Հայաստանում այցելությունների ծավալով առաջատար են ժամանցային կայքերը
2010թ.-ի փետրվար ամսվա տվյալների համաձայն Circle.am-ում գրանցված հայկական առաջատար կայքերի ցուցակի առաջին երկու տեղերում են Hamovhotov.com եւ Gisher.ru նախագծերը: Փետրվար ամսին Hamovhotov.com կայքի այցելությունների քանակը կազմել է 841 780, իսկ Gisher.ru կայքինը` 753 234:
Ըստ Circle.am եւ Բիզնես 24 ընկերությունների պատրաստած «Ինտերնետը Հայաստանում» զեկույցի, նշված երկու կայքերի առաջատարությունը բացատրվում է նրանով, որ երկուսն էլ ակտիվորեն օգտագործում են ինտերնետի առաջատար վիդեո պորտալների կողմից ընձեռնած «video-sharing» տեխնոլոգիաները, որոնց միջոցով ինտերնետում են հայտնվում հայկական հեռուստաընկերությունների տարբեր նախագծեր եւ սերիալներ: Այսպիսի նախագծերի հիմնական օգտվողները արտասահմանում բնակվող հայերն են, որոնց համար ինտերնետի միջոցով հնարավորություն է ստեղծվում դիտելու Հայաստանի հեռուստաընկերությունների զանազան նախագծեր:
Առաջատար տասնյակի 3-րդ եւ 5-րդ տեղերում են հայտնվել երկու սոցիալական կայքեր: Երրորդ տեղում է Armenia-Online.Ru նախագիծը (այցելությունների քանակը` 672 865), իսկ 5-րդ տեղում է Hayland.am սոցիալական ցանցը (այցելությունների քանակը` 350 524): Նշված է, որ Armenia-Online.Ru կայքում փետրվարի վերջի դրությամբ գրանցվածների քանակը 47 205 է, իսկ Hayland.am-ում` 81 013: Ըստ զեկույցի՝ այս կայքերի այցելությունների, էջերի դիտումների եւ գրանցված անձանց քանակների համեմատությունից պարզ է դառնում, որ Armenia-Online.Ru կայքում գրանցվածները շատ ավելի ակտիվորեն են օգտվում սույն ինտերնետային նախագծից: Զեկուցողները ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ Hayland.am-ում անձնական էջ ստեղծելուց հետո կայքում գրանցվածներին հնարավորություն չի տրվում հեռացնել իրենց էջերը:
Ըստ զեկույցի տվյալների՝ այցելությունների ծավալով լավագույն տասնյակի չորրորդ տեղում է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության կայքը (այցելությունների քանակը` 424 612)։ Նշենք, որ News.am-ը գործունեությունն սկսել է ծավալել 2009 թվականի հուլիսից։ Գործակալությունը նույն տարվա սեպտեմբերին արդեն Հայաստանի լրատվական առաջատար կայքերից մեկն էր, իսկ այսօր արդեն այցելուների քանակով զգալի առավելություն ունի Հայաստանի բոլոր լրատվական կայքերից, եւ միանձնյա առաջատարն է Circle.am ինտերնետային վիճակագրական նախագծի News, Media and Reference բաժնում։ Ի դեպ, կայքի այցելուների վիճակագրական տվյալներ կան նաեւ, rambler.ru. liveinternet.ru նախագծերի վիճակագրական-մեդիալոգիական բաժիններում։
«Ինտերնետը Հայաստանում» զեկույցի տվյալներով, այցելությունների ծավալով լավագույն տասնյակի 6-րդ հորիզոնականում է A1plus.am լրատվական կայքը (այցելությունների քանակը` 334,857), 7-րդում` Tert.am լրատվական կայքը (այցելությունների քանակը` 302 758): Վերջինիս հաջորդում են Armtoday.info լրատվական նախագիծը (այցելությունների քանակը` 190 516) 8-րդ և «Առավոտ» օրաթերթի ինտերնետային տարբերակը Aravot.am (այցելությունների քանակը` 165 342)` 9-րդ հորիզոնականներում: Հայկական կայքերի լավագույն տասնյակը եզրափակում է Newsarmenia.ru լրատվական նախագիծը (այցելությունների քանակը` 154 601): Առաջատար 100 կայքերի ցուցակում եւս լրատվական կայքերը մեծամասնություն են կազմում` մոտ 30:
Լրատվական կայքերին հաջորդում են մեկ տասնյակից ավել վիդեո և աուդիո պորտալները: Առաջատար 100-ի աղյուսակում են հայտնվել նաև հայկական առաջատար ֆորումները, ծանոթությունների, աշխատանքի տեղավորման, տեղեկատվական, ժամանցային, սոցիալական կայքերը:
Աղբյուրը` News.am
Հոդվածի գրանշումներ (tags)` Armenian internet, Armenian websites, entertainment, statistics, ժամանցային կայքեր, հայկական ինտերնետ, հայկական կայքեր, հայկական ռեսուրսներ, Հայկական ցանց, վիճակագրություն
Թողեք Ձեր մեկնաբանությունը՝
Հոդվածի դիտումների քանակը` 4,632


