Ղարաբաղյան պատերազմի փախստականները չեն կարողանում ետ ստանալ Խորհրդային խնայբանկում ներդրված իրենց ավանդները
Հայ եւ ադրբեջանցի փախստականները չեն կարողանում ետ վերադառնալ`իրենց խնայությունները ստանալու համար
Գայանե Ավագյան, Սառա Խոջոյան, Երեւան, Սամիրա Ահմեդբեյլի, Բաքու (Կովկասյան լրատու # 529, 29-ը հունվարի, 2010թ.)
Խորհրդային միության տարիներին բանկում ավանդ ներդրած քաղաքացիները ստիպված են պայքարել իրենց խնայողությունները ետ ստանալու համար, սակայն Հայաստանում եւ Ադրբեջանում բնակվող փախստականներն ամենից շատ են տուժել. նրանց խնայողությունները ոչ միայն սառեցված են եւ արժեզրկված, այլեւ գտնվում են թշնամական երկրում:
Խորհրդային Միության քաղաքացիներին քաջալերում էին իրենց ավանդները ներդնել խնայբանկում, եւ քանի որ ապրանքների առատություն այն տարիներին չկար, շատերն այդպես էլ անում էին: 1991-ին ԽՍՀՄ փլուզման արդյունքում սկսված հիպերինֆլացիայի հետեւանքով ռուբլին արժեզրկվեց, իսկ նրանց բանկային հաշիվները սառեցվեցին:
Նույնիսկ այժմ խնայողությունների մեծ մասը դեռեւս հետ չի վերադարձվել իր տերերին: Խոսքը միլիարդավոր դոլարների մասին է, եւ հետխորհրդային աղքատացած շատ երկրներ հազիվ թե կարողանան վճարել դրանք: Այնուամենայնիվ, (բացառությամբ Ադրբեջանի) երկների կառավարությունների մեծ մասը, ներառյալ Հայաստանը, խորհրդային խնայբանկում որոշ ներդրողների ունեցած խնայողությունների մասնակի փոխհատուցման ծրագիր են մշակել: Դժբախտաբար, փախստականներն այս ծրագրից դուրս են մնացել:
1989 թվականին ընտանիքով Բաքվից փախած Սրբուհի Գազարյանը չգիտի` երբ իրենք կկարողանան ետ ստանալ Խորհրդային Ադրբեջանում ներդրած իր հոր խնայողությունները, բայց հույս ունի գումարը վերադարձնելու դեպքում նորոգել կիսախարխուլ բնակարանը:
«Հայրս 70 տարեկան մարդ է, վախից շաքարախտ է ձեռք բերել (երբ Բաքվում տարբեր խմբեր սկսել են հարձակվել հայերի տների վրա, վախեցել է), ունի երիկամների և այլ հիվանդություններ: Ինչքան պետք է ապրի, որ տեսնի այդ գումարը, որն իր ամբողջ կյանքի չարչարանքն է», – անհասցե հարց է ուղղում Սրբուհի Գազարյանը, քանի որ խնդիրն իրականում հասցեատեր չունի:
1980-ականների վերջերին բռնկված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով երկու կողմերից էլ հարյուր հազարավոր փախստականներ եղան:
1988-ին սկսված պատերազմը բորբոքվեց 1992-ին`Խորհրդային Միության փլուզումից հետո: 1994-ին զինադադար հաստատվեց, սակայն շրջանի կարգավիճակը շարունակում է անորոշ մնալ:
Հայաստանի եւ Ադրբեջանի թշնամական հարաբերությունների պատճառով`երկու կողմերի փախստականները դժվար թե կարողանան ետ ստանալ իրենց խնայողությունները, քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը շարունակվում է:
Ադրբեջանը ո´չ նախկին, ո´չ էլ ներկայիս քաղաքացիների ներդրումների վերադարձման ծրագիր դեռեւս չունի, բայց նույնիսկ եթե այն ստեղծվի, Հայաստանում ապրող փախստականները չեն կարողանա վերադառնալ իրենց խնայողությունները ետ ստանալու համար`երկու հարեւան երկրների միջեւ գործող սանկցիաների պատճառով: Չնայած հայկական կողմը որոշակի փոխհատուցում վճարում է`Ադրբեջանից գաղթած փախստականները նույն խնդիրներն ունեն:
Խորհրդային միության տարիներին Ադրբեջանում ներդրված ավանդների վերադարձելիության հարցում հստակ ոչինչ չեն ասում նույնիսկ պաշտոնյաները:
Փախստականների խնդիրների համար պատասխանատու միակ պետական մարմնի` Տարածքային կառավարման նախարարության միգրացիայի գործակալության պետ Գագիկ Եգանյանի խոսքերով`իրենց գործակալությունը ցանկացած հարցի չի կարող պատասխանել.
«Մեծ ողբերգություն է կատարվել, մեկ շաբաթվա մեջ մարդիկ դարձել են տնավեր, բնավեր, մեկ օրում կորցրել են 5-6 սերունդների ստեղծած ունեցվածքը: Անարդար բան է եղել, սա իհարկե, պետք է շտկվի: Սակայն, անգամ միջազգային օրենսդրություն, որը կկարգավորեր այս հարցը, այս անարդարությունը շտկող որևէ միջազգային բանաձեւ չկա: Իսկ ազգային օրենսդրությունը չի կարող իր վրա վերցնել այս հարցը, քանի որ սա խնդիր է երկրից դուրս», – նշում է Եգանյանը:
Եգանյանի տեղակալ Դավիթ Հակոբյանն ասում է`խնդիրն իրականում քաղաքական է. «Այստեղ նշանակություն ունեն քաղաքական գործընթացները: Կվերադարձնի Ադրբեջանը ավանդները կամ ինչպես կլուծվի այս հարցը, ոչ ոք չի կարող ասել»:
Իրականում, սակայն, նույնիսկ հասարակ ադրբեջանցիները դեռեւս սպասում են իրենց խնայողությունների վերադարձմանը: Տնտեսագետ Վուգար Բայրամովի խոսքերով`այսպիսիների թիվը մոտ 2 միլիոն է կազմում:
Կառավարությունը վաղուց էր խոստացել վերադարձնել խնայողությունները եւ դեռեւս 1996 թվականից քննարկում էր այդ գործընթացի իրականացումը, սակայն հստակ ծրագիր այդպես էլ չէր հաստատվել:
Մինչդեռ շուրջ 200 հազար ադրբեջանցի փախստականների դրությունը նույնքան հուսահատ է, որքան հայերինը:
«Ես Կիրովականի շրջանի Արջուտ գյուղի կոլտնտեսությունում էի աշխատում», – պատմում է 56-ամյա Զարովշան Սալիմովան`ակնարկելով ներկայիս Վանաձորի մարզը: – «Այրի լինելով`երեք տղաներիս միայնակ եմ մեծացրել: Մի կտոր հացից եմ ինձ զրկել` նրանց ապագայի մասին մտածելով. տասը տարի շարունակ նրանց համար փող եմ կուտակել եւ յուրաքանչյուրի անունով բանկում 2000 ռուբլի ավանդ ներդրել: Իսկ 1988-ին մեզ դուրս շպրտեցին տներից: Մեկ օրում ամեն ինչ կորցրեցինք`հայրենիքը, տունը, խնայողությունները: Նույնիսկ տնային իրերս չկարողացա վերցնել: Հազիվ մենք փրկվեցինք»:
Ադրբեջանն էլ կարող է աննշան օգնություն տրամադրել փախստականներին խնայողությունները վերադարձնելու հարցում. պատճառը երկու երկների վատ հարաբերություններն են:
«Եթե ներդրողների խնայողությունների վերադարձման մեխանիզմ ստեղծվի Ադրբեջանում… ապա դա կգործի միայն նրանց համար, ովքեր Ադրբեջանի քաղաքացի են եղել մինչեւ 1992 թվականը եւ ոչ թե հայաստանցի փախստականների համար», – նշում է Բայրամովը:
Սակայն փախստականներն այլ խնդիրներ էլ ունեն: Նրանք հազվադեպ են ետ ստանում նաեւ ադրբեջանական խնայբանկից մինչեւ 1991 թվականը Խորհրդային Հայաստանի խնայբանկ տեղափոխված իրենց ավանդները:
Երեւանում փախստականների համար հատկացված հանրակացարանում ապրող Էմմա Շահումյանի ավանդը չի մնացել Ադրբեջանում, սակայն Հայաստանում էլ նա չի կարողանում այն ստանալ:
Ադրբեջանի խնայբանկում թողած իր 5000 ռուբլի խնայողությունները Հայաստանի խնայբանկ փոխանցելու համար Շահումյանը դիմում է գրել Ադրբեջան 1990 թվականին, որից հետո արդեն Հայաստանում նա կրկնապատկել է այդ գումարը:
Սակայն նա բախվել է 2006-ին ընդունված խճճված օրենքներին, որոնք կարգավորում են խնայողությունների ստացման գործընթացը: Քանի որ Շահումյանը սոցիալական աշխատող է «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությունում (20 000 դրամ աշխատավարձով, մոտ 50 դոլար), ինչպես նաեւ կենսաթոշակ է ստանում ու աղքատության նպաստ «Փարոս» համակարգից, նրա ավանդը սառեցված է:
Հայաստանի խնայբանկում պահ տրված ավանդների փոխհատուցման ծրագիրը իրականացվում է ՀՀ 2006թ. «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի եւ կառավարության կողմից հաստատված կարգի համաձայն:
Ըստ օրենքի`Ծրագիրը կրում է հասցեական բնույթ և ուղղվում է սոցիալապես առավել անապահով խմբերին դասված քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավմանը: Շահումյանը չի համապատասխանում այս պայմաններին`փոխհատուցում ստանալու համար: Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը կարծում է, որ այս մոտեցումը սխալ է:
«Իմ մոտեցումը հետեւյալն է. որ ճիշտ կլինի, որ այդ կարգի մեջ փախստականները ներառվեն որպես առանձին խումբ, որպես առավել անապահովներ ու ավելի շատ տուժածներ: Սակայն, իմ մոտեցմանը որևէ արձագանք չի եղել», – ասում է Եգանյանը:
Գայանե Ավագյանը ազատ լրագրող է: Սառա Խոջոյանը ArmeniaNow.com էլեկտրոնային պարբերականի լրագրող է Երեւանում եւ IWPR-ի «Համակովկասյան լրագրության ցանց» նախագծի անդամ: Սամիրա Ահմեդբեյլին IWPR-ի թղթակիցն է Բաքվում:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից:
Հոդվածի գրանշումներ (tags)` karabakh war, ավանդների վերադարձ, Արցախ, ԽՍՀՄ, ղարաբաղյան պատերազմ, փախստականներ








Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!