Աշխարհի ամենաերկար ճոպանուղին. Հալիձոր – Տաթև
Հալիձորից դեպի Տաթևի վանքային համալիր աշխարհի ամենաերկար ճոպանուղու (այդպես են պնդում նախագծի հեղինակները) կառուցումը վստահվել է շվեյցարական «Գարավենտա» ընկերությանը:
Պայմանագրի ստորագրումը տեղի ունեցավ երեկ՝ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ճոպանուղում կառուցման բաղադրիչի ղեկավար Արտաշես Կազախեցյանի և «Գարավետա» ընկերության վաճառքների գծով փոխնախագահ Փիթեր Բաումանի միջև:
Ճոպանուղու կառուցման արժեքը €6.8 մլն է, այն $20 մլն արժողությամբ «Տաթևի վերածնունդ և վերակառուցում» եռամյա ծրագրի մասն է: Ծրագրով նախատեսվում է նաև հյուրանոցի կառուցում Հալիձոր գյուղում, վանքային համալիրի վերանորոգում, ուսումնական կենտրոնի կառուցում:
Ծրագրի իրականացման համար պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվելու. հիմնական հովանավորը Ռուբեն և Վերոնիկա Վարդանյաններն են: Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը ռուսական «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է և հիմնական բաժնետերը:
Ճոպանուղու երկարությունը լինելու է 5.7 կմ: Այն թույլ կտա Հալիձորից վանք հասնել 10 րոպեում: Ճոպանուղու մեկ վագոնը կարող է փոխադրել 25 մարդ, երթուղու պարբերականությունը՝ 10 րոպեն մեկ անգամ:
Աղբյուրը` CDaily.am
![]()
Թողեք Ձեր մեկնաբանությունը՝
Հոդվածի դիտումների քանակը` 18,953


