Աբխազիայում հույս ունեն նավթ հայտնաբերել
Աբխազիայում հույս ունեն նավթ հայտնաբերել, սակայն մտահոգություններ կան, որ ծովափնյա նավթահորերը կարող են վնաս հասցնել զբոսաշրջությանը
Անահիտ Գոգորյան, Սուխումի (Կովկասյան լրատու # 532, 19-ը փետրվարի, 2010թ.)
Աբխազիայի իշխանությունները հույս ունեն, որ ռուսական «Ռոսնեվթ» նավթային ընկերության իրականացրած հետազոտությունները կնպաստեն տեղական տնտեսության բազմազանությանը, սակայն մտահոգություններ կան, որ նավթի հայտնաբերումը կարող է վնաս պատճառել շրջակա միջավայրին եւ զբոսաշրջությանը, որից կախում ունի շրջանը:
1992-93 թվականների պատերազմի արդյունքում Վրաստանի վերահսկողությունից դուրս եկած եւ Ռուսաստանի կողմից անկախ ճանաչված Աբխազիայի իշխանությունները անցյալ տարվա դեկտեմբերին պայմանագիր ստորագրեցին «Ռոսնեվթ»-ի հետ:
Ըստ համաձայնության`ռուսական պետական «Ռոսնեվթ» ընկերությունը 5 տարվա ընթացքում կհետազոտի Աբխազիայի սեւծովյան ափամերձ ջրերը:
«Ռոսնեվթ»-ը ծրագրում է երկու նավթահոր հորատել Գուդաուտա քաղաքի շրջակայքի ափամերձ շրջանների նավթային պոտենցիալը գնահատելու համար: Ընկերության նախնական գնահատականների համաձայն`նավթ գտնելու հավանականությունը 14 տոկոս է կազմում, սա, սակայն, մի շարք բենզալցման կայանների կառուցման ծրագրերի հետ մեկտեղ, բավական էր, որպեսզի նախագահ Սերգեյ Բագապշը ողջունի ծրագիրը:
««Ռոսնեվթ»-ի մուտքն Աբխազիա նշանակում է լուրջ ներդրումներ եւ աշխատատեղեր», – հայտարարել է նա`հավելելով, որ այս քայլը նավթային արտադրանքի շուկայում բազմազանություն կբերի:
«Այլեւս վերջ կտրվի մենաշնորհներին, փոխարենը`այս շուկայում մի քանի ընկերություններ կգործեն»:
1940-ականներին անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում`Աբխազիայի ափերին նավթի արդյունաբերական պաշարներ չհայտնաբերվեցին, սակայն սեւծովյան բոլոր ծովափնյա երկրները ներկայում նավթի պաշարներ են փնտրում ծովի հատակում:
Աբխազիայի երկրաբանության եւ քարտեզագրության գերատեսչության ղեկավար Պետր Կազանբան նշում է, որ Աբխազիայի ջրերում նավթի պաշարների վերաբերյալ կարծիքները տարբեր են: Նրա խոսքերով`նախահաշիվները տատանվում են 30-ից 200 միլիոն տոննաների միջեւ:
«Ժամանակն է պարզելու`արդյոք Աբխազիայում նավթ կա, թե ոչ: Առաջադրանքը հստակ է եւ արդիական: Ես 100 տոկոսով վստահ եմ, որ դա անվտանգ եւ հուսալի աշխատանք է», – ասում է նա:
Պաշտոնյաների խոսքերով`նախքան աշխատանքների սկսվելը, փորձագետները կուսումնասիրեն տարածաշրջանի էկոլոգիան ափից 30-40 կիլոմետր հեռավորության շառավղով, եւ հորատումը կկատարվի դրա վրա ազդեցությունը նվազեցնելու համար:
Այնուամենայնիվ, նախագիծը լուրջ մտահոգությունների առիթ է տվել թե´ լրատվամիջոցներին, թե´ հասարակությանը: Հասարակական պալատը` պետության կողմից ստեղծված մարմինը, որն ուղղված է ակտիվիստների համախմբմանը, խնդրի վերաբերյալ լսումներ անցկացրեց եւ հատուկ աշխատանքային խումբ ստեղծեց:
Պալատի քարտուղար Նաթելլա Ակաբան նշում է, որ կառավարությունը ճիշտ է վարվել`տնտեսական զարգացման բոլոր այլընտրանքային մեթոդները ուսումնասիրելով:
«Միայն զբոսաշրջությամբ սահմանափակվելով`մենք սահմանափակում ենք մեր երեխաներին եւ թոռներին», – համոզված է նա:
Սակայն մյուս ակտիվիստներն ավելի անկեղծ գտնվեցին. նրանք վախենում են, որ նավթի տարածումը ջրի վրա կարող է վնաս հասցնել Աբխազիայի հիմնական կարողությանը`մաքուր ծովափերին եւ հանդարտ մթնոլորտին:
«Այս խնդրին պետք է մեծ զգուշությամբ մոտենալ», – նշում է տեղացի փորձագետ Սպարտակ Ջիդկովը:
«Քանի որ Աբխազիան անկայուն շրջան է, նավթային արդյունաբերության անվտանգությունը կախված կլինի պետության ներսում տիրող ռազմա-քաղաքական իրադրությունից: Աբխազիան գրավում է զբոսաշրջիկներին ցածր գներով, բայց եւ մաքուր բնությամբ, որն առ այսօր տեխնոլոգիաների պատճառով վնաս չի կրել:
Բնապահպանական ցանկացած խախտում կարող է լուրջ վնաս հասցնել Աբխազիայի տնտեսությանը»:
Նույն կարծիքին են ընդդիմադիր քաղաքական գործիչները, այդ թվում`նախկին փոխնախագահ եւ անցյալ տարվա նախագահական ընտրությունների ժամանակ Բագապշի հիմնական մրցակիցը հանդիսացող Ռաուլ Խաջիմբան:
«Կարծում եմ` խելամիտ չէ նման նախագծերի տակ ստորագրելն առանց բնապահպանական եւ տնտեսական գնահատման եւ առանց հասարակական կարծիքը հաշվի առնելու: Հասակական պալատում անցկացված լսումները ոչինչ չեն նշանակում: Կա ժողովուրդ, կա խորհրդարան, եւ երկրի իշխանությունները պետք է նրանց հետ քննարկեն նման նախագծերը», – հայտարարել է նա:
Նրա խոսքերով`սխալ է, որ կապիտալի 51 տոկոսը «Ռոսնեվթ»-ի վերահսկողության տակ է, մինչդեռ Աբխազիայի ձեռքին դրան փոքրամասնությունն է:
«Ոչ մի տեղ աշխարհում այդպես չեն վարվում: Եթե որեւէ մեկը կարծում է, որ այս իրադրությունը կարող է փոխվել ապագայում, ապա չարաչար սխալվում է», – համոզված է Խաջիմբան:
Նույն մտահոգություններն է հայտնում մեկ այլ ընդդիմադիր`«Ախիացա» կազմակերպության ղեկավար Ախրա Բջանիան. «Այստեղ պարզապես երեւում է մեզ հատուկ վարվելաձեւ, երբ, օրինակ, բարեկամներդ ասում են, թի ինչ-որ բան լավ է քեզ համար: Պետությունը պետք է մտածի ապագայի մասին»:
Սակայն Աբխազիայում գործող «RN-Shelf Abkhazii»-ի` «Ռոսնեվթ»-ի դուստր ձեռնարկության գլխավոր տնօրեն Վադիմ Իվանցովն ասում է, որ եթե երկրի տարածքում նավթի շահութաբեր պաշարներ հայտնաբերվեն, Աբխազիայի բյուջեն 10-11 անգամ ավելի շատ գումար կստանա, քան ընկերությունը:
«Եթե 2010 թվականի ծրագիրն իրականացվի, ապա միայն ավելացված արժեքի հարկով Աբխազիայի բյուջե 60-ից 100 միլիոն ռուբլի մուտք կգործի (2-3 միլիոն դոլար): Սա կլինի դեռեւս չհաշված եկամտահարկը», – նշում է նա:
Նրա խոսքերով`ընկերությունը մեծ ռիսկի է դիմում` նավթ փնտրելով եւ ներդրումները վերադարձնելու ոչ մի երաշխիք չունի:
Անահիտ Գոգորյանը «Չեգեմսկայա պրավդա» թերթի թղթակիցն է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)
Հոդվածի գրանշումներ (tags)` Abkhazia, Georgia, Oil, Rosneft, Աբխազիա, նավթ, Վրաստան| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,599









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.