Հայաստան. սահմանամերձ գյուղերի չլուծված ջրային խնդիրները
Սահմանամերձ գյուղերի համբերատար բնակիչների խնդիրները սրվում են ջրամատակարարման հեռանկարի բացակայության պատճառով:
Գայանե Մկրտչյան, Բագարան (Կովկասյան լրատու # 536, 18-ը մարտի, 2010թ.)
Երեւանից 90 կմ հեռու`դեպի արևմուտք, հայ-թուրքական սահմանամերձ Բագարան գյուղում վերջին անգամ ծորակներից ջուր հոսել է 60 տարի առաջ:
Արաքսի այն ափին թուրքական Հելինջակ գյուղն է: Բագարանից ոչ միայն երեւում է Հելինջակի սպիտակ մզկիթը, այլեւ լսվում է մոլլայի նամազի ձայնը:
Բագարանցիները կարծում են, որ սահմանամերձ գյուղերը երկրի համար ռազմավարական նշանակություն ունեն, եւ պետությունը պետք է առանձնահատուկ ուշադրությամբ վերաբերվի իրենց:
Բագարանցի 50 ամյա Հեղինե Սահակյանը ցույց է տալիս վզի եւ ուսերի վրայի փոսիկը, որն առաջացել է ղանթարով ջուր կրելուց: Ամեն մի դույլը 12 լ է: Հեղինեն ջուր է կրում օրվա մեջ առնվազն երեք անգամ`72 լ: Նրա տունը գյուղի հակառակ ծայրում է: Հեղինեն 1, 5 կմ ոտքով տանում է ջրով լի դույլերը:
«Ինչ հարս եմ եկել այս գյուղ, ջուր եմ կրում, էլ ուս, ոտք չի մնացել: Մեր երեխաները մեծանում ու փախչում են այս գյուղից», – ասում է նա:
Անբավարար ջրամատակարարումը նորություն չէ այստեղ: 680 բնակիչ ունեցող Բագարանը Արմավիրի մարզի գյուղերից է: Հայ թուրքական սահմանից ընդամենը 1 կմ է հեռու գտնվում: Գյուղը հիմնադրվել է 1950 թվականին, եւ գրեթե երբեք ջուր չի ունեցել: Բագարանի գյուղապետ Գեւորգ Մարգարյանը ասում է. «Սովետի ժամանակ էլ մի բան չէր`մի օր ջուր էր գալիս, մի տարի չէ»:
Գյուղի ջրի ներքին ցանցը ամբողջովին քայքայված է: Վերանորոգել`այլեւս անհնար: Ջրագծերը համայնքապետարանի հաշվեկշռում են, սակայն գյուղապետարանը միայնակ ի վիճակի չէ լուծելու ֆինանսական մեծ ծախսեր պահանջող խնդիրը: Արդյունքում` բագարանցին շարունակում է օգտագործել առանց ֆիլտրացման եւ քլորացման անցնելու խմելու ջուրը:
Սա նշանակում է, որ վերջին հաշվով իշխանությունները պետք է հոգան ջրամատակարարման խնդիրը, բայց դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե գյուղացիները վճարեն մատուցվող ծառայությունների դիմաց: Խնդիրն այն է, սակայն, որ նրանք չեն ցանկանում վճարել ջրի համար`կարծելով, որ այն իրենց պապական ջուրն է:
Բագարանի նման, ջրազրկված է նաեւ Արմավիրի սահմանամերձ գյուղերից` Կողբավանը:
Ջրային տնտեսության մասնաճյուղերի սպասարկման ենթակայության տակ են հայտնվել այն բնակավայրերը, որոնք սեփական աղբյուրներ չեն ունեցել, եւ խմելու ջուրը մատակարարվել է դրսից: Նրանք, որոնք ունեցել են իրենց սեփական աղբյուրները, չեն ընդգրկվել այդ մասնաճյուղերի կազմում, եւ նրանց ջրագծերը մնացել են համայնքի հաշվեկշռում:
Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանը ասում է. «Բագարանը եւ Կողբավանը չեն մտնում հանրապետությունում ջրամատակարարում իրականացնող որևէ ընկերության ենթակայության տակ: Ջրամատակարարումը կազմակերպվում է համայնքի միջոցներով, իսկ համայնքն իր միջոցներով չի կարող ջրագիծ կառուցել: Նման իրավիճակում խնդիրը լուծվում է համայնք-մարզպետարան-կառավարություն օղակի միջոցով»:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի տվյալներով`Բագարանում ջրային ներքին ցանցի կառուցման համար կպահանջվի մոտ 125 մլն դրամ, Կողբավանում`175 մլն գյուղացիները դրամ:
Որպեսզի համայնքն ընդգրկվի ջրային տնտեսության մասնաճյուղում, գյուղացիները պետք է հստակ պարտավորություններ ստանձնեն` վճարելու սպասարկված ծառայության դիմաց:
«Սակայն տասնամյակներ շարունակ այդպիսի համայնքներում մարդիկ ջրի համար չեն վճարել: Մեր ուսումնասիրությունների համաձայն`շատ բնակիչներ չեն էլ համաձայնվում համակերպվել այն մտքի հետ, որ ամսական մոտ 10-11 խորանարդ ջրի համար միջին սակագնով հաշված մոտ 2000 դրամ պետք է վճարեն: Նրանք համարում են, որ դա իրենց պապական ջուրն է, որի համար չպետք է վճարեն: Եվ երբ հարցը հասնում է ջրի համար գումար վճարելուն, գյուղացիները նախընտրում են, որ իրենց կանայք ջուր կրեն», – ասում է Գագիկ Խաչատրյանը:
Սակայն իրենք`գյուղացիները պնդում են, որ աղքատ են եւ տարեցտարի հազիվ են կարողանում պահել իրենց ունեցած հողակտորները:
«Ասում են`համայնքը լուծի ջրի խնդիրը, բայց համայնքը մեզանից ամեն մեկն է: Մենք էլ հազիվ մինչև Նոր տարի յոլա ենք գնում մեր ունեցած գյուղմթերքով, դրանից հետո սկսում ենք պարտքեր անել, մինչև գարունը բացվում է», – ասում է բագարանցի նախկին տնտեսագետ Կոստիկ Պետրոսյանը:
«Մենք ինքներս մեր երեխաներին հանում ենք էս գյուղից: Մենք տանջվել ենք` հերիք ա, երեխեքը գոնե լավ կյանքով ապրեն», – ասում է Կոստիկ Պետրոսյանը:
Բագարանցի Հովիկ Գեւորգյանն ասում է, որ այսօր գյուղացիների համար շատ մեծ է զբաղվածության խնդիրը:
«Ճիշտ ա, գյուղացին հողով ապահովված է, բայց այսօր հողից եկամուտ չի ստանում: Գյուղը կտրված տարածք է, գոնե ներդրումներ արվեին եւ այստեղ բացվեին մրգերի վերամշակման արտադրամասեր: Անգամ եթե բերքը առատ է լինում, Արարատյան դաշտավայրը թողած, կգան մեզնի՞ց կտանեն: Ձեռնատու չէ, թեկուզ ծիրանը շատ որակով է, 50 կմ ավել ներքեւ ո՞վ կիջնի, շատերը մեր տեղը չեն էլ իմանում», – ասում է Հովիկը:
Վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը մեծացրել է հետխորհրդային ժամանակաշրջանի համարյա ողջ ընթացքում դիվանագիտական հարաբերություններ չունեցած երկու երկների միջեւ սահմանի բացման հնարավորությունը, սակայն սահմանամերձ գյուղի բնակիչների մեծ մասը դեմ է արտահայտվում սրան:
Բագարանը Թուրքիայի հետ ունեցած վատ հարաբերությունների մեծ փորձ ունի: Պատմական Հայաստանի երկու մայրաքաղաքները`Բագարանը եւ Երվանդաշատն այսօրվա Բագարանի տարածքում են եղել: Պատմական Բագարանը Թուրքիայի սահմանից այն կողմ է`հայկական ներկայիս Բագարանից 5 կմ այն կողմ. կորուստների եւ ավերածությունների թողած հետքերը շատ ավելի կարեւոր են գյուղացիների համար, քան նյութական խնդիրները:
Գայանե Մկրտչյանը Armenianow էլեկտրոնային պարբերականի թղթակիցն է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի www.iwpr.net «Կովկասյան լրատու» պարբերականից:
Հոդվածի գրանշումներ (tags)` Armenia, Armenia border, Armenia water problems, Հայաստան, հայկական խնդիրներ, ջրի խնդիրներ, սահմանամերձ







Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!