Ղարաբաղին «ինչ-որ» կարգավիճակ են շնորհում ազերները…
Ռուսական ВЕСТИ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Ռուսաստանի դերի մասին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
Ստորև ներկայացված է հարցազրույցի մանրամասները` հրապարակված ԹԵՐԹ.am-ում:
«Մենք տեսնում ենք, թե որքան արդյունավետ է դարձել Ռուսաստանի՝ որպես միջնորդներից մեկի դերը Ղարաբաղյան հակամարտության հարցում։ Դա և Մոսկվայում Հռչակագրի ստորագրումն է, որը որոշում է լուծման ուղիները և հիմնվում միջազգային իրավունքի սկզբունքների և միջազգային կազմակերպությունների որոշումների վրա, դա և Ռուսաստանի կողմից Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների կազմակերպումն է։ Վերջերս մենք կրկին առաջարակ ստացանք հանդիպել Ռուսաստանում։ Նախորդ հանդիպումը նույնպես արդյունավետ էր։ Մենք տեսնում ենք Ռուսաստանի անկեղծ ցանկությունը օգնել կողմերին գալ համաձայնության։ Կան որոշակի արդյունքներ. չնայած բանակացային գործընթացը բարդ է, բայց մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ»,- հայտարարել է Ալիևը։
Լրագրողի այն հարցին, թե ինչ կարող է որպես ուղեցույց ծառայել հարաբերությունների բարելավման համար, Ալիևը պատասխանել է, որ ադրբեջանական կողմը հասկանում է բոլոր նրանց մտավախությունները, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում։
«Մենք հասկանում ենք նրանց մտավախությունը, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում։ Մենք պատրաստ ենք դիտարկել ցամաքային կապի հարցը, որպեսզի այն հուսալի լինի և չառաջացնի անհանգստություններ։ Մենք ըմբռնումով ենք մոտենում հակառակ կողմի անհանգստություններին։ Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, դա ապագայի հարց է, և այն առաջարկներում, որոնք մենք քննարկում, ընդունում և համաձայնեցնում ենք, կարգավիճակի հարցը դրված չէ։
Մենք, բնականաբար, չենք տեսնում Լեռնային Ղարաբաղի՝ որպես ինքնուրույն պետության գոյության հնարավորությունը, Ադրբեջանը դրան երբեք չի համաձայնվի, և հայկական կողմը դա հասկանում է։ Միաժամանակ հայկական կողմը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում ինքնավարության մակարդակը պետք է պահպանվի։ Խորհրդային ժամանակներում գոյություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջան, որի բյուրոյի 9-հոգանոց կազմում մեկը ադրբեջանցի էր, մյուսները՝ հայեր։ Այն հիմնականում կառավարվում էր Մոսկվայի միջոցով, սակայն դա խորհրդային ժամանակաշրջանի իրականություն էր։ Դիտարկելով այդ տարածքների ապագա գոյության ուղիները՝ մենք չպետք է չափազանց առաջ անցնենք։ Այսօր մենք պետք է վերացնենք հակամարտության արդյունքները, ապահովենք բոլոր ազգերի քաղաքացիների անվտանգությունը, բացենք հաղորդակցման ուղիները. այնուհետև կարող է համերաշխություն լինել։
Չէ՞ որ ադրբեջանցիներն ու հայերն ապրել են Ադրբեջանում և Հայաստանում, և ոչ մի լուրջ խնդիր չի եղել։ Համերաշխությունը պետք է լինի, մենք չենք կարող մշտապես ապրել պատերազմի պայմաններում, և մենք պատերազմ չենք ցանկանում, չնայած և ավելացնում ենք ռազմական ներուժը, սակայն դա նրա արդյունք է, որ 15 տարվա զինադադարից հետո մենք կարգավորման չենք եկել»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Կրկին անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակին՝ Ալիևը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը «ինչ-որ կարգավիճակ կունենա»։ Նրա խոսքերով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներում ևս խոսք կա «Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս «գրավյալ տարածքներից» զորքերի փուլային դուրսբերման մասին»։
«Համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո առաջին փուլում կսկսվի զորքերի դուրսբերումը հինգ շրջաններից, երկու շրջաններից, որոնք, կարծես, գտնվում են Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև՝ Քելբաջարից և Լաչինից, զորքերի դուրսբերումն ակնկալվում է համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց։ Մենք կարծում ենք, որ դա փոխզիջումային ժամկետ է»,- եզրափակել է Ալիևը։
Նյութի աղբյուրը` ԹԵՐԹ.am
![]()
| Tweet |
Հոդվածի դիտումների քանակը` 1,934









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը.