Թուրքիայի ազդեցության աճը ոչ մեկին անհրաժեշտ չէ..
Վերահրապարակում ենք հոդվածը, որը հրապարակել է ԹԵՐԹ.am լրատվականը:

Հայաստանի համար շատ կարևոր է Աֆղանստան ռազմական և այլ բեռներ տեղափոխելու համար ռուսական հաղորդակցման ուղիների օգտագործման շուրջ պայմանավորվածությունը։ Այդ մասին այսօր հայտարարել է քաղաքագետ Իգոր Մուրադյանը։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ «այս կամ այն կերպ Հարավային Կովկասի կարևորությունը, որպես փոխադրող տարածաշրջանի, նվազում է»։
«Մենք ոչ մի դեր չենք խաղացել այդ գործընթացում։ Դեր են խաղացել Վրաստանն ու Ադրբեջանը»,- նշել է Մուրադյանը՝ հավելելով, որ եթե Ռուսաստանի հետ պայմանագիրն իրականացվի և կայուն զարգացում ստանա, ապա Կովկասը կվերածվի պահուստային տարբերակի։
«Այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգները միշտ փնտրել են հաղորդակցությունների այլընտրանքային ուղիներ Իրանի, արաբական աշխարհի, Հնդկական օվկիանոսի միջոցով։ Բայց ես կասեի, որ նրանք այդպես էլ չգտան»,- նշել է փորձագետը։
ԱՄՆ-ի մշտական ազդանշաններն Իրանին և Աֆղանստանում համագործակցելու կոչերը, ըստ Մուրադյանի, մեկ ուրիշ գեոքաղաքական շարան են ստեղծում։ Գործընկերների դերում հանդես են գալիս Ռուսաստանն ու Իրանը, և լուծվում է ԱՄՆ-ի համար շատ կարևոր հարցը՝ Թուրքիան։
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում Միացյալ Նահանգները փորձում են գեոռազմավարական հարաբերությունների բերումով վերադարձնել Թուրքիային մի կարգավիճակի, որը վերջինս զբաղեցրել է նախկինում և օգտագործել նրա հնարավորությունները Կենտրոնական Ասիայում իր խնդիրները լուծելու համար, նախ և առաջ՝ լուծելու հաղորդակցման ուղիների հարցը»,- նշել է քաղաքագետը՝ հավելելով, որ, սակայն, այդ հնարավորությունները սահմանափակ են, քանի որ Թուրքիան մեծամասամբ անտարբեր է Կենտրոնական և Հարավային Ասիայի նկատմամբ։
Այժմ, ըստ վերջինիս, ԱՄՆ-ի առջև ծառացած է Թուրքիային զսպելու խնդիրը, քանի որ «վերջինս մեծ հավակնություններ ունի՝ դառնալու տարածաշրջանի մակրոտերություն»։
«Այն հերթական մեծ ցատկն է անում իր գեոքաղաքական ծրագրերում, ինչն ամենևին էլ ձեռնտու չէ ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ Եվրամիությանը, ո՛չ Իրանին, ո՛չ էլ Ռուսաստանին. ոչ մեկին, այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգների համար հեշտ է իրականացնել Թուրքիային զսպելու ծրագրերը»,- եզրափակել է քաղաքագետը։
Աղբյուրը` ԹԵՐԹ.am լրատվական կայք
![]()
| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,239








Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.