IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Express-ռեպորտաժներ, Երևանյան, Օրվա լուսանկարը

Հայաստանում բնակվող փախստականներ. ծառայե՞լ բանակում, թե՞ ոչ

on Wednesday, 27 January 2010Մեկնաբանություններ չկան



Հայաստանում բնակվող փախստականների երեխաները պայքարում են պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրենց իրավունքի համար:

Սառա Խոջոյան, Երեւան (CRS No. 528, 21-Jan-10)

Armenian ArmyՈւղիղ 20 տարի է անցել այն օրերից, երբ Խորհրդային զորքերը մտան Ադրբեջան` տեղի հայկական բնակչության դեմ արյունալի բռնությունները կանխելու նպատակով: Սակայն այսօր Ադրբեջանից Հայաստան գաղթած փախստականների երեխաները ստիպված են պայքարել իրենց կարգավիճակով տրամադրվող իրավունքի`պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվելու համար:

1980-ականների վերջին հայերը պահանջեցին, որպեսզի հիմնականում հայկական բնակչություն ունեցող եւ Խորհրդային Ադրբեջանի մասը համարվող Լեռնային Ղարաբաղը միանա Հայաստանին: Այս պահանջից հետո ադրբեջանցիները սկսեցին կոտորել տեղի հայկական բնակչությանը`ստիպելով 300 հազար հայերի գաղթել Հայաստան:

Միակողմանի կերպով իրեն անկախ հայտարարած Ղարաբաղում ներկայում գործում են տեղի հայկական իշխանությունները, սակայն Բաքուն, իր հերթին, այն շարունակում է Ադրբեջանի մասը համարել: Այդպես էլ չլուծված ղարաբաղյան հակամարտությունը թունավորում է երկու երկների հարաբերությունները` խոչընդոտելով երկու կողմերի փախստականների վերադարձին իրենց բնակության վայրեր:

Մինչեւ 2009-ի փետրվար ամիսը, երբ ընդունվեց «Փախստականների մասին» նոր օրենքը, երկու կամ մեկ փախստական ծնող ունեցող երեխաներին` ծնողների ցանկության դեպքում, տրամադրվում էր փախստականի կարգավիճակ: Դրա համար ծնողներից մեկը մինչեւ իր երեխայի 14 տարին լրանալը պետք է նրան փախստականի կարգավիճակ տրամադրելու դիմում ներկայացներ պատկան մարմիններին: Սա նշանակում էր, որ փախստականների երեխաները կարող էին հրաժարվել բանակում ծառայելուց:

Նոր օրենքը վերացրեց այս իրավունքը, սակայն դեռեւս կան երիտասարդներ, ովքեր փախստականի կարգավիճակ էին ստացել այն ժամանակ, երբ գործում էր նախկին օրենսդրությունը եւ կարող են հավակնել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելուն: Սակայն, պարզվում է, որ ոչ բոլորին է հաջողվում օգտվել այս իրավունքից:

Այն ժամանակ էլ շատերը չէին օգտվում այս իրավունքից, քանի որ փախստականների մեծ մասը բնակվում է մարզերում ու տեղեկացվածության պակաս ունի:

Շատ փախստականներ անգամ չգիտեն, որ «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն` ծառայելը զինված ուժերում նրանց արու զավակների համար իրավունք, այլ ոչ թե պարտականություն է, ինչպես ՀՀ քաղաքացիների դեպքում է:

19-ամյա Մ. Բաբաջանյանն արդեն ավելի քան մեկ ու կես տարի ծառայում է հայկական բանակում: Փախստական մոր հետ նա բնակվում է մայրաքաղաք Երեւանի հարեւանությամբ գտնվող Քասախ գյուղում: Սակայն նույնիսկ մայրաքաղաքից այսքան մոտ գտնվելով`Բաբաջանյանը չի իմացել, որ օրենսդրությունն իրեն հնարավորություն է տալիս ընտրել`ծառայել, թե ոչ:

«Ես չգիտեի, որ իրավունք ունեմ ստանալու փախստականի վկայական ու չծառայել բանակում, դրա համար էլ հիմա ծառայում եմ: Վայենկոմատում էլ ինձ ասել են, որ դու Երեւանի բնակիչ ես ու իրավունք չունես չծառայելու», – ասում է Բաբաջանյանը:

«Մի տեղ ինձ խաբված եմ զգում, քանի որ ունեի այդ իրավունքը: Վիրավորական է, որ մեզ մեր իրավունքների մասին չեն տեղեկացնում, բայց ուրախ եմ, որ ծառայում եմ իմ հայրենիքին», – հավելում է Բաբաջանյանը:

Փախստականները կարող են մասնակցել միայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, իսկ նախագահական ու խորհրդարանական ընտրություններին` ոչ, նրանք չեն կարող լինել հողի սեփականատեր:

Այսինքն, փախստականները, բացի զինծառայությունից ազատվելուց, էական ոչ մի առավելություն չունեն, քանի որ պետությունից եւ միջազգային կազմակերպություններից ֆինանսական ու պարենային աջակցություն էին ստանում Ադրբեջանից գաղթելու միայն սկզբնական տարիներին:

Հաջողության չեն հասնում անգամ այն փախստականները, ովքեր իրազեկ են օրենսդրությանն ու իրենց իրավունքներին:

Կիրովաբադից գաղթած Հովհաննես Քարամյանի որդու`20-ամյա Արամ Քարամյանի  գործը երկու տարի քննվել է դատական տարբեր ատյաններում: Հովհաննես Քարամյանը փորձում է ապացուցել, որ իր որդին, ով ծնվել է Հայաստանում գաղթելուց երկու ամիս անց, փախստական է:

«Ճիշտ է, երկու տարին քիչ չէ, բայց ես պատրաստ եմ պայքարել իմ իրավունքների  համար, թող մեզ տեղեկացնեն օրենքի մասին, և հետո մենք որոշենք գնալ չգնալ բանակ` զրկվելով ՀՀ քաղաքացիությունից, թե հակառակը», – ասում է Արամ Քարամյանը:

Հայաստանում փախստականների խնդիրներով զբաղվող պետական միակ մարմնի`

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանն ասում է, որ փախստականների վկայականների հարցը կարգավորվում է ՀՀ «Քաղաքացիության մասին» օրենքով.

«Այն ասում է, եթե քաղաքացիություն չունեցող անձանց երեխան ծնվել է Հայաստանում, ապա երեխան ինքնաբերաբար համարվում է ՀՀ քաղաքացի: Ու քանի որ Ադրբեջանից բռնագաղթված փախստականները քաղաքացիություն չունեցող անձինք են, այդ իսկ պատճառով օրենքի այս դրույթը տարածվում է նաեւ նրանց վրա»:
«Ավելին, փախստականների երեխաները, ովքեր, ի դեպ, համարվում են փախստականի ընտանիքում ծնված, չեն կարող փախստականն լինել, քանի որ կա սահմանում: Ըստ սահմանման`փախստականը այն անձն է, որին հալածանքներ են սպառնում իր քաղաքացիության պատկանելիության երկրում կամ իր մշտական բնակության երկրում: Հայաստանում ծնված փախստականների երեխայի համար Ադրբեջանը քաղաքացիության կամ մշտական բնության երկիր չի եղել ու չի կարող համարվել», – հավելում է Եգանյանը:

Իր ասածը մեկ անգամ եւս հաստատելու համար`Միգրացիոն գործակալության պետը հղում է անում նաեւ այս նախադեպերով վճռաբեկ դատարանի երկու որոշումներին, որոնցով վճիռ է կայացվել համաձայն «Քաղաքացիության մասին» օրենքի:

Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի իրավաբան Մերի Խաչատրյանը նշում է, որ փախստականների շրջանում բանակից խուսափելու միտում էլ կա, քանի որ ծնողները չեն ցանկանում, որ իրենց որդին ծառայի հայոց բանակում:

«Սակայն մյուս կողմից ակնհայտ է, որ իշխանություններն ավելի խիստ են տղաների նկատմամբ: Իգական սեռի բազմաթիվ ներկայացուցիչների միգրացիոն գործակալությունը տրամադրել է փախստականի վկայական, եթե անգամ նրանք ծնվել են Հայաստանում», – ասում է Մերի Խաչատրյանը:

Նա հավելում է`բազմաթիվ են դեպքերը, երբ փախստականի կարգավիճակ ու վկայական չեն տրամադրում նաեւ բանակի հետ խնդիր չունեցող, Ադրբեջանում ծնված փախստականներին`պատճառաբանությամբ, որ նրանք վերահաշվառված չեն:

«Միգրացիոն գործակալությունը փախստականներին ասում է` դուք պետք է 4 տարին մեկ անգամ վերահաշվառում անցնեք, եթե ոչ`դուք այլեւս փախստական չեք համարվում: Այս պատճառով մենք Հայաստանում պաշտոնապես ավելի քիչ փախստականներ ունենք, մինչդեռ ոչ մի վերահաշվառման մասին խոսք լինել չի կարող, ՀՀ օրենսդրության մեջ որևէ նման իրավական ակտ չկա», – նշում է Խաչատրյանը:

Սառա Խոջոյանը ArmeniaNow.com էլեկտրոնային պարբերականի լրագրող է Երեւանում եւ IWPR-ի «Համակովկասյան լրագրության ցանց» նախագծի անդամ: Նյութի պատրաստմանը մասնակցել է նաեւ Երեւանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանողուհի Արմինե Հարությունյանը:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից: www.iwpr.net

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 3,249

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>