորդը սթրես է տարել: Եւ ինչո՞ւ երկրորդը, եթե ոչ բոլորը», – ասում է Ադամյանը:
Հիվանդությունների ընդհանուր աճը Ղարաբաղում մասամբ պայմանավորված է նաեւ պատերազմի ժամանակ առողջապահության համակարգի անկմամբ: Բժիշկները ստիպված էին կենտրոնանալ արտակարգ բուժօգնության ցուցաբերման վրա. այն ժամանակ դեղերի եւ վիրակապերի պակաս կար, իսկ պրոֆիլակտիկ բժշկության համար ժամանակ չկար:
Այդ օրերից ի վեր, Ղարաբաղում հրաժարվեցին Խորհրդային ժամանակների անվճար բժշկական ծառայությունների համակարգից. այժմ շատ ծառայություններ վճարովի են, եւ շատերի համար`անհասանելի:
«Այսօր բժշկությունը վճարովի է, եւ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ հաճախակի հետազոտություններ, ամեն օր դեղ ընդունել եւ պրոֆիլակտիկ բուժում անցնել: Սրանք նույնպես գործոններ են, որոնք նպաստում են հիվանդությունների քանակի աճին», – ասում է սրտաբան Նեդա Ներսեսյանը:
Սակայն, նրա խոսքերով, սա դեռ ամենը չէ: Սրտի կաթվածները, օրինակ, լուրջ խնդիր են դարձել:
«Նախկինում ինֆարկտը հազվադեպ երեւույթ էր: Իսկ այժմ …. ո՞վ է այսքան շատ ինֆարկտ տեսել», – ասում է սրտաբանը:
Ղարաբաղյան բժիշկների խոսքերով`մարդկային հիշողությունն ընդունակ է մոռանալ վատ հիշողությունները, սակայն հաճախ այդ վատ հիշողությունները պահպանվում են «պասիվ հիշողության» եւ ենթագիտակցության մեջ, իսկ հետո`շատ տարիներ անց, ազդում օրգանիզմի վրա`արդեն հիվանդության տեսքով:
«Այսօր արդեն իսկ կարող ենք խոսել «Ղարաբաղյան համախտանիշի» մասին, քանի որ պատերազմը նշանակալի հետք է թողել հետպատերազմյան Ղարաբաղի բնակիչների վրա», – ասում է Ստեփանակերտի հոգեբուժական-նարկոլոգիական դիսպանսերի գլխավոր բժիշկ Հակոբ Հակոբյանը: Նրա գնահատմամբ`պատերազմն ազդում է ոչ միայն կռվող զինվորների վրա, այլ պատերազմական դրության զրկանքների եւ սարսափների միջով անցած յուրաքանչյուր մարդու վրա:
42-ամյա Գայանե Առուստամյանը, ով երկու երեխաների մայր է, վերջերս պարզել է, որ քաղցկեղ ունի: Հիվանդությունը վերջին փուլում են հայտնաբերել, եւ չնայած այժմ նա քիմիական բուժման կուրս է անցնում, կարծում է, որ միայն Աստված կարող է փրկել իրեն:
«Պատերազմից առաջ մանկապարտեզում որպես դայակ եմ աշխատել: Իսկ հետո անցել եմ այն ամենի միջով, ինչի միջով անցնելն անհնար էր: Ռմբակոծությունների ժամանակ գրկում էի երկու տղաներիս, որոնցից մեկն այն ժամանակ 2 տարեկան էր, մյուսը`5, եւ վազում էի նկուղ`թաքնվելու: Ես սպասում էի ամուսնուս վերադարձին ճակատից եւ ամեն օր աղոթում էի նրա համար: Իսկ երբ նա վերադարձավ, սկսեց խմել ու հարբեցող դարձավ», – պատմում է Գայանեն:
Կարինե Օհանյանն ազատ լրագրող է Ստեփանակերտում:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի www.iwpr.net “Կովկասյան լրատու” պարբերականից:
| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 5,889









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.