Հայ կանայք. երկար ճանապարհ դեպի հավասարություն
Հայաստանի հասարական կյանքում հավասարության առումով առաջընթացը դանդաղ է տեղի ունենում:
Գայանե Աբրահամյան, Երեւան (Կովկասյան լրատու # 537, 26-ը մարտի, 2010թ.)
Հայաստանում մեծ քաղաքականության դռները, որը հաճախ անվանում են «տղամարդկանց ակումբ», կանանց առաջ փակ են:
Չնայած կանայք բնակչության կեսից ավելին են`մոտ 52 տոկոս, եւ նրանց 75 տոկոսն էլ ունի բարձրագույն կրթություն, սակայն քաղաքական բարձր էշելոններում կանայք շատ քիչ են ներկայացված:
Օրենքով` կանայք լիովին հավասար են տղամարդկանց, բայց չգրված օրենքների ուժն առավել զորեղ է, քան բազում միջազգային կոնվենցիաներն ու համաձայնագրերը, որոնք Հայաստանին պարտադրում են գենդերային հավասարություն:
Խորհրդային Միության փլուզումից հետո, անկախության 18 տարիների ընթացքում միայն 4 կին է նստել նախարարի աթոռին, իսկ այսօրվա 18 նախարարներից միայն երկուսն են կանայք:
Երկրի 11 մարզերից միայն մեկում` Շիրակի մարզում, 2007 թ. առաջին անգամ նշանակվեց կին մարզպետ, սակայն քաղաքապետի պաշտոնը դեռևս անհասանելի է:
Ամենաբարձր պաշտոնը, որ երբեւէ զբաղեցրել է հայ կինը, խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնն է, որում 2007 թ. սեպտեմբերին ընտրվեց կոալիցիոն կառավարության մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեւիկ Պետրոսյանը, ով օրենսդիր մարմնում ներկայացված 12 կանանցից մեկն է:
Խորհրդարանի 131 պատգամավորներից միայն 12 կանանց առկայությունը խոսում է երկրում փոփոխվող գենդերային մտածելակերպի մասին, քանի որ նախորդ գումարման Ազգային ժողովում միայն 7 կանայք էին:
Որոշակի առաջընթաց է նկատվում նաև տեղական ինքնակառավարման մարմիններում. եթե 2005-ին միայն 16 կանանց էր վստահվել ղեկավարել գյուղ, ապա այսօր երկրի 866 գյուղերից 23-ն ունի կին գյուղապետ:
Սակայն, ինչպես մատնանշում են կանայք, այն ոլորտները, որոնց դռները բաց են իրենց համար, այնտեղ երկրի համար ծանրակշիռ որոշումներ չեն ընդունվում:
«Ճիշտ է, կանանց այսօր ավելի հեշտությամբ են հանդուրժում, սակայն բարձր ատյանները դեռեւս անհաղթահարելի են», – ասում է գենդերային հարցերով զբաղվող Համալսարանական Կրթությամբ կանանց ասոցիացիայի (ՀԿԿԱ) հիմնադիր նախագահ Ջեմմա Հասրաթյանը:
Ինչու՞ են կանայք դուրս մղվում քաղաքական «հայրիշխանական» էլիտայի շարքերից, այս հարցն ունի մի քանի պատասխաններ:
2006 թվականին իրականացված «Քաղաքական մասնակցությունը անցումային շրջանի հասարակությունում. գենդերային հավասարության չափումը» սոցիոլոգիական հետազոտությունը փաստում է, որ քաղաքական ասպարեզում կանանց առաջխաղացմանը խոչընդոտող հիմնական գործոնները հարցվողների 30,3 տոկոսի կարծիքով` ավանդական մտածելակերպն է, իսկ 15,5 տոկոսի` կոռուպցիան քաղաքական ոլորտում:
Սակայն մյուս կողմից հարցումները փաստում են, որ հայ տղամարդկանց 60 եւ կանանց 83 տոկոսը կողմ է, որ կինը զբաղվի քաղաքականությամբ: Ինչը երեք անգամ գերազանցում է 5 տարի առաջվա ցուցանիշը:
Ավանդական կարծրատիպերի հաղթահարումը, ինչպես մասնագետները, այնպես էլ հարցված քաղաքացիները համարում են ամենադժվարը:
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի փոխնախագահ Լիլիթ Զաքարյանն ասում է, որ գենդերային կարծրատիպերը դեռ շատ խորն են մեր հասարակության մեջ, որոնք կոտրել հաջողվում է քչերին:
«Խնդիրը ենթագիտակցության խորքում է, եթե այսօր հարցման ժամանակ շատերն ասում են, թե կողմ են կին թեկնածուին, ապա հենց ընտրության ժամանակ մեխանիկորեն ընտրում են տղամարդուն, քանի որ ենթագիտակցության շատ խորքերում միայն տղամարդուն են ընկալում որպես քաղաքական գործիչ կամ ղեկավար», – ասում է Պատմական գիտությունների թեկնածու Զաքարյանը:
Նույնը փաստում է նաեւ 3 անգամ պատգամավոր ընտրված Ալվարդ Պետրոսյանը` ասելով, որ «Կանայք տղամարդուն վստահում են առավել սովորույթի համաձայն, որը շատ ամուր ու խորն է նստած բոլորի գիտակցության մեջ»:
Շատերն էլ պնդում են, թե կնոջ ակտիվությունը հասարակական ու քաղաքական դաշտում տեղի է ունենում ընտանիքի հաշվին, եւ որ դրանք անհամատեղելի են:
Սակայն այս փաստարկի դեմ իրենց իսկ օրինակով խոսում են երկու`իշխանական ու ընդդիմադիր պատգամավոր բազմազավակ կանայք:
Հինգ երեխաների մայր, տնտեսագիտության դոկտոր Հերմինե Նաղդալյանը երեխաների դաստիարակության հարցում չի թերացել, իսկ մեծ ընտանիքն էլ չի խանգարել, որ նա 4 անգամ պատգամավոր դառնա:
«Ճիշտ է, հեշտ չէ, սակայն հաջողության համար կամք ու աշխատասիրություն է հարկավոր», – ասում է տնտեսագիտության դոկտոր, իշխող Հանրապետական խմբակցության անդամ Նաղդալյանը:
50 ամյա պատգամավորն առաջին անգամ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 1995 թ. մեծամասնական ընտրակարգով` պայքարելով 19 տղամարդ թեկնածուների հետ:
«Դժվար էր, սովորաբար քաղաքական պայքարը ագրեսիվ է, հաճախ դա կռիվ է առանց կանոնների, սակայն կինը հենց իր կանոններն է թելադրում, որոնք առավել մարդասիրական են ու հաճախ հաղթող», – ասում է Նաղդալյանը` հավելելով, որ ավանդական կարծրատիպերի հաղթահարման ճանապարհին ընտանիքի աջակցությունը չափազանց կարեւոր է եղել:
Մյուս բազմազավակ պատգամավորը`ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության անդամ 38-ամյա Զարուհի Փոստանջյանը, եւս հաջողությամբ է համատեղում պատգամավորական մանդատն ու երեք (շուտով չորս) երեխաների մոր կոչումը:
«Ընտանիքն ու քաղաքական գործունեությունը լիովին համատեղելի են, եթե կա դրա համար ցանկություն եւ ներուժ», – ասում է իրավաբան Փոստանջյանը, ով զբաղվում է, ոչ միայն քաղաքական, այլ նաեւ հասարակական ակտիվ գործունեությամբ: «Իհարկե, ընտանիքի աջակցությունը շատ անհրաժեշտ է, սակայն ես երբեք չեմ գործել ի հաշիվ իմ ընտանիքի»:
Քաղաքական գործիչներն ու սոցիոլոգները լուրջ խոչընդոտ են համարում նաեւ կոռուպցիան`շեշտելով, որ պաշտոնները տրվում են որոշակի քաղաքական եւ անձնական պայմանավորվածությունների արդյունքում, իսկ այդ գործարքներում կանայք սովորաբար քիչ են ընդգրկվում:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Արմինե Ղազարյանն, ով ուսումնասիրություն է կատարել «Քաղաքական ընտրապայքարում սեռային առանձնահատկությունները.կին թեկնածուի ընկալման յուրահատկությունները» թեմայով, համակարծիք է, որ «հարցերը լուծելու յուրահատուկ մշակույթը» խոչընդոտում է կանանց:
«Գոյություն ունեն որոշակի օղակներ, շերտեր եւ այնպիսի երեւույթներ, որոնք անբաժանելի մաս են կազմում մեր տիպի պետություններում` կոռուպցիա, գորշ կարդինալ, ոստիկանություն, օրենքով գողեր, օլիգարխներ, հարցեր լուծելու այս մշակույթն է, որը բացառում է կնոջ հետ նման գործարքների գնալը», – կարծում է հոգեբան Ղազարյանը:
Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը եւս համարում է, որ կանայք դուրս են մղվում որոշում կայացնողների վերնախավից` «կոռումպացված համակարգի հետեւանքով»:
«Տղամարդիկ շատ լավ գիտեն, որ հիմնականում կինը չի մտնի իրենց կեղտոտ խաղերի մեջ եւ ոչ իրավական դաշտում գործարքի չի գնա, իսկ բարձր պաշտոն տրվում է նրան, ով «տրվում է» այդ պաշտոնին», – ասում է Բախշյանը:
Մինչդեռ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի պնդմամբ`ամենամեծ գործոնը գենդերային դերերի խիստ բաժանումն է ընտանիքներում` կինը ճաշ եփող եւ երեխա պահող, տղամարդը` հաց վաստակող:
«Լուրջ առաջխաղացման մասին չենք կարող խոսել, քանի դեռ ունենք 67 տոկոս հոգեբանական ճնշում մեր ընտանիքներում, որի հիմնական դրսեւորումն աշխատել թույլ չտալն է», – ասում է Ադիբեկյանը`շեշտելով, որ Հայաստանը դեռ խիստ ավանդույթային երկիր է, չնայած որոշ փոփոխությունների:
Այդ ավանդույթը խախտել է խորհրդարանում «ամենաֆեմինիստական» կուսակցությունը` «Ժառանգությունը», որի 7 անդամներից 3 կանայք են, ի տարբերություն Հանրապետական խմբակցության, որոնց 64 անդամներից միայն երկուսն են կին:
«Կանայք մեծամասնություն են, եւ նրանց ձայնը պետք է լսելի դարձնել, առանց դրա ժողովրդավարությունն անհնար է», – ասում է «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Գայանե Աբրահամյանը ArmeniaNow էլեկտրոնային պարբերականի լրագրող է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի www.iwpr.net Կովկասյան լրատու պարբերականից:
| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 3,278









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.