Ռուսական վարկի հետևանքների քննարկում
Սովորաբար, խոսելով օտարերկրյա խոշոր վարկերի մասին՝ մարդիկ առաջին հերթին քննարկում են դրանց վերադարձելիության հնարավորության հարցը:
ԱՄՀ գնահատականներով՝ եթե արտաքին պարտքը չի գերազանցում ՀՆԱ-ի 50%-ը, ապա այն միանգամայն կառավարելի է: Նույն ԱՄՀ-ի տվյալներով՝ Հայաստանի արտաքին պարտքը 2011թ. կարող է հասնել ՀՆԱ-ի 46%-ին, ինչը «կառավարելի մակարդակ» է:
Սակայն շատ ավելի կարևոր է, թե ինչպես է օգտագործվելու օտարերկրյա վարկը:
Մենք ունենք վարկային ռեսուրսների անարդյունավետ ծախսման բազմաթիվ օրինակներ:
Եթե Ռուսաստանից ու միջազգային կազմակերպություններից ստացված վարկերը ծառայեն իրենց նպատակներին, ապա տնտեսական աճը, հետևաբար, պետեկամուտների հավաքագրելիության աստիճանի բարձրացումը կփոխհատուցի վարկերի չափի հետ կապված ռիսկերը:
Կառավարությունն անցյալ շաբաթ կարևոր որոշումներ ընդունեց տնտեսության ակտիվացման նպատակով վարկային ռեսուրսների բաշխման մասին: Ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ:
Նախ, ուշադրություն է հրավիրում վարկային ռեսուրսի բաշխման մեխանիզմը՝ այն օգտագործվելու է վարկի տեսքով, մի փոքր ավելի բարձր տոկոսադրույքով, քան ստացվել է Ռուսաստանից:
Հիշեցնենք, որ Ռուսաստանից վարկն ստացվել է Libor+3 տոկոսադրույքով, որը ներկայում համարժեք է 4%-ին, իսկ ռեսուրսները բանկերին բաշխվում են 7%-ով:
Այդպիսով, կառավարությունը մասամբ իրեն ապահովագրել է վարկի վերադարձման հետ կապված ռիսկերից և, նույնիսկ, որոշակի շահույթ կձևավորի: Սակայն նշենք, որ վարկի մի մասն օգտագործվելու է աղետի գոտում շինարարական աշխատանքները ֆինանսավորելու նպատակով:
Բանկային համակարգին և վարկային կազմակերպություններին 2009թ. հատկացվելու է Դ60.5 մլրդ ($168 մլն): Եթե հաշվի առնենք, որ բանկային համակարգի վարկային ներդրումների ծավալը մայիսի 1-ի դրությամբ կազմել է Դ627 մլրդ, ապա կառավարության ներարկումները միայն 2009թ. համար կապահովեն վարկային ներդրումների մոտ 10% աճ, ինչը բավական լուրջ ցուցանիշ է:
Սակայն խնդիրն այն է, որ հայկական բանկերը առանց այն էլ ռեսուրսների պակաս չունեն, համենայնդեպս՝ վարկային գործարքների կրճատումը պայմանավորված է ոչ այնքան ռեսուրսների պակասով, որքան ռիսկերից ապահովագրվելու ցանկությամբ:
Չի բացառվում, որ կառավարության առաջարկած էժան վարկերի զգալի մասն այդպես էլ բանկերի կողմից չգնվի, եթե նրանք շարունակեն իրենց գերզգուշավոր քաղաքականությունը: Այդ դեպքում ռուսական վարկը պարզապես քնած կմնա ԿԲ հաշվի վրա, առանց դույզն-ինչ տնտեսությանը օգուտ տալու:
Աչքի է զարնում այն, որ ռուսական վարկի գերակշիռ մասն ուղղորդվում է փոքր և միջին բիզնեսի վարկավորման ավելացմանը: Տարբեր խողովակներով (առևտրային բանկեր, հատուկ հիմնադրամ և այլն) փոքր և միջին բիզնեսին 2009թ. երրորդ եռամսյակից կուղղվի Դ28.6 մլրդ (կամ մոտ $80 մլն), մի քիչ ավելի շատ, քան համակարգաստեղծ խոշոր ընկերություններին՝ Դ23.1 մլրդ կամ $64 մլն:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոքր բիզնեսի վարկավորման մի մասն իրականացնելու է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը, կարելի է եզրակացնել, որ փոքր բիզնեսը համեմատաբար շահեկան վիճակում է:
Խոշոր բիզնեսին վարկերը պետք է հատկացվեն կառավարության որոշումների հիման վրա:
Նախորդ շաբաթ բախտը ժպտաց լեռնահանքային ոլորտի մի քանի ընկերությունների: Սակայն այստեղ ամեն ինչ չէ, որ հստակ է: Օրինակ, ո՞ր ձեռնարկություններին կարելի է համարել համակարգաստեղծ, որքանո՞վ է «Զանգեզուր Մայնինգն» այդպիսին:
Համակարգաստեղծ են այն ձեռնարկությունները, որոնց աշխատանքի արդյունքում մի քանի տասնյակ կամ հարյուր այլ ձեռնարկություն ապահովվում է պատվերներով կամ աշխատանքով: «Զանգեզուր Մայնինգը», ըստ մեր տեղեկությունների, սեփական արտադրական համալիր չունի, այն մեկ այլ, իսկապես համակարգաստեղծ ձեռնարկությունից՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատից պատվիրառու կազմակերպություն է:
Կառավարությունը պետք է հստակեցնի, թե որոնց է համարում համակարգաստեղծ, կամ փոխի վարկառու կազմակերպությունների սահմանումը:
Շատ կարևոր է, որ ռուսական վարկից կարողանա օգտվել ոչ միայն բիզնեսը, այլև ՀՀ ցանկացած քաղաքացի:
Այսպես, կառավարությունը պատրաստ է վարկավորել առևտրային բանկերին՝ սպառողական վարկեր կամ ավտովարկեր տրամադրելու համար: Սրանք վարկավորման ուղղություններ են, որոնցից բանկերի մեծ մասն արդեն երկար ժամանակ է՝ հրաժարվել է:
Զգալի ռեսուրսներ են ուղղորդվելու հիպոթեկային շուկա՝ Դ12 մլրդ կամ մոտ $33 մլն: Վերջին տվյալով (մայիսի 1-ի դրությամբ) առևտրային բանկերի հիպոթեկային պորտֆելը կազմում է Դ83.6 մլրդ (մոտ $230 մլն), որի 70%-ը տրամադրված է դրամով: Այսինքն՝ կառավարությունը բավական զգալի ներարկում է կատարում հիպոթեկային շուկա:
Հաշվի առնելով նաև շինարարական կազմակերպություններին տրամադրվող երաշխիքները՝ կարելի է համարձակ ասել, որ շինարարական ոլորտը և անշարժ գույքի շուկան առաջիկայում կրկին կաշխուժանան:
Աղբյուրը` Կապիտակ օրաթերթ, 30 հունիսի, 2009թ.
![]()









Թողեք Ձեր կարծիքը կամ մեկնաբանությունը!