IT & ինտերնետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և ինտերնետ:

week-end

Շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները

Ակումբային կյանք

Երևանյան ակումբային կյանք. Ակումբային նորություններ:

Երևանյան

Երևանյան գրառումներ և լուսաբանումներ:

Զբոսաշրջություն

Զբոսաշրջությունը Հայաստանում:

Home » Օրվա լուսանկարը

Վաղ ամուսնություններն անհանգստացնում են ադրբեջանական իշխանություններին




Անսկզբունքային մոլլաներին մեղադրում են դեռատի աղջիկներին ամուսնացնելու մեջ, ինչը հետագայում վնաս է հասցնում թե´ նրանց առողջությանը, թե´ կրթությանը:

Դիանա Իսաեւա, Բաքու (Կովկասյան լրատու # 518, 6-ը նոյեմբերի, 2009թ.)

early marriageԱդրբեջանի իշխանություններն այնպես են անհանգստացած անչափահաս տարիքում ամուսնացող աղջիկների քանակի վերաբերյալ, որ խորհրդարանում արդեն իսկ քննարկումներ են ընթանում ամուսնական նվազագույն տարիքը 18 տարի սահմանելու վերաբերյալ:

Կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստները պնդում են, որ կաշառված կրոնական պաշտոնյաները պատրաստ են ամուսնական ծիսակատարություններ անցկացնել այն դեպքում, երբ կինը շատ երիտասարդ է պետական ծառայության անցնելու համար՝ այսպիսով թողնելով նրան անպաշտպան, անկիրթ եւ առողջական խնդիրներ ունենալու սպառնալիքի տակ, որոնք հատկապես ցավոտ կլինեն, եթե, օրինակ ամուսինը որոշի լքել նրան:

Բայց իրենք՝ աղջիկները, ինչպես 15-ամյա Սաբինա Ագավալիեւան, ով պատրաստվում է իրենից 7 տարի մեծ տղամարդու հետ ամուսնանալ, ասում են, որ պատրաստ են նման ռիսկի դիմել եւ դպրոցը թողնել:

«Փեսացուս չի ուզում, որ ես սովորեմ: Ասում է՝ իմաստ չունի: Ես կարծում եմ, եթե ամուսինը պետք է աշխատի եւ պահի ընտանիքը, ապա կինը պետք է երեխաներին մեծացնի եւ հոգ տանի իր ամուսնու մասին», – ասում է աղջիկը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ափսոսում է դպրոցը ժամանակից շուտ թողնելու համար:

Նրա ծնողները նույնպես դեմ չեն սրան՝ ասելով, որ դժվար է լավ ամուսին գտնել:

Սակայն խորհրդարանում պնդում են, որ նման ամուսնությունները վտանգավոր են, քանի որ աղջիկը վտանգում է իր առողջությունը՝ երիտասարդ տարիքում ամուսնանալով: Եթե Սոցիալական քաղաքականության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հադի Ռաջաբլիի առաջարկած օրենսդրական փոփոխություններն ընդունվեն, ապա ամուսնական նվազագույն տարիքը նախկին 17-ի փոխարեն կսահմանվի 18 տարի:

«Կարծում եմ՝ տարիքային սահմանափակումը պետք է խստացվի, եւ սա կապված է ոչ միայն ֆիզիոլոգիական պատճառների հետ: Հասուն մայրն ընտանիքի հիմքն է: Եթե մայրն ինքը դեռ երեխա է, ապա նա չի կարող հավուր պատշաճի դաստիարակել իր երեխաներին: Խոսքը կրթության, ինչպես նաեւ հասուն կնոջ կողմից ընտանեկան հարցերը լուծելու ունակության մասին է: Ամուսնությունը նման կնոջ հետ ավելի ամուր կլինի, քան երիտասարդ եւ անփորձ աղջկա հետ», – ասում է նա:

Փորձագետները եւս այն կարծիքին են, որ վաղ ամուսնությունները վտանգավոր են աղջիկների համար: «Կանանց համերաշխություն» կազմակերպության նախագահ Ռուհանգիզ Հուսեյնովան նշում է, որ դեռատի աղջկա մարմինը դեռեւս պատրաստ չէ երեխա ունենալու կամ ակտիվ սեռական կյանք վարելու համար:

«Օրինակ՝ Ադրբեջանի հարավում գտնվող Մասալլի շրջանում 15-16 տարեկանում հղիացած 30 կանանցից միայն մեկի մոտ է ծննդաբերությունն առանց բարդությունների անցել: Մյուսները բժշկական միջամտության կարիք են ունեցել: Եղել են դեպքեր, երբ աղջիկը, սովոր չլինելով սեռական կյանքին, ծնողների տուն է վերադառնում՝ տանելով իր հետ վատ կնոջ համբավը», – ասում է նա:

Հուսեյնովան նաեւ նշում է, որ վաղ ամուսնությունների հետեւանքով` աղջիկները կիսագրագետ են մնում: Ադրբեջանա-ռուսական սահմանի մոտ գտնվող Խաչմազ քաղաքում 2.500 շրջանավարտներից մոտ 130 աղջիկ ավարտական դասարանում ընդհանրապես դպրոց չէին հաճախում, քանի որ արդեն ամուսնացած էին: «Կանանց համերաշխության» նախագահի խոսքերով՝ չնայած կրթությունը պարտադիր բնույթ է կրում, դպրոցի տնօրենը ոչ մի քայլ չէր ձեռնարկում իրադրությունը շտկելու համար:

Սակայն կազմակերպության կատարած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վաղ ամուսնությունների խնդիրը հատկապես ցայտուն է արտահայտված Իրանի սահմանի մոտ գտնվող հարավային շրջաններում:

«Այս շրջաններում մարդիկ աղքատ են, եւ աղջկան ամուսնացնելով՝ նրանք կարծում են, թե այդպիսով լուծում են նրան աջակցելու խնդիրը: Հոգեւոր առաջնորդների շրջանում տարածված կաշառակերությունը նույնպես մեծ դեր ունի այս առումով, քանի որ նրանք պատրաստ են ամուսնական ծիսակատարություն անցկացնել առանց պետական գրանցման: Մեր հետազոտությունների արդյունքների համաձայն՝ այս արարողությունն արժե մոտավորապես 500 մանաթ (625 դոլար) », – նշում է Հուսեյնովան՝ ընդգծելով, որ առանց պետական գրանցման կրոնական ծիսակատարությամբ ամուսնացած կինը կորցնում է իր ապագա երեխաների համար նախատեսված պետական աջակցության իրավունքը:

Մյուս փորձագետների կարծիքով՝ վաղ ամուսնությունները վտանգում են ոչ միայն մոր, այլեւ նրա երեխայի կյանքը: Ընտանեկան խնդիրներով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Հիջրան Հուսեյնովայի խոսքերով՝ երիտասարդ մայրերի երեխաների 90 տոկոսն առողջական խնդիրներ է ունենում:

«Ջումա» մզկիթի իմամ, հոգեւոր առաջնորդ Հաջի Սուրխայ Մամադլին ասում է, որ 2007-ին կայացած կրոնական համաժողովի ժամանակ որոշվել է, որ կազմակերպությունից կհեռացվեն բոլոր նրանք, ով ամուսնական ծիսակատարություն կանցկացնեն անչափահաս կնոջ մասնակցությամբ:

«Իսլամական օրենքում հստակ չի նշվում, թե երբ է կինը ամուսնական տարիքի հասնում: Քիթաբ ալ-Նիկահում (ամուսնության գրքում) նշվում է, որ ամուսնանալ կարող է սեռական հասունացման տարիքին հասած կինը: Սա նշանակում է, այդ տարիքը կարող է տատանվել 9-ից 14-ի արանքում: Այնուամենայնիվ, Ադրբեջանն աշխարհիկ երկիր է, որտեղ կրոնն առանձնացված է պետությունից: Եւ մենք՝ հոգեւոր գործիչներս, պետք է Ադրբեջանի Հանրապետության օրենքների շրջանակներում գործենք: Օրենքն արգելում է ամուսնանալ 17 տարեկանից ցածր տարիքում, եւ ես համաձայն եմ սրա հետ», – ասում է հոգեւոր առաջնորդը:

Մոլլաներին թույլ չի տրվում կրոնական ծիսակատարություն անցկացնել, եթե զույգը չի կարող ամուսնությանը պատրաստ լինելու վերաբերյալ իրավական ապացույցներ բերել:

«Երբ զույգերը մեզ են դիմում, մենք նախեւառաջ պահանջում ենք պետական մարմիններից ստացած ամուսնության վկայական: Եթե վկայական չունեն, մենք նրանց ամուսնությունը չենք գրանցում», – նշում է Հաջի Սուրխայը:

Սակայն երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների միության նախագահ Նաբիլ Սեյդովը նշում է, որ ոչ բոլոր հոգեւոր գործիչներն են այսքան սկզբունքային օրենքները պահպանելու հարցերում:

«Նրանք պատրաստ են խախտել օրենքը եւ ամուսնական ծիսակատարություն անցկացնել առանց անհրաժեշտ փաստաթղթերի առկայության: Ապօրինի ամուսնությունն արժե 500 մանաթ», – ասում է Սեյդովը՝ վկայակոչելով վիճակագրության տվյալներն այն մասին, թե քանի աղջիկ ավարտական դասարանում դպրոց չի հաճախել:

«Պարզ է, որ նրանք պաշտոնապես ամուսնացել են միայն կրոնական ծիսակատարության միջոցով»:

«Կանանց համերաշխության» նախագահ Հուսեյնովայի խոսքերով՝ օրենսդրական փոփոխությունները կարող են նպաստել իրադրության բարելավմանը, սակայն դա բավարար չի լինի, մինչեւ չհրապարակվի վաղ ամուսնությունների պարունակած վտանգների մասին տեղեկատվությունը:

«Մենք դեմ ենք ոչ թե ամուսնական ծիսակատարություններին, այլ՝ անչափահաս տարիքում կնքվող ամուսնություններին: Մենք կողմ ենք, որպեսզի աղջիկները դրանց հետեւանքների վերաբերյալ համապատասխան կրթություն ստանան», – ասում է Հուսեյնովան:

Դիանա Իսաեւան «Նովոստի – Ազերբայջան» լրատվական գործակալության թղթակիցն է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Bookmark and Share

Հոդվածի գրանշումներ (tags)` , , , , ,







Հոդվածի դիտումների քանակը` 1,806

Advertisement & web design solutions in Armenia

Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.

Թողեք Ձեր մեկնաբանությունն այստեղ, կամ թողեք հետադարձ հղում Ձեր վեբ-կայքից: Դուք նաև կարող եք բաժանորդագրվել մեկնաբանություններին RSS-ի միջոցով:

Խորհուրդ չենք տալիս մուքագրել գրառման հետ որևէ կապ չունեցող գրառումներ: Բոլոր մեկնաբանությունները մոդերացվում են ադմինիստրացիայի կողմից:

Դուք կարող եք օգտվել հետևյալ tag-երից`
<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>