IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Օրվա լուսանկարը

Հայաստան. քննարկումներ`ատոմակայանի կապակցությամբ

on Wednesday, 13 January 2010Մեկնաբանություններ չկան



Երեւանը շարունակում է նոր ատոմակայանի նախագիծը`չնայած բնապահպանների բողոքներին.
Գայանե Մկրտչյան,Երեւան (Կովկասյան լրատու # 525, 24-ը դեկտեմբերի, 2009թ.)

Metsamor, ArmeniaՀայաստանում հող են նախապատրաստել նոր էներգաբլոկի կառուցման համար` չնայած «կանաչների» խմբերի առարկություններին, որ դրա տեղակայման վայրը կարող է սպառնալիք հանդիսանալ մայրաքաղաքի համար:
Այս ամսվա սկզբին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել հայ-ռուսական «Ատոմստրոյ-Էքսպորտ» փակ բաժնետիրական ընկերության համատեղ ստեղծումը`155 հազար դոլար կանոնադրական կապիտալով:
«Մենք այսօր քաղաքական որոշում ենք կայացնում, մենք համաձայնություն ենք տալիս`ստեղծելու համատեղ ձեռնարկություն մեր ռուս գործընկերների հետ», – դեկտեմբերի 3-ին հայտարարել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Մինչև 2016 թվականը Հայաստանի կառավարությունը նախատեսում է Երևանից 28 կմ հեռավորության վրա գտնվող Մեծամորի խորհրդային ատոմակայանը, որը տալիս է հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի առյուծի բաժինը` 40 տոկոսը, փոխարինել նորով: Առանց ատոմակայանի Հայաստանը մեծապես կախված կլինի Ռուսաստանի կամ Իրանի մատակարարած գազից:

«Նոր ատոմակայանը կլինի Հայաստանի անվտանգության գոտին էներգետիկ համակարգում: Այն անհրաժեշտ է ունենալ որպես էներգետիկ միավոր, որը կապահովի երկրի էներգետիկ ինքնուրույնությունը տարածաշրջանում», – ասում է «Նորավանք» հիմնադրամի փոխտնօրեն, տնտեսագետ Սեւակ Սարուխանյանը:
Ըստ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի`Հայաստանը, որը վնաս էր կրել հետխորհրդային անկման, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի իրականացրած շրջափակումից, ժամանակակից ատոմակայանով որակապես այլ հնարավորություն է ստանալու, ձեւավորելու է տնտեսության համար որակապես այլ միջավայր:
«Այլ երկիր է լինելու, իսկ ատոմակայան չկառուցելու դեպքում, իհարկե, մեր մրցակցային առավելությունները էապես կնվազեն», – ասել է վարչապետը:
Նոր էներգաբլոկի կառուցման տեւողությունը 5-6 տարի է, շահագործման ժամկետը` 60 տարի, ինչը հետագայում երկար ժամանակով կապահովի Հայաստանն էլեկտրաէներգիայով:

Այնուհանդերձ, մինչ բարձրաստիճան պաշտոնյանները պնդում են, որ նոր ատոմակայանը պետք է լինի երկրի էներգետիկ ռազմավարության կարեւորագույն ուղղություններից մեկը, այլ կարծիքի են բնապահպանները:
«Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի կարծիքով`Հայաստանում էներգետիկայի բնագավառում վարվում է այնպիսի քաղաքականություն, որտեղ ճանապարհ են բացում միայն միջուկային էներգետիկայի համար:
Նա օրինակ է բերում 23 տարի առաջ տեղի ունեցած Չեռնոբիլի ատոմակայանի երկու աղետալի պայթյունը Խորհրդային Ուկրաինայում, երբ ռադիոակտիվ ճառագայթները տարածվեցին Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի և ամբողջ Եվրոպայի վրա: Երեսունմեկ մարդ մահացավ, որոնցից քսանութը` սուր ճառագայթային համախտանիշից:
«Այն տպավորությունն է, որ այսօրվա պաշտոնյանները մտածում են ապագա 15-20 տարվա համար: Կառուցվող 1200 ՄգՎտ-անոց կայանը առնվազն պետք է 100-150 կմ հեռու գտնվի մեծ քաղաքներից, ինչը չի ապահովում անգամ Մեծամորի գործող կայանը, որն ուղիղ գծով մայրաքաղաքից հեռու է 20 կմ», – բացատրում է Հակոբ Սանասարյանը:

Իշխանությունների այն պնդումներին, որ նոր էներգաբլոկը լինելու է նոր սերնդի, հագեցած անվտանգության արեւմտյան չափանիշներով, բնապահպանը հակադարձում է. «Աշխարհում չկա անվտանգ աշխատող որեւէ ռեակտոր: Իհարկե լավ է`գերժամանակակիցը, որն ավելի անվտանգ է, բայց ո՞վ կարող է ապահովագրել: Իսկ 1200 ՄգՎտ հզորության դեպքում, վտանգի հետեւանքներն ավելի մեծ են: Իսկ նույն տեղում կառուցելն էլ ավելի է վտանգավոր»:

Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Մովսիսյանը ասում է, որ ատոմային ռեակտորների 1000 ՄՎտ հզորությամբ ժամանակակից սերունդը նախորդ սերնդի համեմատ անվտանգության ավելի լավ պարամետրեր ունեն, այդ թվում՝ շահագործման երկարաժամկետությունը հաշվի առնելով: Նրա խոսքերով` բնապահպանները անհանգստանալու կարիք չունեն:

Խորհրդային տարիներին կառուցված Մեծամորի ատոմակայանը գտնվում է Հայաստանի ուղիղ սրտում`Արարատյան դաշտավայրում, որտեղ միայն 34. 000 հկ-ը գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ են: Ատոմակայնի հարեւանությամբ են գտնվում Արմավիր, Էջմիածին և Մեծամոր քաղաքները: ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը արդյունաբերական շահագործման է հանձնվել 1976 թվականին, երկրորդը`1980-ին:

Ըստ ՀՀ Պետատոմհսկողության` ՀԱԷԿ-ը Սպիտակի երկրաշարժից հետո ամրացվել է` հաշվի առնելով սեյսմիկ վտանգը: Իսկ կայանում օգտագործված միջուկային վառելիքը վտանգ չի ներկայացնում: Մեծամորի ռադիոակտիվ թափոնները վերամշակվում և պահեստավորվում են կայանի տարածքում գտնվող հատուկ ժամանակավոր պահոցներում: Հետո դրանք հատուկ տարաներով տեղափոխվում են Ռուսաստան:
Սեւակ Սարուխանյանը կարծում է, որ շրջակա միջավայրի համար, այսօր ավելի մեծ վտանգ են ներկայացնում ՀԷԿ-ը և ՋԷԿ-ը, քան ատոմակայանները: Իսկ նոր ատոմակայնով Հայաստանը ապագայում կդառնա տարածաշրջանում էներգիա արտահանող խոշոր երկիր:

Ըստ նրա`եթե հայ-թուրքական հարաբերությունները բարելավվեն, և ապագայում բացվի հայ-թուրքական սահմանը, ապա Թուրքիան կլինի Հայաստանի էներգետիկ համակարգի համար էներգիայի սպառման խոշորագույն շուկա: Ինչը իր հերթին հմայիչ պայման կստեղծի օտարերկրյա ներդրողների համար:
«Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, եթե հանկարծ պատերազմական իրավիճակ վերսկսվի Վրաստանում: Նույնը պետք է ասել Իրանի մասով: Ներքաղաքական լարված գործընթացների պատճառով, եթե հանկարծ դադարեցվի գազի հոսքը: Հայաստանը էներգետիկ տեսանկյունից կհայտնվի կոլափսում», – ասում է նա:
Հայաստանի և Թուրքիայի միջև առկա էլեկտրագծի թողունակությունը կազմում է 200 Մվտ։ Արտահանման գործընթացի կազմակերպումից հետո հնարավոր է, որ սկսվեն նոր էլեկտրագծի կառուցման բանակցությունները։
Սարուխանյանը ասում է, որ Թուրքիան ունի բավականին արագ աճող էներգետիկ տեսանկյունից շուկա, մանավանդ Թուրքիայի արեւելյան շրջանները, որոնք էներգիայի սով են ապրում: Իսկ Հայաստանը այս դեպքում հարմար գործընկեր է:

«Ժառանգություն» խմբակցության անդամ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը Հայաստանի նոր էներգաբլոկի կառուցման տարածաշրջանային նշանակությունը մեծ է համարում:
«Առաջիկա տասնամյակի համար էներգետիկ ռեսուրսների ու մասնավորապես արտադրվող էլեկտրաէներգիայի գլոբալ սպառման բոլոր կանխատեսումները վկայում են աճի միտման մասին», – ասում է Սաֆարյանը: – «Տարածաշրջանի երկրները զարգացող երկներ են, hետեւաբար` երկարաժամկետ կտրվածքով առկա է թե´ շուկա, թե´ արտադրված էլեկտրաէներգիայի իրացման հնարավորություններ»:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռեւս գարնանը ԱԺ-ում հայտարարել էր, որ նոր էներգաբլոկի աշխատանքների համար հայտարարված աճուրդում, որը կազմակերպվել է ավստրալիական «Worley Parsons» ընկերության կողմից, կարող էին մասնակցել նաեւ թուրքական ընկերությունները:

Հայ հեղափոխական դաշնակցությունից, տնտեսագետ Արա Նռանյանն ասում է. «Ես շոկի մեջ էի ընկել վարչապետի հայտարարությունից, որ Թուրքիան ներդրումներ է կատարելու Հայաստանում: Դա Հայաստանին ո´չ տեխնիկապես է ձեռնատու, ո´չ տնտեսապես, քաղաքականապես»:

Սակայն Սարուխանյանը նշում է, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ նախագծի միակ լուրջ հավակնորդը ռուսական Ռոսատոմ Միջուկային Էներգիայի Պետական Բաժնետիրությունն է:
Սարուխանյանն այն համոզմունքն է հայտնում, որ, ոչ մի այլ ընկերություն, բացի ռուսականից, պատրաստ չէր լինի միլիարդավոր դոլարներ ներդնել հայկական ատոմակայանի կառուցման գործում, քանի որ այդ ներդրումները երկար ժամանակ հատույց չեն տալու:

«Եթե Ռուսաստանի պարագայում սա իրատեսական որոշում է, քանի որ այս դեպքում նրանք գերակա դիրք են ունենում Հայաստանի էներգետիկ ոլորտում, ֆրանսիական կամ ամերիկյան ընկերության համար դա կասկածելի գործարք կլիներ, քանի որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է փակ մնալ», – նշում է Սարուխանյանը:
Ստեփան Սաֆարյանը, սակայն, մտահոգվում է այն հանգամանքով, որ էներգետիկայի ոլորտի հերթական ռազմավարական նշանակության օբյեկտը հանձնվում է ռուսական կողմին, որն արդեն իսկ գերակշիռ դիրք ունի Հայաստանի տնտեսության մեծ մասում, ներառյալ`բջջային կապի եւ էլեկտրաէներգիայի ոլորտները:
«Դա բերում է երկրի գերկախվածության էլ ավելի խորացմանը`դրանից բխող նաեւ քաղաքական հետեւանքներով: Ինչպես այլ, այնպես էլ այս ոլորտում այլընտրանքներ ու դիվերսիֆիկացիա ունենալը անկախության ու ինքնիշխանության աստիճանի հարց է»,-ասում է Սաֆարյանը:

Գայանե Մկրտչյանը Armenianow.com էլեկտրոնային պարբերականի լրագրող է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից
: (www.iwpr.net)

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 3,544

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>