խոշոր հարկատուները ավելանում են Հայաստանում
Ինչպես արդեն նկատել ենք Երևանյան գովազդային բաններներից, ԲԱՐԵՎ գովազդող «Օրանժ Արմենիա» հեռահաղորդակցության ոլորտի ներկայացուցիչը արդեն նոյեմբերի 5-ին մուտք կգործի հայկական բջջային շուկա:
«Օրանժ Արմենիա» ընկերությունն արդեն իսկ հայտնվել է Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում՝ Դ3.5 մլրդ վճարած հարկերով զբաղեցնելով 10-րդ տեղը:
Այդ գումարների մոտ 95%-ը գանձվել է մաքսային մարմինների կողմից՝ որպես ներմուծումից ավելացված արժեքի հարկ: Առայժմ պարզ չէ, թե ինչու տվյալ դեպքում չի գործել ավելացված արժեքի հարկի այն հայտնի արտոնությունը, ըստ որի՝ ներմուծվող սարքավորումների արժեքը Դ300 մլն-ը գերազանցելու դեպքում հարկի վճարումը հետաձգվում է երեք տարով: Կարծում ենք՝ «Օրանժ Արմենիան», այնուամենայնիվ, սարքավորումներ է ներմուծել, այլ ոչ թե հրուշակեղեն:
2009թ. հունվար-սեպտեմբերին վճարած հարկերի չափով խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է հեռահաղորդակցության ոլորտի մեկ այլ ընկերություն՝ «Ղ-Տելեկոմը», որը վճարել է Դ12.7 մլրդ: Համեմատության համար նշենք, որ 2008 թ. 9 ամիսների արդյունքով «Ղ-Տելեկոմը» վճարել էր Դ23.1 մլրդ:
Ընդհանրապես, ճգնաժամը տարբեր կերպ է անդրադարձել խոշոր ընկերությունների վճարած հարկերի վրա, առկա են և՛ նվազումներ, և՛ ավելացումներ:
Ցանկի երկրորդ հորիզոնականում «ԱրմենՏելն» է, որի վճարած Դ10.7 մլրդ-ը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին զիջում է մոտ 6%-ով: «ՀայՌուսգազարդը», որը 2009թ. կիսամյակի արդյունքներով Հայաստանի խոշոր հարկատուն էր, 9 ամսվա տվյալներով գտնվում է 4-րդ հորիզոնականում (Դ10.7 մլրդ):
Իսկ երրորդ հորիզոնականում «Ալեքս Գրիգն» է՝ կարագի, մանկական հյութերի, էթիլային սպիրտի և մի շարք այլ ոլորտներում գերիշխող դիրք զբաղեցնողը: Ընկերությունը վճարել է Դ10.7 մլրդ, սա այն եզակի դեպքերից է, երբ ճգնաժամային տարում ընկերությունն ավելացրել է վճարված հարկերի ծավալը մոտ մեկ երրորդով:
Խոշոր հարկատուների 5-րդ և 6-րդ հորիզոնականներում վառելիքի ներմուծման շուկայում գերիշխող դիրք գրավողներն են «Ֆլեշն» ու «Սիթի պետրոլ գրուպը» (վերջինս «Քաղպետրոլսերվիսի» իրավահաջորդն է): «Ֆլեշը» վճարել է Դ8.4 մլրդ, որը փոքր-ինչ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը (Դ7.4 մլրդ):
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» Դ4.5 մլրդ գումարով 7-րդ տեղում է: Հատկանշական է, որ ընկերությունն ավելի քիչ է վճարել 2008թ. համեմատ, սակայն ավելի բարձր տեղ է զբաղեցնում:
Սիգարետ ներմուծող «Վիդիս դիսթրիբյուշնը» (հանրահայտ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշընլի» դիստրիբյուտորը Հայաստանում) վճարել է Դ4.5 մլրդ և 8-րդ հորիզոնականում է: Նախորդ տարի «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշընլի» դիստրիբյուտորն առաջին տասնյակում ներկայացված չէր, քանի որ տեղի էր ունենում դիստրիբյուցիայի փոփոխություն:
Սիգարետային ընկերություններից մեկը, այնուամենայնիվ, այս տարի դուրս է մղվել խոշոր հարկատուների առաջին տասնյակից. դա «Գրանդ Տոբակոն» է, որը Դ2.8 մլրդ-ով իջել է 11-րդ հորիզոնական՝ նախորդ տարվա համեմատ պակաս վճարելով մոտ Դ0.8 մլրդ:
Փոխարենն առաջընթաց է գրանցել «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը»՝ 9-րդ տեղ և Դ3.8 մլրդ:
Աղբյուրը` «Կապիտալ» օրաթերթ
Հոդվածի գրանշումներ (tags)` Orange-Armenia, հարկային դաշտ, հարկատու, Օրանժ Հայաստան








Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!