Երբ չունես սեփական խղճուկ պատմություն գոնե…
Հուլիսի 21-ի Panorama.am-ի համարում հոդված է հրապարակվել. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԱՍԱԳԻՐՔ. «ԹԲԻԼԻՍԻՆ ՎՐԱՑԻՆԵՐԸ ԽԼԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՑ»… Այստեղ անդրադարձ է կատարվում Վրաստանի տեսանկյունից Ադրբեջանական այսպես ասած «դասագրքերին»:
Ներկայացնում եմ հոդվածն ամբողջությամբ` առանց մեկնաբանությունների.
Վրացական «Քվիրիս պալիտրա» (հայերեն` «Շաբաթվա ներկապնակ») թերթը հուլիսի 20-26-ի թիվ 029 համարում անդրադարձ է կատարելու Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների խնդրին և, մասնավորապես, փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթության կազմակերպմանը:
Հրապարակման մեջ թերթը մտահոգություն է բարձրացնում հատկապես այն առնչությամբ, որ Վրաստանում հայ և ադրբեջանական համայնքների կրթօջախների համար դասագրքերի չհրապարակման արդյունքում, դրանք նվիրատվության ձևով ստացվում են Հայաստանից ու Ադրբեջանից: Ըստ թերթի, իշխանություններն այս հարցում վտանգավոր անգործություն են դրսևորում, քանի որ ադրբեջանական ծագման դասագրքերը պառակտիչ բովանդակություն ունեն և աղճատում են տարածաշրջանի պատմությունը:
Ըստ թերթի, մասնավորապես, 8-րդ դասարանի համար նախատեսված ադրբեջանական պատմության դասարքում գրված է. «Վրացի և հայ ֆեոդալները Բյուզանդիայի օգնությամբ խաչակրաց արշավանքներ են սկսել թուրք-սելջուկների դեմ: Պայքարի նպատակով նրանք դաշինք են կնքել խաչակիրների հետ: Այդպիսով նրանք փորձել են մահմեդական գործոնը դուրս մղել Կովկասից ու տիրանալ ադրբեջանական հողերին: 1120 թվականին Դավիթ IV-ը հարձակվեց Շիրվանի վրա, նա ավերեց Գաբալա քաղաքն ու նրա մերձակայքը, հավաքեց ադրբեջանական հարստությունն ու հեռացավ, 1122 թվականին Թբիլիսին անցավ վրացիների ձեռքը»:
Այս առնչությամբ թերթին մեկնաբանություններ է տվել պատմաբան Ջաբա Սամուշիան: Պրոֆեսորի գնահատականը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Պատմության այդ դասագրքերից ես ոչինչ չհասկացա: Ի՞նչ են գրում, ի՞նչ են ուզում նրանք ասել` ինձ համար հանելուկ է: Ադրբեջանը որպես պետություն, այն ժամանակ ընդհանարպես գոյություն չի ունեցել: Դասագրքում ներկայացված են Իրանի, մահմեդական էմիրությունների, Աղվանքի, Շիրվանի և, մասամբ, Վրաստանի պատմությունները: Եվ այդ ամենը հարմարեցված է որպես Ադրբեջանի պատմություն:
Զուտ գիտական տեսանկյունից դասագիրքը որևէ քննադատության չի ենթարկվում: Դա բացարձակապես քաղաքականացված դասագիրք է` պատմագիտության հետ որևէ առնչություն չունեցող: Հիշեցնեմ մեկ փաստ. 1919 թվականին Փարիզի կոնֆերանսում, որտեղ ճշտվում էին նոր ձևավորված պետությունների սահմանները (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան), ադրբեջանական կողմը պահանջում էր ամբողջ Քվեմո Քրթլին, Մեսխեթիի մի մասն ու Աջարիան մտցնել Ադրբեջանի կազմի մեջ ու ճանաչել այդ սահմաններով:
…Յոթերորդ դասարանի դասագրքում միջին դարերի պատմությունն ու Աքեմենյանների ու Սասանյանների տիրապետության ժամանակաշրջանը հայտարարված է Ադրբեջանի պատմություն:
Նրանց դասագրքով Թբիլիսին ադրբեջանական քաղաք է. «Թիֆլիսը Արանի (այսօրվա Ադրբեջանի տարածքներից մեկն է) քաղաքներից էր: Չնայած այն ավելի փոքր էր, քան Բարդն ու Դերբենտը, սակայն ծաղկուն ու հարուստ քաղաք էր»: Այս գլխում Բարդի, Դերբենտի, Բաքվի, Շամախիի ու Թբիլիսիի օրինակով երեխաներին սովորեցնում են, թե ինչպիսին են եղել քաղաքները միջին դարերում:
Ընդ որում` այսօրվա Ադրբեջանը Հյուսիսային Իրանի տարածքում գտնվող երկրամաս է` պատմական Ատրպատականը, որը մտել է Իրանի կազմի մեջ…
Ինչպե՞ս կարելի է այդ դասագրքերով ուսում տալ Վրաստանի դպրոցներում: Դրանցով չարժե նույնիսկ Ադրբեջանում սովորել: Այսպիսի պատմական շանտաժի դեմ պետք է դիվանագիտական մակարդակով բողոքել: Ըստ այդմ ստացվում է, որ վրացիները կեղեքիչներ են, ովքեր Թբիլիսին խլել են ադրբեջանցիներից, որ վրացիների պատժիչ ջոկատները թալանել են խեղճ ադրբեջանցիներին ու նրանց մինարեթներից կախել: Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգային ատելության սերմանում: Այդ դասագրքերով դաստիարակված երեխաների աչքում վրացիներն ատելի ագրեսորներ են…»:
Ասվածին ավելացնելու ոչինչ չունենք: Տեղեկացնենք, որ ադրբեջանական այդ նույն դասագրքերով երեխաներին սովորեցնում են, որ հայերը միայն 19-րդ դարում են հայտնվել Կովկասում (բայց միևնույն ժամանակ որևէ բացատրություն չի տրվում, թե այդ դեպքում ինչպե՞ս էին 12-րդ դարում պատերազմում մահմեդականների դեմ):
Ավելին, վերջերս Ադրբեջանում մի ամբողջ մենագրություն է տպագրվել այն մասին, թե ինչպես են իրենք ապստամբել Հռոմեական կայսրության դեմ (համաշխարհային պատմագիտությանը նման փաստ հայտնի չէ), ընդ որում, հարկ են համարել ծիծաղելու աստիճան աղճատել պատմական քարտեզները (դրանց վրա «Ադրբեջան» է նկարվում ողջ Առաջավոր Ասիայի վրա):
![]()
| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 2,456









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.