IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Շոու-բիզնես

Show-business, նորություններ և մտքեր

Home » Զբոսաշրջություն, Տարածաշրջան

Աբխազիա. զբոսաշրջության ծաղկում

Sukhumi, Abkazia separated republicՉնայած կացարանների պակասին եւ վատ սպասարկմանը` ռուսական զբոսաշրջիկները հեղեղել են անջատված շրջանը:
Անահիտ Գոգորյան, Սուխում (Կովկասյան լրատու # 521, 26-ը նոյեմբերի, 2009թ.)

Մեկ տարի առաջ Ռուսաստանի կողմից անկախ ճանաչված Աբխազիան զբոսաշրջության լավագույն տարին է անցկացնում 1993-ից ի վեր, երբ շրջանն առանձնացավ Վրաստանից` նրա ուժերի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո:
Պաշտոնական տվյալների համաձայն` այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում 88,865 զբոսաշրջիկներ (ի տարբերություն 68,905-ի 2008թ.) են հանգստացել Աբխազիայի հյուրանոցներում եւ առողջարաններում: Ճամփորդական գործակալությունների կողմից ավելի քան 700,000 ուղեւորություններ եւ էքսկուրսիաներ են կազմակերպվել հյուրերի համար, որոնց մեծամասնությունը Ռուսաստանից էին:

«Մեր այցելուները հարուստ չեն, նրանք հիմնականում միջին խավից են», – ասում է Աբխազիայի զբոսաշրջության փոխնախարար Վյաչեսլավ Բարցիցը:
Զբոսաշրջային բումին նպաստեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամը. Աբխազիայի առողջարանները շատ ավելի մատչելի են, քան Ռուսաստանի շրջաններում եղածները: Սա մեծ խթան հանդիսացավ կառավարության ֆինանսական միջոցների համար:

Աբխազիայի հարկային նախարարության տվյալների համաձայն`150 միլիոն ռուբլի (ավելի քան 5 միլիոն դոլար) է մուտք գործել բյուջե զբոսաշրջության ոլորտներից, իսկ մինչեւ տարվա ավարտը եւս 20 միլիոն դոլար է ակնկալվում ստանալ:
Իշխանությունները ներկայումս ծրագրում են զարգացնել այս բնագավառը, որը կախված է Սեւ ծովի ափամերձ շրջանների ծովափներից:
Հնարավոր է, որ այդ նպատակով հյուրանոցներ կառուցվեն հեռավոր Կոդորի լեռնային կիրճում, որը 2008-ի ռուս-վրացական պատերազմի ժամանակ Վրաստանից անցել էր Աբխազիայի վերահսկողությանը:
«Հետագայում Կոդորի կիրճը կլինի զբոսաշրջության հիմնական վայրերից մեկը: Հույս ունենք, որ դահուկային ուղին կառուցելուց եւ այլ հարմարություններ ստեղծելուց հետո այստեղ կզարգանան ձմեռային սպորտաձեւերը: Աբխազիայում բազմաթիվ հանքային աղբյուրներ կան, եւ սա հնարավորություն կտա ընդլայնել ավանդական զբոսաշրջային սեզոնը», – ասում է Բարցիցը:

Երկրի իշխանությունները նշում են, որ զբոսաշրջիկների մեծ ներհոսքի պատճառով նրանց կացարաններով ապահովելու հետ կապված խնդիրներ են ծագել: Աբխազիայում այցելուներին կարող են մոտավորապես 13,000 մահճակալներ տրամադրել, ներառյալ Սուխումում (վրացական անվանումը` Սուխումի) եւ Գուդաուտայում եղած ռուսական երեք ռազմական առողջարաններում տեղակայված 1500 մահճակալները: Հարկային նախարարության տվյալների համաձայն պետական բյուջե 6 միլիոն ռուբլի է մուտք գործել ազատ սենյակներ վարձով տվողների հաշվին:
«Այս ցուցանիշը գերազանցում է 2007 եւ 2008 թվականների ցուցանիշները միասին վերցրած», – ասում է հարկային եւ մաքսային նախարար Վախթանգ Փիփիյան:

Աբխազիայի բնակչության համար զբոսաշրջիկներին վարձով սենյակներ տրամադրելը եկամտի հիմնական աղբյուր է հանդիսանում. երկրի տնտեսությունը քայքայվել էր վերջին պատերզամի եւ Թբիլիսիի պարտությունից հետո տեղական- վրացական բնակչության զանգվածային արտագաղթի պատճառով: Աբխազիայի որոշ արեւելյան շրջանները դեռեւս նոսր են բնակեցված, եւ նույնիսկ Սուխումի կենտրոնը դեռեւս կրում է ավերված շինությունների եւ փամփուշտների հետքերի թողած սպիերը:

Մինչ այժմ միայն Վենեսուելան եւ Նիկարագուան են հետեւել Ռուսաստանի օրինակին` ճանաչելով Աբխազիայի անկախությունը: Եվ չնայած Աբխազիայի արեւելյան սահմանում ռուսական ուժերի ներկայությանն ու Վրաստանի բողոքներին, զբոսաշրջիկները համոզվել են, որ Աբխազիայում անվտանգ է հանգստանալը:
«Այն ամենը, ինչ տեղի է ունենում Աբխազիայում եւ Հարավային Օսիայում կարգավորվում է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքով, հետեւաբար` ցանկացած միջոցառում, որը հակասում է այս փաստաթղթին (ներառյալ զբոսաշրջային միջոցառումնեը) օրենքից դուրս է», – ասում է Վրաստանի խորհրդարանի Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Դավիդ Դարչիսաշվիլին:

Նման զգուշացումները, սակայն, ոչ մի նշանակություն չունեն Սուխումում բնակվող թոշակառու Ելենա Տարբայի համար: Նա մի քանի տարի է, ինչ վարձով տալիս է իր բնակարանը, եւ ասում է, որ այս տարվա պես հաջող տարի դեռ չի ունեցել:
«Ես աղոթում եմ, որ հետագայում էլ այսպես լինի: 20 հազար ռուբլի եմ աշխատել, եւ շատ երջանիկ եմ այս կապակցությամբ», – ասում է կինը:

Ռուսլան Թվանբան Սուխումում փոքրիկ հյուրանոց ունի, որտեղ 18 երկտեղանոց սենյակներից մեկն արժե 800 ռուբլի:
«Անցյալ տարվա համեմատ, այս տարի դրությունն ավելի լավ էր` չնայած հաճախորդների քանակը սովորական էր», – ասում է նա:
Գիտությունների ակադեմիայի եւ Ռազմավարական հետազոտությունների նախագահական կենտրոնի անցկացրած ուսումնասիրությունները զբոսաշրջիկների շրջանում ցույց են տալիս, որ նրանց 2/3-ից ավելին եկել է այստեղ պարզապես ծովափին հանգստանալու համար եւ միայն չնչին մասը նշեց, որ իրենց այստեղ բերել է շրջանի էկզոտիկան: Զբոսաշրջիկների համարյա երկու երրորդը նշել է, որ բավարարված է հանգստի պայմաններով, եւ միայն 1/3 –ից էլ պակասը դժգոհեց եղած պայմաններից:

Նրանք, ովքեր բավարարված չէին պայմաններով, դժգոհում էին ավերված շենքերի մեծ թվից, վատ սպասարկումից, աղտոտված փողոցներից եւ ռուս-աբխազական սահմանն անցնելու ժամանակ ունեցած խնդիրներից:
«Մենք գիտենք մեր թույլ կողմերը: Խնդիրը սպասարկման որակն է: Հյուրանոցների ղեկավարները պետք է պատասխան տան սրա համար եւ միջոցներ տրամադրեն իրենց անձնակազմին համապատասխան գիտելիքներ տրամադրելու համար: Հասկանում ենք, որ սեզոնի կարճատեւության պատճառով դժվար է մասնագետներ գտնել: Ինչ վերաբերում է սահմանն անցնելուն, սեզոնի ժամանակ այստեղ երկար հերթեր են գոյանում, ինչը հարուցել է զբոսաշրջիկների դժգոհությունը», – ասում է Բարցիցը:

«Հետագայում Ռուսաստանը միջոցներ կհատկացնի կայարան կառուցելու համար: Հույս ունենք, որ Սուխումի օդակայանը կբացվի, երկաթուղին կզարգանա»:
Վերջին մեկ տարվա ընթացքում ռուսական ներդրումների հաշվին վեց հյուրանոց է բացվել, եւ իշխանությունները նպատակ ունեն ցանկացած ժամանակ 80-100 հազար այցելու տեղավորել: Տեղական զբոսաշրջության բնագավառի փորձագետ Բեսլան Բարաթելիան, սակայն, զգուշացնում է, որ այցելուների զանգվածային ներհոսքը ամենեւին էլ չէր նշանակում, որ նրանց պարզապես շատ էր դուր գալիս Աբխազիան: Այստեղ մեծ դեր ունեցավ տնտեսական ճգնաժամը, եւ իշխանությունները չպետք է գոհանային սրանով:

«Չեմ կարծում, որ հաջորդ տարի շատ ավելի լավ կլինի, քանի որ մեր ծառայությունների որակը չի փոխվել, իսկ սպասարկումը դեռեւս վատն է: Իրականում, զբոսաշրջիկների ներհոսքը բացասական ազդեցությունը կունենա, քանի որ այն չի նպաստի բարեփոխումների իրականացմանը: Եթե մենք զբոսաշրջության երկիր ենք համարվում, ապա պետք է հասկանանք, որ արտաքին իրադրությունը կարող է մեզ ի վնաս գործել», – ասում է փորձագետը:
«Անհրաժեշտ է բարձրացնել սպասարկման որակը եւ գիտելիքներ տրամադրել ոլորտում աշխատողներին: Պետությունը պետք է հատուկ դեր ունենա այստեղ»:

Այնուամենայնիվ, չնայած Աբխազիա եկողներից ոմանք համամիտ են այն կարծիքի հետ, որ անհրաժեշտ է աշխատել ծառայությունները բարելավելու համար, շրջանը կողմակիցներ էլ է ձեռք բերել: Աբխազիա առաջին անգամ եկողները, նորից ու նորից վերադառնում են այստեղ: Օրինակ, Բրյուս Թելլին` այստեղ եկած հազվադեպ ամերիկացիներից մեկը:
Նա լսել էր Աբխազիայի մասին Ռուսաստանի հարեւան շրջանների առողջարաններում հանգստանալիս, եւ չի ափսոսում սահմանից այս կողմ ճանապարհորդություն կատարելու համար:

«Սոչիում անընդհատ խցանումներ են, իսկ այստեղ շատ գեղեցիկ է: Ես տեսա Գագրան, Ռիցա լիճը, Նովի Աֆոնը, այնտեղի քարանձավը: Այն ինձ շատ դուր եկավ, եւ ես կվերադառնամ Աբխազիա», – ասում է ամերիկացին:
Անահիտ Գոգորյանը Աբխազիայում լույս տեսնող «Չեգեմսկայա պրավդա» թերթի թղթակիցն է եւ IWPR-ի «Համակովկասյան լրագրության ցանց» նախագծի անդամ: Հոդվածի պատրաստմանը մասնակցել է նաեւ Գեորգի Կուտարաձեն Թբիլիսիից:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Bookmark and Share

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , , ,

Advertisement & web design solutions in Armenia




Մեկ կարծիք »

  • Rosa said:

    Շատ հետաքրքիր էր, մի քանի թեմա էր ներառված հոդվածի մեջ: Նախ զբոսաշրջության մասին ասեմ, որ համեմատելով հայկական զբոսաշրջության ծառայության մակարդակի հետ իհարկե չի կարելի, մեզ մոտ ամեն ինչ ավելի բարձր մակարդակի է` հատակապես գները, ինչ բնական է, որովհետև ամեն ինչ միայն բարձր խավի համար է նախատեսված: Հետևաբար զարմանալի չի, որ շատ հայեր գերադասում են վրացու և աբխազի “մունաթը”, փոխարենը մատչելի գնով վայելում են ծովը: Իսկ ինչ վերաբերվում է Աբխազիայի և Հարավային Օսիայի` կա հռետորական հարց, ինչպես եղավ աբխազները օսեթները ինքնորոշման իրավունք ունեն իսկ Ղարաբաղը պիտի պայքարի ու պայքարի..պարզապես գերտերությունների քաղաքականություն…

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>