Հայ սամբիստների մասնակցությունը «Ա.Խառլամպիևի հուշամրցաշարում»
Ինչպես նախօրոք տեղեկացրել էինք, մարտի 25-ից 27-ը Մոսկվայում տեղի ունեցավ մարզական և մարտական սամբոյի տղամարդկանց և կանանց «Ա.Խառլամպիևի հուշամրցաշար» աշխարհի սուպերգավաթի խաղարկությունը, որին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին 4 մարզիկ:
48 կգ քաշային կարգում հանդես եկող Ժաննա Վարդանյանը վիճակահանությամբ բաց թողեց մրցումների առաջին շրջանը, իսկ երկրորդում հանդիպելով Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող, աշխարհի և եվրոպայի չեմպիոնուհի Զինաիդա Բորիսովայի հետ գոտեմարտը տանուլ տվեց: Վերջինս դարձավ մրցաշարի հաղթող, իսկ մեր միակ մարզուհին ևս երեք հոգու հետ բաժանեց 5-ից 8-րդ տեղերը:
68 կգ քաշային, մարտական սամբոյի մրցումներում հանդես եկող Վաչիկ Վարդանյանը նույնպես բաց թողեց առաջին շրջանը, երկրորդում` գոտեմարտեց ռուսաստանցի Իվան Լապինի հետ ու տպավորիչ հաղթանակ տարավ: Կիսաեզրափակչի հանդիպումը մեր մարզիկի համար հաջող էր ընթանում` մեկ միավորով առաջ էր, սակայն գոտեմարտի ավարտից 20 վրկ առաջ Վաչիկը անուշադրության պատճառով աններելի սխալ թույլ տվեց և արդյունքում պարտվեց ռուսաստանցի Մուրադ Մաչաևին: Երրորդ տեղի համար գոտեմարտում մեր մարզիկը պարտվեց Իվան Դավիդենկովին /ՌԴ/ և գրավեց չորրորդ տեղը:
Մարզական սամբոյի մրցումներում տպավորիչ էին 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանի ելույթները: Նա, նախ հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցչին, ապա ռուսաստանցի Ալեքսեյ Շաբուրովին, ով այս քաշային կարգում համարվում էր առաջատարը: Մեր մարզիկի երրորդ մրցակիցը նույնպես Ռուսաստանից էր` Վլադիմիր Միլիշկովը, ում էլ ակնհայտ կողմնապահությամբ մրցավարները հաղթող ճանաչեցին:
Ի դեպ, մրցավարների մասին: Հուշամրցաշարի հանդիպումները դատող 37 մրցավարից 30-ը Ռուսաստանից էին:
90 կգ քաշային կարգում անհաջող էր Արմեն Իսպիրյանի ելույթը: Նա պարտվեց Ռուսաստանի Արմավիր քաղաքը ներկայացնող Էդվարդ Կուրղինյանին: Նշենք, որ մեր հայրենակիցը զբաղեցրեց 2-րդ տեղը: Ի դեպ, հայուհի կար նաև կանանց մրցումներում` ռուսաստանցի Սուսաննա Միրզոյանը /52 կգ/, ով գրավեց առաջին տեղը:
Ասվածին արժե հավելել, որ թեև մրցաշարի հրավերքում հատուկ նշված էր, որ ազգային ֆեդերացիաները յուրաքանչյուր քաշային կարգում կարող են ներկայացնել առավելագույնը երկու մարզիկ` ռուսաստանցիների ներկայությունը գերակշռող էր. 74 կգ քաշային կարգում 26 մասնակցից 9-ը ՌԴ-ից էին, 90 կգ-ում` 22-ից 12-ը և այլն:
Չնայած մեր մարզիկների ոչ այնքան հաջող ելույթներին, հուշամրցաշարը կարևոր ստուգատես և փորձի ձեռք բերման ասպարեզ էր առաջիկայում կայանալիք Եվրոպայի ու աշխարհի առաջնություններից առաջ:
Թե քանի մարզիկ կներկայացնի Հայաստանի Հանրապետությունը այդ մրցումներում, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կհաղորդի լրացուցիչ, շատ բան կախված է ֆինանսական միջոցներից:
Ի դեպ, օգտվելով առիթից մեր շնորհակալությունն ենք հայտնում «Արմավիա» ընկերությանը և անձամբ Միքայել Բաղդասարովին` Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հետ երկարատև համագործակցության, աջակցության ու հայ սամբիստներին` աշխարհի տարբեր մրցավայրեր «հասցնող» ավիատոմսեր տրամադրելու համար:
| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,126









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.