Ադրբեջանում հետաքննվում են բանակում կատարված սպանությունները
Սպաների սպանությունը բացահայտում է ադրբեջանական բանակում տեղ գտած բռնության ավանդույթը
Սաբուհի Մամմադլի, Բաքու (Կովկասյան լրատու # 530, 5-ը փետրվարի, 2010թ.)
Ադրբեջանական բանակում շարունակվում է հետաքննությունն անցյալ ամիս կատարված սպանության դեպքի կապակցությամբ. 2 զինծառայողներ 4 սպա էին սպանել, այնուհետեւ ինքնասպան եղել: Սա ցույց է տալիս, որ ռազմական ուժերի շրջանում բռնությունը անհանգստացնող մակարդակի է հասել:
Զորակոչիկներից մեկի` Էլխան Ազիզովի մայր Շովքիյա Ազիզովան հեռուստատեսության եթերում հայտարարել էր, որ իր որդին ճնշման է ենթարկվել բանակում:
«Ես խոսել եմ նրա հետ հեռախոսով: Նրան տանջում էին: Չգիտեմ` հատկապես ինչ են արել երեխայիս հետ: Նա անուններ չի նշել: Բայց նրան վիրավորել են: Նա ինձ խնդրեց ոչ ոքի չասել այս մասին, եւ ես հիմարի պես ենթարկվեցի»:
Կազմակերպված բռնության համակարգը`«դեդովշինան», բնորոշ էր Խորհրդային բանակին եւ կոչված էր ստիպելու նորակոչիկներին ենթարկվել ավելի երկար ժամանակ ծառայած զինվորներին: Մեծահասակ զինվորները ծեծում էին երիտասարդներին`ստիպելով նրանց կատարել ամենաստորացուցիչ աշխատանքները:
Չնայած այս վարվելակերպին վերջ տալու փորձերին եւ նորակոչիկներին կարգապահ դարձնելու պաշտոնապես խրախուսվող այս մեթոդից հրաժարվելուն`բռնության ավանդույթը պահպանվել է հետխորհրդային շատ երկներում, այդ թվում` Ադրբեջանում:
Վկայությունների համաձայն`զինակոչիկների հարձակումները սպաների վրա անհանգստացնող հաճախականություն են ձեռք բերում: Անցյալ տարվա մայիսին 18-ամյա նորակոչիկը սպանել էր իր հրամանատարին, մեկ այլ զինծառայողի եւ ինքնասպան եղել: Մի քանի օր անց, 20-ամյա կրտսեր սերժանտը 4 զինվոր էր սպանել Գյանջա քաղաքի մոտ տեղակայված Սեյֆալի հրաձգարանում:
«Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ջասուր Սումարանլիի խոսքերով`միայն հունվարին բանակը 5 զինվոր է կորցրել անհայտ հանգամանքներում:
«2009-ին կորուստը կազմեց 63 զինվոր: Եւ միայն 12 հոգին էին ռազմական գործողությունների ժամանակ մահացել: Մյուսների մահվան պատճառը տարբեր հիվանդություններն են, ներառյալ`սննդային թունավորումը, ինչպես նաեւ ինքնասպանություն գործելը կամ անհայտ հանգամանքներում կյանքից զրկվելը»:
Հունվարի 28-ին Ազիզովի եւ նրա մոտ ընկերոջ`Սադիգ Մամմադովի գործած հարձակման հետեւանքով այլ տուժողներ էլ են եղել. եւս երկու սպա վիրավորվել են եւ ներկայում ծանր վիճակում հիվանդանոցում են գտնվում:
Ադրբեջանի ռազմական դատախազի տեղակալ Շաֆահաթ Իմրանովը նշում է, որ հանցագործության մանրամասները դեռեւս հայտնի չեն:
«Ներկայում հանցագործության վայրում քննչական խումբ է գործում, սակայն դեռեւս որոշակի բացատրություն չկա տեղի ունեցածի վերաբերյալ»:
Մամմադովի հայրը, սակայն, համոզված է, որ միայն որոշակի բռնությունը կարող էր իր որդուն սպանության դրդել:
«Եթե զինվորը ձեռքը զենք է վերցնում ու սեփական սպաների վրա կրակում, նշանակում է`նրանք խնդիրներ են ունեցել: Դա հաստատ այդպես է», – ասում է Էթիբար Մամմադովը:
IWPR-ի հետ զրույցում վետերանները հաստատեցին, որ բանակում բռնությունը սովորական երեւույթ է: Պահեստային եւ պաշտոնաթող սպաների կազմակերպության ղեկավար Յաշար Ջաֆարլին նշում է, որ դեդովշինան` որպես կարգապահության ենթարկելու մեթոդ, աստիճանաբար վերացել է, սակայն այն փոխարինվել է դաժանությամբ եւ գողություններով:
«Շատ ռազմակայաններում սպաները զինվորներից եւ նրանց հարազատներից փող են վերցնում: Այն զինվորները, ովքեր չեն կարողանում ժամանակ առ ժամանակ վճարել իրենց հրամանատարներին կամ լիցքավորել նրանց հեռախոսահամարների հաշիվը, դառնում են բռնության եւ անգամ ծեծի թիրախ: Կարծում եմ`այս ողբերգությունները նման իրադրության հետեւանք են»:
Վերջերս ծառայությունից վերադարձած զինծառայողներն IWPR-ին ասացին, որ իրենց դրությունը ռազմակայաններում երբեմն համարյա անտանելի էր դառնում:
22-ամյա Արիֆ Քազիմովի խոսքերով`ներկայում որոշիչ դեր ունի փողը, եւ ոչ թե պարզապես ավագությունը, ինչպես ընդունված էր Խորհրդային տարիներին:
« Փող ունեցողներն են ուժեղ համարվում: Սպաները միշտ էլ զինվորներից փող են պահանջում. մեծահասակ զինվորները փող են վերցնում ավելի երիտասարդներից: Եթե փող չունես, ուրեմն պիտի տանջվես», – բացատրում է նա:
«Ոչ ոքի չես կարող դիմել: Եթե ավելի բարձր հրամանատարության դիմես, դա պարզապես կհասնի քո հրամանատարներին: Իսկ դրանից հետո դրությունն ավելի է բարդանում, այդ պատճառով էլ զինվորները նախընտրում են լռել իրենց խնդիրների մասին: Հաճախ նրանք նույնիսկ իրենց ծնողներին չեն պատմում այս մասին`խուսափելով դրությունը բարդացնելուց»:
Այս հանգամանքներում ադրբեջանցիներից շատերի կարեկցանքն ավելի շատ սպանությունը կատարողների կողմն էր, քան նրանց զոհերի. սա, հավանաբար բանակում ձեռք բերած սեփական փորձի արդյունքն է կամ այն, որ նրանք էլ զինծառայողների հարազատներն են:
Բաքվեցի հոգեբան Ազադ Իսազադեն նշում է, որ պատկերացում չունի, թե ինչպիսի տառապանքների միջով են անցել զորակոչիկները, նման հուսահատ քայլի դիմելու համար:
«Եթե զինվորները, ովքեր ընդամենը երկու-երեք ամսից պետք է տուն վերադառնան, սպանում են իրենց սպաներին` այնուհետեւ ինքնասպան լինելով, ապա սա նշանակում է, որ նրանց հուսահատության էին հասցրել: Կարելի է միայն երեւակայել, թե ինչպիսի դժոխային տառապանքների միջով են նրանք անցել: Հիմնականում ռազմակայաններում հոգեբաններ չկան, ովքեր պետք է օգնեին այս զինվորներին ժամանակին», – նշում է նա:
Ջաֆարլիի խոսքերով, սակայն, ոչ բոլոր զինվորական միավորումներում նման խնդիրներ կան. սահմանապահների եւ ներքին գործերի նախարարության զինված ուժերը շատ ավելի կարգապահ են:
«Անհրաժեշտ է լուրջ քայլեր ձեռնարկել` բացասական զարգացումները դադարեցնելու եւ ողջ բանակում կարգուկանոն հաստատելու համար», – հավելում է նա:
Պաշտոնյաների խոսքերով`հետաքննությունը շարունակվում է, հունվարի 28-ին տեղի ունեցած դեպքի կապակցությամբ տվյալ ռազմակայանում երկու սպա է ձերբակալվել:
«Ինքը` նախագահն է վերահսկում այս ողբերգական դեպքի հետաքննությունը», – հավատացնում է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Էլդար Սաբիրօղլուն հրաժարվել է մեկնաբանություններ տալ դեպքի փաստերի կապակցությամբ նախքան հետաքննության ավարտը:
«Պաշտպանության նախարարության եւ ռազմական տրիբունալի ներկայացուցիչներից կազմված խումբը ներքին հետաքննություն է իրականացնում: Այս ողբերգության մեղավորները հաստատապես պատիժ են կրելու», – հայտարարել է նա:
Սաբուհի Մամմադլին «Azadliq» թերթի թղթակիցն է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից (www.iwpr.net):









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!