Վրաստան. տնտեսության վատագույն շրջանն անցյալում է
Չնայած միջազգային խոշոր ֆինանսական աջակցությանը`տնտեսության վերաբերյալ կառավարության լավատեսական հայտարարությունները փորձագետներին կասկածելի են թվում
Նանա Մամագուլիշվիլի, Թբիլիսի (Կովկասյան լրատու #528, 21-ը հունվարի, 2010թ.)
Վրաստանի կառավարությունը հայտարարել է, որ ֆինանսական ճգնաժամն անցյալում է, եւ 2010-ին կրկին տնտեսական աճ կլինի. փորձագետները, սակայն, նշում են, որ նմանօրինակ քաղաքականությունն ավելի շատ վնաս է հասցնում երկրին, քան օգուտ տալիս:
Բոլորն էլ համամիտ են այն կարծիքի հետ, որ անցյալ տարին բարդ էր Վրաստանի համար, եւ որ Ռուսաստանի հետ 2008թ. պատերազմը ծանր հարված էր հասցրել երկրին: Կառավարության ակնկալիքներով`պաշտոնական տվյալները պետք է ցույց տան, որ 2009-ին տնտեսությունը կրճատվել է 4 տոկոսով: Իշխանությունների կանխատեսումներով, սակայն, այս տարի կգրանցվի տնտեսության աճ 2 տոկոսով:
Պատերազմի, դրա հետեւանքով առաջ եկած փախստականների ալիքի, համաշխարհային ճգնաժամի, քաղաքական լարվածության, դադարեցված ներդրումային նախագծերի եւ արտահանվող ապրանքների արտադրության հետ կապված խնդիրների այս ամբողջ համակցությունը մեծ վնաս է հասցրել տնտեսությանը` ստիպելով կառավարությանը կրճատել բյուջեն: Սակայն իշխանությունների խոսքերով`վատագույն ժամանակներն անցյալում են:
«Վրաստանը սկսել է դուրս գալ տնտեսական ճգնաժամից: Անցյալ տարվա չորրորդ եռամսյակի սկզբին ճգնաժամն ավարտվեց, ինչը հաստատում են դրական տնտեսական ցուցանիշները», – նշում է վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին:
Նրա խոսքերը հաստատում են մի շարք այլ նախարարներ:
«Մեծ դժվարությունների ֆոնի վրա Վրաստանի տնտեսությունը ամուր մնաց եւ պահպանեց մակրոտնտեսական կայունությունը: Սա է ամենակարեւորը, հատկապես երկարաժամկետ կտրվածքում: Սա նշանակում է, որ մենք կարողացել ենք պահպանել տնտեսության զարգացման համար անհրաժեշտ հիմքերը», – ասում է Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Զուրաբ Պոլոլիկաշվիլին:
Տնտեսագիտության ոլորտում մի շարք առաջատար փորձագետներ, սակայն, չեն կիսում կառավարության խոստացած վարդագույն հեռանկարները: Նրանց խոսքերով` իշխանությունները, որոնք ամեն գնով ցանկանում են բարձրանալ հասարակության աչքերում, պոպուլիստական քաղաքականություն են վարում, որը կարող է երկարաժամկետ կտրվածքում լուրջ խնդիրների հանգեցնել:
Տնտեսական զարգացման նախկին նախարար Վլադիմիր Պապավան նշում է, որ ճգնաժամը կարող է շարունակվել ողջ 2010թ. ընթացքում:
«Պետք է նշել, որ կառավարությունը երբեք չի ընդունել, որ Վրաստանում տնտեսական ճգնաժամի արմատները նաեւ երկրի ներսում են: Նրանք մշտապես խոսում են Վրաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցության մասին: Սակայն հարց է առաջանում. եթե համաշխարհային ճգնաժամը չի ավարտվել, ապա ինչպե՞ս այն կարող էր ավարտվել Թբիլիսիում եւ Վրաստանում: Նման հայտարարությունները բացահայտում են իշխանությունների պրոֆեսիոնալիզմի եւ անկեղծության պակասը», – հայտարարել է Պապավան :
Նույնպիսի թերահավատությամբ է խնդրին վերաբերվում Վրաստանի Նոր տնտեսական դպրոցի տնօրեն Պաատա Շեշելիձե:
«Իշխանությունները շեշտը դնում են տնտեսության խթանման եւ աշխատատեղերի ստեղծման վրա, սակայն դա ճիշտ չէ ներկայիս պայմաններում: Նման ծրագրերը պահանջում են միջոցների ծախսում եւ ոչ կուտակում, ինչը կապացուցեր, որ ճգնաժամն, իսկապես հաղթահարվել է», – նշում է Շեշելիձեն:
«Նման իրավիճակում ես չեմ կարող լավատես լինել: Ամեն ինչ դեռ առջեւում է, եւ ճգնաժամից դուրս գալուն ուղղված կարեւոր որոշումները դեռեւս չեն կայացվել»:
Փորձագետներն այն կարծիքին են, որ Վրաստանին սպասվող ամենալուրջ խնդիրներից մեկը մայիսին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են: Ակնկալվում է, որ իշխանությունները, ընտրողների համակրանքը շահելու նպատակով, իրենց հնարավորությունները գերազանցող մեծ ծախսեր պահանջող նախաձեռնությունների կդիմեն:
«2010-ին պոպուլիստական բնույթ կրող ծախսեր շատ կլինեն, քանի որ այս տարի սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, եւ իշխող «Ազգային շարժում» կուսակցությունը կփորձի հաղթանակ տանել բոլոր խոշոր քաղաքներում եւ հատկապես Թբիլիսիում: Վերջին նախագահական ընտրությունների ժամանակ Ազգային շարժումն ընդունեց, որ պարտություն էր կրել Թբիլիսիում, հետեւաբար` նրանց անհրաժեշտ է այդ հաղթանակը, եւ նրանք կանեն ամեն ինչ`այն ապահովելու համար», – համոզված է Պապավան:
«Սա ամբողջությամբ համապատասխանում է վերջին տարիներին իշխանությունների որդեգրած քաղաքական կուրսին: Դա տնտեսական անգրագիտությունն է եւ պոպուլիզմը, եւ չարժե այս ամենից որեւէ կտրուկ դրական փոփոխություններ ակնկալել»:
Շեշելիձեն նույնպես այն կարծիքին է, որ մայիսին կայանալիք ընտրությունները որոշիչ կլինեն այս տարվա տնտեսական հեռանկարների եւ երկրի քաղաքական իրադրության համար:
«Գոյություն ունի երկու գործոն: Առաջինն ընտրություններն են, որոնց արդյունքներն անկանխատեսելի են, երկրորդն իշխանությունների`լիբերալ կուրսի պահպանման եւ գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ հայտարարություններն են: Այս երկու գործոնները կարող են հակասել միմյանց: Ընտրությունների արդյունքները կարող են դադարեցնել տնտեսական ծրագրերի իրականացումը`տեղական իշխանությունների փոփոխության հետեւանքով կամ այն դեպքում, եթե ընտրությունների արդյունքների հետ կապված դժգոհությունը կնպաստի երկրի ներսում լարվածության աճին», – նշում է նա:
Երկու փորձագետներն էլ այն կարծիքին են, որ եթե 2010-ն այնքան էլ ծանր չլինի Վրաստանի բնակչության համար, ապա դա մեծապես կախված կլինի պատերազմից հետո երկրին խոստացված միջազգային օգնությունից: Գիլաուրին ընդունում է, որ 2008-ին Վրաստանին խոստացված 4.5 միլիարդ դոլարի օգնությունը խիստ օգտակար է եղել:
«Նախագծերի մեծ մասն արդեն իսկ իրականցվում են: 4.5 միլլիարդից 3.7 միլիարդ դոլարի նախագծերը ստորագրվել կամ հաստատվել են: Սա երկրին հավելյալ աջակցություն կտրամադրի: Մենք երեք տարի ունենք` արտասահմանից եկող դրամական մուտքերը 2005-2007 թվականների մակարդակին հասցնելու համար», -հայտարարել է նա:
Գիլաուրիի խոսքերով`Միջազգային արժույթային հիմնադրամը խոստացել էր տրամադրել 1.1 միլիարդ դոլար, որից 400 միլիոնը հատկացվելու էր բյուջեին, իսկ մնացածը նախատեսված էր ուղղել երկրի ֆինանսական պահուստների վերականգնմանը:
«Հասարակական նախագծերի կենտրոն»-ի տնտեսագետ Գեորգի Խուխաշվիլին այն կարծիքին է, որ օգնությունն ընդամենը Ճգնաժամի վատագույն փուլը կանխելուն էր ուղղված:
«2009-ին ճգնաժամը չէր հաղթահարվել: Այն հետաձգվել էր միջազգային օգնության շնորհիվ: Սակայն համակարգային փոփոխություններ տեղի չեն ունեցել, եւ տնտեսական միջոցները դեռեւս սահմանափակ են: Այս տարի միջազգային օգնության չափերը փոքր կլինեն եւ տնտեսության դրությունը կարող է վատթարանալ», – ասում է նա:
Պատերազմը, անցյալ տարի Թբիլիսիում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաներով դրսեւորված քաղաքական անկայունությունը, ինչպես նաեւ համաշխարհային ճգնաժամը վնաս են հասցրել երկրի ներդրումների ոլորտին: 2009-ին կառավարության`2 միլիարդ դոլարի չափով ներդրումների ակնկալիքները չարդարացան. իրականում այս գումարի նույնիսկ կեսի չափով ներդրումներ չկատարվեցին երկրում:
Անցյալ տարի նախագահը մի շարք միջազգային այցելություններ կատարեց`փորձելով խթանել գործարար կապերը. այդ նպատակով 2009-ի վերջին նախագահն այցելեց նաեւ Քուվեյթ եւ Կատար: Արաբական երկները պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարել Վրաստանում, ներառյալ` անշարժ գույքի, գյուղատնտեսության եւ սննդամթերքի արտադրության տեխնոլոգիաների ոլորտները:
«Վրաստանում, ինչպես ողջ աշխարհում, արաբական երկների կատարած ներդրումները հաջողությամբ են իրականցվում», – նշում է Պոլոլիկաշվիլին:
Նրա խոսքերով` տնտեսական զարգացման նախարարությունը հնարավոր ներդրողներին առաջարկվելիք մի շարք նախագծեր է մշակում: Տնտեսական փորձագետները, սակայն, չեն ողջունում արաբական երկներից ակնկալվող նոր ներդրումների հեռանկարները:
«Հնարավոր է`մենք գրավիչ ենք արաբական աշխարհի համար, սակայն հարցը պետք է այլ կերպ ձեւակերպել` արդյոք մենք ցանկանում ենք գրավիչ լինել արաբական աշխարհի համար: Որտե՞ղ ենք մենք ցանկանում ինտեգրվել: Արաբական խալիֆայությո՞ւն, թե՞ Եվրոպական Միություն», – ասում է Պապավան:
Նրա խոսքերով` ներդրումային քաղաքականության վերաբերյալ կառավարության քարոզչական կամպանիային չէր հաջողվել անգամ մեկ եվրոպացի կամ ամերիկացի ներդրող գրավել, փոխարենը`բազմաթիվ ներդրողներ էին հայտնվել Ռուսաստանից, Ղազախստանից, Ադրբեջանից եւ արաբական երկրներից:
«Սրանք այն ներդրումները չեն, որոնք մեզ անհրաժեշտ են տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար: Մեզ անհրաժեշտ են ներդրողներ, ովքեր աշխատում են իրական սեկտորում եւ նոր տեխնոլոգիաներ կներմուծեն երկիր: Իսկ երբ ինչ-որ մեկը գալիս է Վրաստան`սպեկուլյատիվ նպատակներով հող կամ անշարժ գույք գնելու համար, սա չի նպաստում տնտեսության զարգացմանը»:
Նանա Մամագուլիշվիլին «Fortuna» ռադիոկայանի լրատվական ծրագրերի խմբագիրն է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից: www.iwpr.net
| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 3,607









I will recommend not to wait until you get enough amount of money to order all you need! You should take the personal loans or sba loan and feel fine
Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.