Wal Mart-ը Հայաստանում
Հայաստանի մանրածախ առևտրի ոլորտի խոշորագույն ներկայացուցիչը` «Սթար» ընկերությունը ձեռնամուխ է եղել միջազգային չափանիշների հիման վրա բիզնեսի լայնածավալ վերակազմակերպմանը:
Ըստ «Սթարի» գործադիր տնօրեն Վահան Քերոբյանի՝ իրենց օգնելու են աշխարհի խոշորագույն մանրածախ ցանցի՝ Wal-Mart ընկերության մասնագետները, որոնք մեկ տարվա ընթացքում կաշխատեն «Սթար» ցանցում՝ արևմտյան չափանիշների և դրանց համապատասխանող ընթացակարգերի ներդրման վրա:
Վերակազմակերպման նախագծին աջակցում է «Սթար» ընկերության խոշոր բաժնետերերից մեկը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը:
Նախագիծը ենթադրում է բիզնես-գործընթացների, մատակարարների և ցանցի անձնակազմի նկատմամբ պահանջների էական խստացում:
«Խանութների աշխատակիցներին կներկայացվեն աշխատանքի նոր գործիքներ, ինչից, վերջնական արդյունքում, կշահի գնորդը»,- ասել է «Սթարի» գործառնությունների գծով տնօրեն Լևոն Սողոմոնյանը:
Վերակազմակերպման նախագծի շրջանակում նախատեսվում է նաև սուպերմարկետների ցանցի աշխատանքի օպտիմալացում: Մասնավորապես, հուլիսի 1-ից «Սթարի» 7 սուպերմարկետներ, որոնք գործում են առավելապես մայրաքաղաքի արվարձաններում, կաշխատեն ոչ թե շուրջօրյա, այլ առավոտյան ժամը 8:30-ից մինչև գիշերվա 1:00-ն:
«Դա ցանցի աշխատանքի կատարելագործմանն ու օպտիմալացմանը նպատակաուղղված առաջին քայլերից է: Ինչպես վկայում է համաշխարհային փորձը, աշխատանքի շուրջօրյա ռեժիմը բնորոշ և արդյունավետ է ոչ թե արվարձաններում, այլ քաղաքի կենտրոնում գործող խանութների համար»,- ասել է Լ. Սողոմոնյանը:
«Սթարի» մարկետինգի գծով տնօրեն Նարինե Ավետիսյանն ընկերության վերակազմակերպումը բացատրում է մանրածախ առևտրի շուկայում սրընթաց աճող մրցակցությամբ:
Աղբյուրը` Կապիտալ օրաթերթ
Հոդվածի գրանշումներ (tags)` սթար, սուպերմարկետ








Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!