Վրաստան. «կանաչները» բողոքում են օդանավակայանի կառուցման նախագծի դեմ
Բնապահպանները դեմ են Սեւ ծովի ափին տեղակայված արգելավայրի հարեւանությամբ վիճահարույց օդակայանի կառուցմանը:
Լաշա Զարգինավա, Փոթի (Կովկասյան լրատու # 523, 9-ը դեկտեմբերի, 2009թ.)
«Կանաչների» խմբերը պահանջել են Վրաստանի իշխանություններից վերանայել Փոթի քաղաքի հարեւանությամբ մեծ օդակայան կառուցելու վերաբերյալ որոշումը` նշելով, որ սա կարող էր վնաս հասցնել անգնահատելի արգելավայրին:
Օդակայանը կառուցելու ծրագրերի մասին հայտարարել էր Միխայիլ Սահակաշվիլին` օգոստոսին Փոթի կատարած այցի ժամանակ:
«Ամռանը այս օդակայանը ավելի շատ բեռներ կընդունի, քանի Բաքվի, Երեւանի եւ Թբիլիսիի օդակայանները միասին վերցրած: Սա Եվրոպային ամենամոտ գտնվող վրացական օդակայանը կլինի, որի տարածքով լայնածավալ բեռնափոխադրումներ կկատարվեն: Այստեղ մեծ օդանավերով հնարավոր կլինի չարտերային թռիչքներ իրականացնել: Այստեղից Եվրոպա հասնելու համար ընդամենը 3-4 ժամ կպահանջվի. հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ կգան», – հայտարարել էր նախագահը:
Հոկտեմբերին կառավարությունը հաստատեց նախագծի բաժմնետոմսերի 98.26 տոկոսի վաճառքը Միացյալ Արաբական Էմիրություններից մեկի`Ռաս Ալ-Խայմահի RAKIA պետական ներդրումային հիմնադրամին: «RAKIA»-n ազատ արդյունաբերական գոտի է պատրաստվում ստեղծել Վրաստանի սեւծովյան նավանահգստում` Փոթիում:
18 ամսում կառուցվելիք օդակայանի շինարարությունը դեռ չի սկսվել, սակայն կառավարությունն արդեն իսկ այլ վայրերում տարածքներ է տրամադրել այստեղ հողեր ունեցող գյուղացիներին:
Բնապահպանական խմբերը ասում են, որ այս նախագիծը կարող է կործանարար լինել «Կոլխեթի» ազգային պարկի համար, որը սահմանակցում է օդակայանին եւ որի հարուստ ճահճային տարածքում բազում թռչունների եւ կաթնասունների տեսակներ են բնակվում, որոնցից շատերը անհետացման վտանգի եզրին են գտնվում:
«Այն տարածքը, որտեղ պատրաստվում են կառուցել Հարավային Կովկասի խոշորագույն օդակայանը, պահպանվում է Ռամսարի Կոնվենցիայով:«Կոլխեթի» արգելավայրը Աֆրիկա եւ Եվրասիա մայրցամաքների թռչունների միգրացիայի հիմնական վայրն է: Օդակայանը լուրջ վնաս կհասցնի այս յուրահատուկ էկոհամակարգին. սա շրջակա միջավայրի դեմ ուղղված գլոբալ հանցագործություն է», – ասում է «Ագրոմեդիա» ակտիվիստական խմբի ղեկավար Իրակլի Աբսանձեն:
1971 թվականին Իրանի Ռամսար քաղաքում ստորագրված Կոնվենցիան պաշտպանության տակ է առնում միջազգային նշանակության ճահճային տարածքները:
«Բացի այդ, թռչուններով լի միջավայրն ուրույն վտանգ է ներկայացնում օդանավերի համար: Տնտեսական տեսանկյունից ընդհանրապես ապացուցված չէ նման մեծ օդակայանի անհրաժեշտությունը, երբ Վրաստանի արեւմուտքում եղած այլ օդակայանները` Սենակին, Բաթումին եւ Քոփիթնարին ծանրաբեռնված չեն: Իշխանություններն էլ ընդհանրապես անտեսում են հասարակական կարծիքը, քանի որ օդակայանի կառուցման դեպքում Փոթիի բնակիչներից շատերը սոցիալական եւ տրանսպորտային խնդիրների առջեւ կկանգնեն», – նշում է Աբսանձեն:
Որոշ պաշտոնյաներ կիսում են այն կարծիքը, որ օդակայանի կառուցումը կարող է բացասական ազդեցություն ունենալ ազգային պարկի վրա:
«Կոլխեթի ազգային պարկը եւ այս տարածքում եղած կուսական ճահիճները ոչ միայն Վրաստանին են պատկանում: Դրանք միջազգային նշանակություն ունեն … Օդակայանի կառուցման նախագիծն ավելի շատ ուշադրություն եւ աշխատանք է պահանջում, քանի որ խոսքը կարեւոր մանրամասների մասին է», – ասում է շրջակա միջավայրի եւ բնական պաշարների փոխնախարար Սոֆո Ախոբաձեն:
«Ինտենսիվ երթեւեկություն ունեցող օդանավակայանը կարող է ամբողջությամբ փոխել Կոլխեթիի յուրատեսակ ճահիճների պայմաններն ու շրջակա միջավայրը: Հաջորդ տարի Ռամսարի Կոնվենցիայի համագումարը տեղի է ունենալու Վրաստանում: Հույս ունեմ` մինչ այդ կունենանք այս նախագծի վերաբերյալ պատասխանները»:
Մասնագետները համակարծիք են բնապահպան ակտիվիստների հետ այն հարցում, որ նախագծի իրականացումը կարող է խիստ վնասակար լինել Վրաստանի հեղինակության համար:
«Օդակայանի գործունեության հետեւանքով արգելավայրում ձմեռող հազվագյուտ կենդանատեսակները ամբողջությամբ կվերանան: Քանի որ այս տարածքը պահպանվում է միջազգային կոնվենցիայով, չի բացառվում, որ օդակայանի շինարարությունը կարող է միջազգային սկանդալ առաջացնել», – ասում է բնապահպանության ոլորտի փորձագետ, պրոֆեսոր Անզոր Տկեբուչավան` հավելելով, որ կառուցման համար ընտրված վայրն այնքան էլ հարմար չէ, քանի որ այնտեղ եղած տորֆի շերտը մոտ10 մետր խորություն ունի:
«Նման օդանավակայանի շինարարությունն այնտեղ մի քանի անգամ ավելի թանկ կլինի, քան, օրինակ, Քութայիսիում, որտեղ արդեն իսկ այդպիսի կառույց կա», – ասում է նա:
«RAKIA» հիմնադրամի ներկայացուցիչներն առ այսօր դեռեւս ոչ մի մեկնաբանություն չեն արել օդակայանի կառուցման վերաբերյալ:
Այնուամենայնիվ, Վրաստանում մի շարք նախագծերի զարգացմամբ զբաղվող «Rakeen Developments» ընկերությունը, որը մասամբ պատկանում է «RAKIA» ընկերութանը, իր կայքում նշում է. «Rakeen-ը զբաղվում է այյնպիսի կառույցների նախագծմամբ եւ շինարարությամբ, որոնք ներդաշնակ են իրենց շրջակա միջավայրի հետ եւ որոնք որտեղ հնարավոր է` պահպանում կամ ավելի օգտակար են լինում բնական միջավայրի համար»:
Փոթիի տեղական իշխանությունները, սակայն, այն համոզմունքին են, որ բնապահպաններն անհանգստանալու հիմքեր չունեն:
«Սարսափելի ոչինչ չեմ տեսնում այստեղ: Ժամանակին այնտեղ օդակայան է եղել, եւ եթե մեծ օդանավեր թռչեն այդ տարածքով, ոչինչ էլ չի լինի: «Կոլխեթի» արգելավայրը բավականաչափ հեռու է գտնվում այդ տարածքից», – ասում է Փոթիի քաղաքապետ Իվանե Սագինաձեն:
«Օդակայանի վայրը յուրահատուկ է [Վրաստանի տարածքում], քանի որ 35 կիլոմետր շառավղով ոչ մի ուղղությամբ լեռներ չկան: Սեւ ծովի ափին տեղակայված Բաթումի օդակայանը վատն է, քանի որ այն շրջապատված է լեռներով, որոնք խանգարում են այստեղ ժամանող օդանավերին: Այս օդակայանը նաեւ թույլ կտա մեծացնել Փոթիի տարածքով իրականացվող փոխադրումների ծավալները»:
Սագինաձեի խոսքերով`ներդրողներից պահանջվող գինը ցածր էր եղել` նրանց գրավելու նպատակով:
«Անշուշտ, հողի արժեքը գերազանցում է մեկ միլիոն դոլարը, բայց այն խորհրդանշանական գնով է վաճառվել`ներդրումներ գրավելու համար: Նոր օդակայանի կառուցումը շրջանին տասնակ միլիոնների ներդրում կբերի, կստեղծվեն աշխատատեղեր, կլինեն բեռնափոխադրումներ», – հավատացնում է քաղաքապետը:
Խորհրդարանում Փոթին ներկայացնող Թեյմուրազ Ցուրցումիան նշում է, որ իշխանությունները չպետք է թույլ տան, որպեսզի բնապահպանների անհանգստությունները խանգարեն նախագծի իրականացմանը:
««Կոլխեթի» ազգային պարկի վերաբերյալ եղած սկանդալը չպետք է խոչընդոտի այս նախագծի իրականացմանը, քանի որ դրանից մարդիկ եւ աշխատատեղեր են կախված, իսկ սա եկամուտ կբերի եւ թույլ կտա պատշաճ կյանքով ապրել ոչ միայն Փոթիին, այլեւ ողջ Վրաստանին», – համոզված է նա:
«Ողջ աշխարհում երկները զարգանում են, եւ այս զարգացումը զուգակցվում է արգելավայրերի, բուսական եւ կենդանական աշխարհի հետ: Այս օդակայանի կառուցումը կապված է Փոթիում ազատ արդյունաբերական գոտու ստեղծման հետ, ինչը կարեւոր է ոչ միայն Վրաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար: Մասնագետները կանեն այն ամենը, ինչ հնարավոր է, որպեսզի այս լայնամասշտաբ նախագիծը համապատասխանի բոլորի, ներառյալ` բնապահպանների պահանջներին»:
Լաշա Զարգինավան Փոթիում լույս տեսնող «Ռեզյումե» թերթի խմբագիրն է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի www.iwpr.net «Կովկասյան լրատու» պարբերականից:
![]()










Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!