Հայ-թուրքական «դարավոր եղբայրության» վերակագնման փորձեր…
Սիրախաղը շարունակվում է…
Թուրքերի հետ քիրվայանալու ծրագրերը շարունակվում են: Ինչ ուզում ես արա` միեւնույն է` թուրքերի հետ սիրաբանելը որոշ մարդկանց դուր է գալիս: Ամսվա մեջ գոնե մի անգամ անպայման լսում ես հայ-թուրքական համատեղ իրականացված-իրականացվելիք ինչ-որ ծրագրի մասին:
«Արաքսի ափին» վերնագրով նոր ֆիլմը հանրությանը ներկայացվեց նոյեմբերի 17-ին: Այն կիսախաղարկային, կիսավավերագրական է: Սյուժեն հետեւյալն է. հայկական եւ թուրքական ինչ-որ կազմակերպություններ նախաձեռնում են ջրամբար կառուցել Արաքս գետի շրջակայքում, ու գործի բերումով հայուհի Թամարը ընկերանում է թուրք գործընկերոջ` Արասի հետ:
Գործնական հարաբերությունների մեջ եղող այս մարդիկ ոչ թե էլեկտրոնային նամակով են իրար հետ շփվում, այլ միանգամից սկսում են չաթից: Խոսում ոչ թե իրենց կազմակերպությունների ծրագրերի մասին, այլ միմյանց ներկայացնում են, թե հայ եւ թուրք ժողովուրդներն ինչ կարծիք ունեն Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ու երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ:
Այսպիսով` կես ժամ տեւողությամբ ֆիլմում հնչում են եղբայրության բոլոր կոչերն ու թուրքերին արդարացնող կեղծ թեզերը, անդրադառնում նաեւ քաղաքական վերջին զարգացումներին: Արասի ընկերը երբ իմանում է, որ վերջինս չաթով խոսում է հայուհու հետ, ասում է. «Ձեզ մոտ ոչինչ չի ստացվի, թեեւ վերջերս տեղի ունեցավ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը: Կարեւորը երկու նախագահների հանդիպումն էր: Գիտե՞ս` հայ-թուրք ժողովուրդների մշակույթների մեջ շատ ընդհանրություններ կան…»:
Սրան ի պատասխան` Արասը հիշում է եվրոպական բաց սահմանները, երանի տալիս. «Նայիր Եվրոպային: Սահմանները բաց են: Նրանք այցելում են եւ ճանաչում են միմյանց: Նրանք մոռացել են խնդիրները, իսկ մե՞նք: Սպասիր, ես քեզ մի բան եմ ուզում ցույց տալ: Միջնադարի հայ եւ թուրք աշուղները ինչպիսի տողերով են դիմել իրար: Հայ աշուղն ասում է. «Մի մորից, մի հորից ենք ծնվել, աշխարհ եկել, եթե այդպես է, ինչի՞ց ենք մենք իրար թշնամի»: Թուրք աշուղը պատասխանում է. «Ճիշտ ասացիք, այդպես է. մեկս մի ազգ, մյուսն` ուրիշ: Կրոնը մի հանելուկ է, սակայն, ո՞վ կարող է լուծել»: Այսպիսի հուզիչ կինոնկար…
Աշուղների վերը նշված` իրականում չեղած տողերը Աստված գիտի, թե ֆիլմի սցենարիստ-ռեժիսոր Սերդար Դինլարը որտեղից է «պեղել-գտել»: Աղբյուրի վերաբերյալ, անշուշտ, կես բերան հղում էլ չի արվում (չեղած աղբյուրին ի՞նչ հղում անեն): Ընդհանրապես, նման ստեղծագործության գոյության մասին հարցին տարբեր բանասեր մասնագետներից միայն բացասական պատասխան ստացա` հորինվածք է:
Թուրքերի հանդեպ խորին բարեհաճությամբ են աշխատել հայերը: Ֆիլմի հետաքրքրական դրվագներից է այն, երբ Թամարը տեսահոլովակ է ստանում Արասից ու կանչում գրասենյակի բոլոր աշխատակիցներին` այն իր հետ դիտելու համար: Ու բոլորն էլ, սկսած ղեկավարից, հավաքվում են համակարգչի մոտ այնպիսի հետաքրքրվածությամբ` ասես Թամարի փեսացուին պիտի տեսնեն: Ընդհանուր առմամբ` տպավորություն է ստեղծվում, թե վերջը Արասին ու Թամարին մի բարձի ծերանալու ճակատագիրն է սպասվում, բայց սցենարիստները այդ հարցն այդպես էլ օդում կախված են թողնում:
Ֆիլմի կարեւորագույն մաս են կազմում այն հատվածները, որոնցում թուրք եւ հայ հասարակ քաղաքացիները կարծիք են հայտնում: Փողոցում հարցվող թուրքերը առաջին հերթին ասում են, թե հայերին չեն ճանաչում, բայց գիտեն, որ հայն ու թուրքը միմյանց նման ժողովուրդ են… Նրանք միանշանակորեն դրական կարծիք ունեն սահմանի բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ, որովհետեւ այս դարում փակ սահմանները…
Հայերը թուրքերի մասին կարծիք չեն հայտնում: Գուցե նրանք իրենց կարծիքն ասել են, բայց նկարահանող խումբը նպատակահարմար չի գտել նեղսրտելու առիթ տալ թուրք գործընկերներին: Ֆիլմում պահպանվել է միայն հայերի` սահմանը բաց տեսնելու բաղձանքը:
Եվ այս դեպքում մարդիկ կարեւորում են ոչ միայն տնտեսական, այլեւ, ոչ ավել ոչ պակաս, մշակութային, բարոյահոգեբանական գործոնները: Ներկայացնում ենք մի քանի կարծիք. «Ես ավելի շատ ոչ թե տնտեսական, այլ մշակութային գործոնը կկարեւորեի` հայ-թուրքական սահմանը վերաբացելու առումով: Հայաստանի մի կարեւորագույն ու հիմնական մասը գտնվում է Թուրքիայի տարածքում:
Դոնի ափ են մարդիկ գնում-լողանում, մենք չե՞նք կարող լողանալ Արաքսում», «Ես Մասիսը շատ եմ նկարել հարավային կողմից` չնայած չեմ տեսել: Ցանկություն ունեմ Մասիսն այն կողմից տեսնելու ու նկարելու», «Մենք նույն տարածաշրջանում ենք ապրում եւ հարաբերությունները մեր հարեւանների հետ պիտի կարգավորենք: Այս առումով` ես ողջունում եմ մեր իշխանությունների գործունեությունը, բայց շեշտում եմ` առանց նախապայմանների»:
Ու այսքանից հետո էլ ֆիլմի ռեժիսորներն ու դրա նկարահանմանը աջակցողները լիաբերան ասում են, թե այն քաղաքական նպատակներ չի հետապնդում ու կապ էլ չունի քաղաքականության հետ: Ի դեպ, նշենք, որ ֆիլմի նկարահանումը նախաձեռնել են Մարքեթինգի հայկական ասոցիացիան եւ Թուրք-հայկական գործարարական զարգացման խորհուրդը, իսկ ֆինանսական աջակցություն ցուցաբերել են Երեւանում եւ Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատները:
«Այս շրջագայության ժամանակ ես այնպիսի հաճույք ստացա` Արաքսի ափին տեսնելով մեր ժողովրդի մասունքները, մեր հնամենի քաղաքները` մի մասը կործանված, մի մասը` կանգուն: Եվ մեծ երջանկություն զգացի»,- մինչ ֆիլմի ցուցադրությունն ասաց սցենարիստ Գեւորգ Նազարյանը: Դե արի ու ավելին սպասիր մի մարդուց, ում երջանկացնում է թուրքերի վանդալիզմը` հայ կոթողների հանդեպ:
Զրուցեցի նաեւ թուրք սցենարիստ Սերդար Դինլարի հետ: Ասում են, չէ՞, թե թուրքը փոխվել է, ձեռքին էլ յաթաղան չկա, սովորական, մեզ պես մարդ է: Լրիվ համաձայն եմ: Սովորական մարդ ու սովորական լկտի-ստախոս թուրք էր: Բացատրում էր, թե թուրք բնակչության 99 տոկոսը գաղափար անգամ չունի հայ-թուրքական կոնֆլիկտի պատճառի մասին: Իսկ հայերի ու Հայաստանի մասին թուրքերը սկսել են տեղեկանալ միայն 1992 թվականից հետո:
Սակայն հայերի մասին տեղեկացնելու «ծրագրերը կառավարության կողմից հովանավորվում եւ աջակցություն են ստանում. համալսարաններում տարեկան առնվազն երկու անգամ ուսուցողական կոնֆերանսներ են կազմակերպվում»: Ըստ Դինլերի` իրենք դեռեւս կոնֆլիկտի ուսումնասիրման փուլում են:
Խնդրեցի մեկնաբանել այն փաստը, որ վերջերս Թուրքիայի կրթության նախարարությունը քարտեզ էր հրատարակել, որտեղ ՀՀ-ն ամբողջովին Թուրքիայի կազմում էր, ու հարցին, թե արդյոք այդպե՞ս են իրենց սերունդներին տեղեկացնում մեր մասին, պատասխանեց. «Ես իրականում տեղյակ չեմ դրան, բայց կարծում եմ, որ դա հաստատ նախարարի որոշումը չի եղել, առավել եւս` քաղաքական որոշում չի եղել: Գուցե այդ փոքրիկ վրիպակը տեխնիկական պատճառով է եղել»:
Եվ ի՞նչ խոսես մեկի հետ, ում ընկալմամբ` քարտեզի վրայից մի ամբողջ պետություն ջնջելն ընդամենը «փոքրիկ վրիպակ» է…
Աստղիկ Կարապետյան / ԵՐԿԻՐ օրաթերթ / Օրիգինալ հոդվածի հղումը
Հոդվածի գրանշումներ (tags)` Armenia-Turkey, անիմաստ դիվանագիտություն, Հայաստան-Թուրքիա, սահմանների բացում, քիրվայություն








Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!